ԿՐԹԱԿԱՆ ԹՆՋՈՒԿՆԵՐ


Վերջին տարիներին մեզանում ոչ այնքան առողջ մի հոգեբանություն է ձևավորվել և հատկապես կրթության բնագավառում: Օպտիմալացում հորջորջվող անհեթեթությունը դուրս է մղում վաստակ ու հմտություն ունեցող մանկավարժներին: Երիտասարդների համար, ինչ խոսք, պետք է ճանապարհ հարթել, բայց փորձի պակասը դասագրքային սերտումներով չես լրացնի: Գրեթե անսահմանափակ են տնօրենների լիազորությունները, և տիրում է ինքնիշխանությունը. խիստ կամայականորեն սեփական նախասիրություն ներով են կողմնորոշվում: Ամեն գարուն բնության հետ արթնանում է աշխատանքից զրկվելու վտանգը: Կարող է տարօրինակ հնչել, բայց աշխատավարձի բարձրացումն էլ առանձնապես չի ոգևորում ուսուցիչներին, քանի որ այդ մասին յուրաքանչյուր խոստումից հետո նոր խուճապ է սկսվում մանկավարժների շրջանում: Եվ ինչպես նրանք են ասում. «Դա հերթական կրճատումների նախանվագն է»: Արդյո՞ք մի խմբին գործազուրկ դարձնելու հաշվին մյուսի աշխատավարձը բարձրացնելը համընդհանուր բարեփոխում կարելի է անվանել: Ավելին. օպտիմալացումից փրկված մանկավարժների քանի՞ տոկոսի դրույքաչափն է ապահովվում: Ուսուցիչը պետք է կարողանա իր իրավունքը պաշտպանել, սակայն մեր օրենսդրությունը կարծես թե տարընթերցումների տեղիք է տալիս: Իսկ փոխհարաբերություններում հաղթում է ուժեղը: Իր համար անցանկալի ուսուցչին ամենակարող տնօրենը կարող է ասել` «աշակերտ չունեմ»: Եվ կամ 30 և ավելի աշակերտներով ծանրաբեռ դասարաններում արդյո՞ք ուսման որակի բարձրացման հույսեր կարելի է կապել: Մանավանդ մեր օրերում դպրոցականները 90-ականների ճգնաժամային տարիներին ծնվածներն են. ասել է թե` աշակերտների քանակն օբյեկտիվորեն նվազել է: Ամենաթողության ամենացայտուն արտահայտությունը, թերևս, դրամահավաքն է: Մի՞թե իսպառ վերացված է «ֆոնդ» կոչվածի համար դրամաշորթումը (ասողներ կան` լավագույն դեպքում հավաքվող գումարի չափն է պակասել): Որևէ մեկը հաշվե՞լ է, թե ինչպես են օգտագործվել այդ գումարները. այն պարագայում, երբ պետբյուջեից պատկառելի գումարներ են տրամադրվում դպրոցներին: Կամ, իբր դպրոցների կարիքների համար հավաքվող գումարների իրական հասցեատերերից պատասխանատվության ենթարկվե՞ց որևիցե մեկը: Հազիվ թե առանց տնօրենի գիտության ուսուցիչը գումար հավաքի: Մեր թերթն էլ բազմիցս անդրադարձել է տնօրենների չարաշահումներին, ինքնաթողությանը, ընդհուպ մինչև` արտերկրում բնակություն հաստատած և օտարերկրյա գրանցում ստացած պատանին Երևանի թիվ 175 դպրոցից ստացել էր ավարտական ատեստատ: Սրանք հարցեր են, որ կրթական համակարգի բարեփոխումներով մտահոգ մարդկանց հավասարաչափ պետք է հետաքրքրեն: Բայց մեզանում մտահոգությունը դեռևս գործնական բնույթ չի ստանում: Զորօրինակ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում եղած տհաճ խմորումներն ու դրանց աղմկահարույց հետևանքները: Ընդհանրապես, կոլեկտիվ հասկացողության անփոխարինելի բաղադրիչներից մեկը համերաշխությունն է և դրա բացակայության պարագայում` էապես չկա կոլեկտիվ: Իսկ անառողջ իր աշխատակազմով ամենաբարձրակարգ համարվող կրթօջախն անգամ չի գոյատևի: Վերը նշված երաժշտական դպրոցում շահերի հակասություններից բխած վեճը, հաստատության «ներքին խոհանոցում» հանգուցալուծում չստանալով, դառնում է դատական ատյանների քննարկման առարկա: Դատարանը մերժում է չորս հայցվորների` ուսուցչուհիներ Սուսաննա Բալյանի, Սուսաննա Արմենակյանի, Նարինե Արմենյանի և Աիդա Փարսադյանի հայցապահանջը: Դատարան դիմելուց հետո դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիր չի կնքում ու, փաստորեն, նրանք զրկվում են աշխատանքից: Ուշագրավ է այն փաստը, որ գործազուրկ ուսուցիչներից Սուսաննա Արմենյանը անցած տարի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ուսուցչուհի, իսկ դատարան չդիմած` տուժող Նունե Պետրոսյանի 8 աշակերտներից 5-ը դպրոցը գերազանց են ավարտում, երկուսն էլ հանրապետական մրցույթների դիպլոմակիրներ են: Ինչո՞ւ է դպրոցի տնօրենը կրթօջախը զրկում նման մասնագետ մանկավարժներից: ԶԼՄ-ներում նշվել էր, որ «Պրն. Հեքեքյանը չժխտեց այդ ուսուցչուհու արժանիքները և հաստատեց, որ նրա հեռացման պատճառը եղել է ամռանը մի քանի գործընկերների հետ դատարան դիմելը` անընդմեջ աշխատանքային ստաժ ապահովելու հայցով»: Մի՞թե մաեստրոն չի անհանգստանում, որ նման սուբյեկտիվիզմն ամենակարճ ճանապարհն է` դեպի դպրոցի անդառնալի որակազրկում: Բարձրակարգ մանկավարժների բացակայության պարագայում ոչ մեկը չի կամենա երեխային նմանօրինակ հաստատություն տանել: Ավելին, «չար» լեզուները ասում են, որ կրճատումների մասին խոսելիս` Տ. Հեքեքյանը իրազեկել է. «Ինչպես ուզեմ, այնպես էլ կանեմ»: Նույն այդ լեզուները կանխատեսում են նաև, որ այդ քաղաքականության նպատակը դպրոցի լուծարմամբ` դրա շենքին տիրանալն է, հետաքրքիր է նաև, թե ի՞նչ է նկատի ունեցել Տ. Հեքեքյանը` հրապարակավ հայտարարելով, որ իր թիկունքում քաղաքապետարանն ու դատախազությունն են: Աստված մի արասցե, որ հերթական կրթօջախից միայն շինությունը պահպանելու աղետալի կանխատեսումները իրականություն դառնան. դա սրբապղծություն կլինի, ազգային մշակույթի ոչնչացում:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ