ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԵՇՏ` ԹՇՎԱՌ ՈՒ ՏԱՊԱԼՎԱԾ


 

Նոյեմբերի 26-ին և 27-ին շատ հայաստանցիների ուշադրությունը սևեռված էր Հանրայինի «Ազատ գոտի» հաղորդաշարի հերթական հաղորդումներին, որոնց խնդիրն էր խոսակցություն ծավալել մտավորականության մասին, պատասխան գտնել այն հարցին, թե ո՞վ է մտավորականը: Հատկապես վերջերս մեզանում շատ է խոսվում մտավորականության կեցվածքի, հանրության առջև ունեցած նրա դերի մասին, ուստի երկու հաղորդումն էլ անպայմանորեն հետաքրքրել էին շատերին:

Բայց... առաջին հաղորդման հենց առաջին րոպեներից պարզ դարձավ, որ հաղորդման հեղինակները և վարող Էրիկ Անթառանյանը բնավ էլ մտադրություն չէին ունեցել կամ չկարողացան կազմակերպել առողջ ու հետաքրքիր բանավեճ: Ստացվեց կատարյալ բալագան` այսպես ձևավորելով հեռուստատեսային «աքլորակռիվը», որն ամեն րոպե նոր գունավորումներ էր ստանում և բացահայտում հաղորդման հեղինակների թաքուստված մտադրությունները: Տաղավար հրավիրելով ոմն Գոռ Թամազյանի, որը, ինչպես հետո իմացանք, «Մեկ ազգ» հրեամասոնական հովերով ապրող կազմակերպության անդամ է, Էրիկ Անթառանյանը նրան դրդեց մի խոսակցության, որը զատվելով մտավորականությանը բնութագրող խնդիրներից, անմիջապես ընթացավ դեպի ազգային բարոյականության կեղծ դրույթներն ու ըմբռնումները` ի վերջո բացահայտելով հաղորդման «գլխավոր ինտրիգը»: Քիչ անց տաղավարում բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հայտնությունը հուշեց, որ հղացված էր մի զազրելի սցենար` խայտառակելու և այպանելու հայ մտավորականությանը, մասնավորաբար բանաստեղծին:

Այս տպավորությունն առավել ամրապնդվեց, երբ խոսակցությանը միացավ գրականագետ Աբգար Ափինյանը, ով մտավորականության մասին եկել էր խոսելու` ձեռքին ունենալով Արտեմ Հարությունյանի գիրքը` այսպես կոչված «սեռաբանական» արտահայտությունների ընդգծումներով: Եվ խոսակցությունն արդեն ընթացավ կեղծ արժեքների, գրականության մեջ սեռական խնդիրների ու տեսարանների բաց պատկերումների, պոռնոգրաֆիայի և էրոտիկի շուրջ` այս խոսակցությանը մասնակից դարձնելով անգամ 16-ամյա մի պատանու, ով դաս էր տալիս հայ գրողներին, խոսում ցիցերոնյան պաթոսով` շոշափելով իր տարիքին ոչ համահունչ թեմաներ:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը փորձեց հակահարված տալ կեղծ բարոյականության ջատագովներին, մեջբերել Նահապետ Քուչակին` սիրո բարձր զգացմունքը դիտարկելով իր հրապուրիչ մերկության ու շքեղության մեջ: Անտարակույս, Պարույր Հայրիկյանն էլ զատվեց հաղորդումը վարողից ու նրա յուրատեսակ ձայնափողը դարձած Գոռ Թամազյանից, տվեց մտավորականության ճշգրիտ բնութագիրը: Սակայն հաղորդումն այնքան քստմնելի և այնքան գետնաքարշ էր, որ Արմեն Մազմանյանի և Պարույր Հայրիկյանի ճշմարիտ դատողությունները կորան աղմուկի ու բողազպատռոցի մեջ` տապալելով «մտահղացման» հեղինակներին: Հաղորդման հեղինակները կամեցել էին ծիծաղելի վիճակի մեջ դնել հայ մտավորականւթյանը, ծաղրել ու այպանել Արտեմ Հարությունյանի պոեզիան: Սակայն իրենք հայտնվեցին աննախանձելի վիճակում` ապացուցելով, որ անգամ դիտարժան հաղորդում պատրաստելու ունակ չեն, ունակ չեն բանավեճը դարձնելու հեռուստատեսային մշակույթի տարրերից մեկը:

Գուցե անդրադարձ չլիներ շատերի դժգոհությունը հարուցած այս հաղորդմանը, եթե ազնիվ լիներ նրա հեղինակների մտադրությունը, եթե նրանք չկամենային Հանրայինի եթերից անձնական հարցեր լուծել: Մտավորականությանն այսօր չի կարելի վերաբերվել այնպես, ինչպես ցանկացել էին հաղորդման հեղինակները, չի կարելի ազգային մտավորականության խնդիրները քննարկել բալագանային անլրջությամբ ու հեգնանքով` իբրև թե հետաքրքիր ու ազատ հաղորդում ունենալու համար:

Լ.Մ.