$ 4 միլիոն` տեսողության դիմաց 


 

Թե մարդն ինչո՞ւ է իր տանը կապիկ պահում` երևի կապկատերերն էլ դժվարանան պատասխանել: Որքան էլ մարդանման, միևնույն է` կապիկը գազան է, այլ ոչ թե ընտանի կենդանի: Երևի ոչ մի երկրում չեն էլ մտածել` օրենքով արգելել դարվինյան մարդու «նախահորը» տանը պահել: Եվ Թրևիս շիմպանզեն իր գազանությունը ցուցաբերել է` հարձակվելով ամերիկուհի Չառլա Նեշի վրա` տեսողությունից և 2 ձեռքերից զրկելով նրան:

Ողբերգական այս միջադեպը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Ստեմֆորդ քաղաքում: Նեշը հյուր է գնացել ընկերուհուն, ով տանը 80 կիլոգրամանոց կապիկ էր պահում: Մարդակերպ գազանն անսպասելիորեն հարձակվել է հյուրի վրա ու գազազած` կծոտել ու ճանկռել նրան: Արդյունքում` ձեռքերը կորցնելուց ու կուրանալուց բացի, կինը մի շարք պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել: Դեպքի վայր հասած ոստիկանները նույնպես դուր չեն եկել Թրևիսին. սա սկսել է կոտրտել նրանց ավտոմեքենան: Կապիկին վնասազերծելու այլ հնար չգտնելով` օրինապահները հրազենով սպանել են նրան: Դրանից հետո ափսոսանքի թառանչներ են հնչեցրել լրատվամիջոցները` գրելով, որ Թրևիսը չափազանց դաստիարակված կապիկ է եղել. նա սովորել էր օգտվել զուգարանից, լվացվել ու ատամները մաքրել: Գազանը սնվում էր ընտանիքի հետ` նույն սեղանից, կարողանում էր համակարգիչով նկարներ նայել և կարողանում էր միացնել հեռուստացույցը:

Հաշմված Նեշի հարազատները դատարան են դիմել, բայց մինչ հայցի քննությունը` կապիկի տիրուհին նույնպես մահացել էր: Եվ դատարանը վճռել է վաճառել հանգուցյալի ունեցվածքը` ներառյալ տունն ու ավտոմեքենան և գոյացած գումարը գանձել հօգուտ տուժողի:

Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել` հասնելով մինչև բարձր ատյաններ: Եվ Միացյալ Նահանգների Կոնգրեսն օրենք է ընդունել, որով այսուհետ արգելվում է տնային պայմաններում պրիմատներ պահել: