«Գողությունների բացահայտման անհաջող նմանակում»


2007-ի օգոստոս-դեկտեմբեր և 2008 ապրիլ ամիսներին Ավանում գրանցվեց գողությունների մի հսկայական փունջ` 13 դեպք: Այն սկսվել է օգոստոսի 4-ի գիշերը (նկուղից գողացել են 25.000 դրամ ընդհանուր արժողության ալյումինե կաթսաներ, կացին, սղոց, ուրագ): Երկու ամիս ընդմիջումից հետո, հոկտեմբերի 2-ին նորից է գործադրվել պտուտակահանիչը, և խորդանոցից գողացել են 30.000 դրամ արժողության էլեկտրական սղոց: Երրորդ անգամ գողությանը հոգեբանորեն նախապատրաստվելուն հատկացվել է 1 ամիս` նոյեմբերի 10-ին, գիշերը նույն եղանակով պտուտակահանիչով բացել են «Ավան-Առինջ 1/11 շենքի 6-րդ հարկի աստիճանահարթակում գտնվող... խորդանոցի դռան փականը և... գողացել զգալի չափի` 20.000 դրամ ընդհանուր արժողության 3 հատ ալյումինե կաթսա և պղնձյա մալուխ»: Հատկապես «բերքառատ» է եղել դեկտեմբերը: Դեկտեմբերի 3-ին դարձյալ գիշերը, դարձյալ պտուտակահանիչով բացել են մեկ այլ նկուղի դուռ և գողացել 10.000 դրամ ընդհանուր արժողության ալյումինե պատուհանի 2 փեղկ, պղնձյա մալուխ, 2 հատ պղնձե կաթսա: Դեկտեմբերին կատարվել է ևս 7 գողություն: Եթե 10 գողությունների հետաքրքրության օբյեկտը հիմնականում պղնձե կամ ալյումինե կաթսաներն են եղել, ապա (ըստ մեղադրական եզրակացության) վերջին երեք գողությունների ասորտիմենտը բարեփոխվել է` «ԳԱԶ_24»-ի պահեստամասեր և էլեկտրական մարտկոցներ: Ըստ մեղադրական եզրակացության, վերամասնագիտացումը (գունավոր մետաղից կաթսաների, մալուխների, ... գողությունից ավտոպահեստամասերի գողությանը անցնելը) և հատկապես «13» թիվը ճակատագրական են եղել գողություն կատարողի համար: 13-րդ գողության մասին տուժողը գրավոր հայտնել է ոստիկանություն. 2008 թ. ապրիլի 29-ին ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկվել են օպերատիվ որոնողական աշխատանքներ, և անմիջապես բռնել-բացահայտել են մեղավոր անձին (էդգար Պոն, ժորժ Սիմենոնը, Ագաթա Քրիստին կերազեին նման սյուժեներ ունենալ) և թուղթ ու գրիչով ապահովել` խոստովանությունը շարադրելու համար: Ամեն ինչ, կարծես թե օրինական է: Այդպես էլ աննկատ ամեն ինչ կանցներ, եթե չլիներ նկարագրված պրոֆեսիոնալ սխրանքի մասին շարադրանքը` «Ոստիկանության Նոր Նորք բաժնի ձեռնարկած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում… անմիջապես` նույն օրը ոստիկանության Ավանի բաժանմունք բերման է ենթարկվել Ներքին Շենգավիթ 16 փող. 3-րդ տանը ժամանակավորապես բնակվող Կարեն Սանդալչյանը, որը խոստովանել է իր կողմից կատարված մի շարք հանցագործություններ»: Իսկ ինչո՞ւ պարգևատրման չի արժանացել մայրաքաղաքի մի ծայրից մյուս ծայրի ոստիկանություն բերման ենթարկողը, իմա` նախորդ 12 հանցագործությունները բացահայտողը: Այդ հարցն անմիջապես գոլորշիանում է, երբ ծանոթանում ես գործի նյութերին, դատարանում տուժողների (ոչ բոլորն են մասնակցում) ցուցմունքներին: Կացնային աշխատանքը` հետաքննություն, նախաքննություն, ակնհայտ է: Բոլոր գողություններն էլ կատարվել են նույն ձեռագրով, ժամանակը` գիշեր, գործիքը` պտուտակահանիչ, գործունեության օբյեկտը` նկուղ-խորդանոց: Նույն ձեռագիրն ունի նաև... ոստիկանության արձագանքը` լռություն: Ըստ պաշտոնական ձևակերպումների 12 տուժողներն էլ լռել (՞) են և չեն հայտնել ոստիկանություն: Եթե նույնիսկ հավատանք այդ ձևակերպումներին, ապա պետք է մտածել` համայնքի ոստիկանության ղեկավարներն իրենց տեղում չեն: Չէ՞ որ 12 քաղաքացի, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, ծանոթները, մտերիմները որևէ հավատ չեն ունեցել համայնքի ոստիկանության նկատմամբ և չեն դիմել նրանց: 12 գողություններն էլ կատարվել են բազմահարկ շենքերում կամ դրանց բակերում: Այդ շենքերում ոստիկանները ո՞չ մի աղբյուր չեն ունեցել: Բացառված չէ նաև մյուս վարկածի կենսունակությունը, նախորդ «չուլանային» գողություններից հետո վերամասնագիտացում տեղի չի ունեցել, տուժողները ժամանակին հայտնել են ոստիկանություն (այդ մասին ասվեց դատարանում), բայց գողությունների մասին հաղորդումները չեն գրանցել` պահեստավորվել են մինչև «Վոլգայի» էլեկտրական մարտկոցների գողության բացահայտվելը: Եվ կասկածյալը մեծահոգաբար իր վրա է վերցրել նախորդ չբացահայտված գողությունները: Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ տուժողներն անմիջապես չեն դիմել ոստիկանություն: Թվարկենք այդ հիմքերից մի քանիսը: Նախ, մեղադրական եզրակացության մեջ 13 գողությունից 12-ի վերաբերյալ նույն ձևակերպումն է` տուժող…ը «նախաքննության ընթացքում տեղեկացել է, որ նշված հանցագործությունը կատարել է Կարեն Սանդալչյանը, որը բռնվել է»: Միայն վերջին` ապրիլի 29-ի գիշերը կատարված գողության («ԳԱԶ_24»-ի մարտկոց) գործով տուժող Մանուկ Սահակյանն է ապրիլի 29-ին հայտնել ոստիկանութ յուն (այդ օրն է նկատել մարտկոցի գողությունը) և նույն օրը` վայկյանների ընթացքում «ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն... Ավանի բաժանմունք բերման է ենթարկվել Ներքին Շենգավիթ 16 փող. 3 տանը ժամանակավորապես բնակվող Կարեն Սանդալչյանը, որը խոստովանել է իր կողմից կատարված մի շարք հանցագործություններ...»: Նկատենք, որ Ավանը և Շենգավիթը հեռու են իրարից շուրջ 20 կմ... Մեղադրական եզրակացության մեջ մեկ առ մեկ հստակ նշված է մոտ մեկ տարվա ընթացքում կատարված 13 գողությունների ճիշտ օրը (միայն ժամը և րոպեն նշված չեն): Շուրջ մեկ տարվա ընթացքում (առաջին գողությունը կատարվել է օգոստոսի 4-ին, բերման է ենթարկվել 8 ամիս անց) կատարված գողությունները ֆենոմենալ հիշողություն ունեցողը չէր կարող վերհիշել` ըստ օրերի, հասցեների: Եթե կասկածյալ-մեղադրյալ-ամբաստանյալը նոթատետր ունենար և մեկ առ մեկ գրանցեր կատարած գողությունները, կհավատայինք այդ հավաստագրումներին: Քանի որ Կարեն Սանդալչյանը օրագիր, նոթատետր չի պահել, մնում է կասկածել` տուժողներն անմիջապես են դիմել ոստիկանություն, բայց գողության մասին հայտարարությունները չեն գրանցվել, ամբարվել են լավ օրերի համար: Եվ երբ բացահայտվել է մի գողությունը, նախորդ դիմումները դրվել են դատավարական հարահոսի վրա: Կան դիմումներ նաև այն մասին, որ գողությունից անմիջապես հետո տուժողները դիմել են ոստիկանություն: Հարկ էր պարզել` Կարեն Սանդալչյանը միայնակ կարո՞ղ էր գողացած 40 լիտր տարողության կաթսաները, մալուխները, էլեկտրական և սովորական սղոցները, ալյումինե պատուհանների փեղկերը, մեքենայի էլեկտրական մարտկոցները, խորովածի շամփուրները, մսաղացը, գործիքները մեն-մենակ իջեցնել առաջին հարկ, ոտքով (՞) կտրել շուրջ 20 կմ տարածություն և Ավանից հասնել... Շենգավիթ: Հետաքննությանը, նախաքննությանը չի հետաքրքրել ևս մեկ «փոքրիկ» հարց. Կարեն Սանդալչյանը (դատված է եղել մի քանի անգամ) բնակվել է Շենգավիթում, իսկ գողությունը կատարել է շուրջ 20 կմ հեռավորության վրա` Երևանի մյուս ծայրում գտնվող թաղում: Ո՞վ է նրան կողմնորոշել, ներկայացրել գունավոր մետաղներից պատրաստված կենցաղային իրերի պահեստավորման «քարտեզը»` ըստ շենքերի, հարկերի, գտնվելու վայրի... Փորձեցինք ոստիկանության բաժնի պետից տեղեկանալ այս հարցերի պատասխանը: «Խորհրդակցություն է»: Նորից փորձեցինք: «Զբաղված է»: Նորից փորձեցինք` «հենց նոր շտապ դուրս եկավ»: Փոխանցեցինք խմբագրության հեռախոսահամարը, խնդրելով` «երբ ազատ լինի, միացրեք»: Անցած շաբաթների ընթացքում պետը երբեք ազատ չէր: Նա մշտապես զբաղված է... վիճակագրական ցուցանիշներով` հանցագործությունները բացահայտել մի շնչով: Նախաքննությունը (քննիչ` Սմբատ Մխիթարյան) ջանացել է ամեն ինչ սվաղել` միայն փաստաթղթավորել է իրեն հանձնածը: Արջի ծառայություն է. օրենքը (ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 200 հոդված) պարտավորեցրել է բացահայտել նաև այն պայմանները, պատճառները, որոնք նպաստել են հանցագործության (տվյալ դեպքում` հանցագործությունների) կատարմանը: Քննիչը և նրա գործունեությունը հսկող դատախազը, վերահսկող (գերատեսչական) քննչական բաժնի պետը կարողացել են մոռանալ օրենքի իմպերատիվ պահանջը: Ըստ մեղադրական եզրակացության, ապրիլի 29-ին (2008-ի) տուժողը հայտնել է գողության մասին և գողություն կատարողն անմիջապես բերման է ենթարկվել: Նույն տրամաբանությամբ, եթե տուժողը հայտներ և գրանցվեր նաև նախորդ տարվա օգոստոսի 4-ի գողությունը, ապա այն կբացահայտվեր նույն օրը և մյուս 12 գողությունները կկանխվեին: Այս հարցը քննիչի ենթադրվող միջնորդագրի մեխը չէ՞ր... Հարցն ունի սոցիալական մեծ վտանգավորություն: Պետք է հասնել նրան, որ բոլոր հանցագործությունները ժամանակին գրանցվեն, բոլոր դեպքերով անմիջապես տարվեն ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ և բացահայտվեն, տոկոսամանիան օպերատիվ (և ոչ կոնսերվատիվ) բուժման ենթարկվի: Իհարկե կարելի է ճարել մեկ օպերի, որը «թերացել» է, ... Բայց նա կհամարձակվե՞ր 12 հանցագործություն թաքցնել` համոզված լինելով, որ իր ղեկավարը` քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պետի պետը` օպեր գծով տեղակալը, պետի պետի պետը` բաժանմունքի պետը, պետի... պետը` ոստիկանության Ավան և Նոր Նորք համայնքների բաժնի…, …., …., պետը, համայնքների դատախազը, Երևան քաղաքի... չեն իրազեկվի այդ մասին... Եթե այդ ամենը մեկ օպերի գործ է, ուրեմն նրան պետք է... խրախուսել նման համարձակության և անպատիժ մնալու համար: Իհարկե դյուրին է վիճակագրական հաշվետվությունները վերլուծելուց հետո որոշել բացահայտման տոկոսը, ծառայողական ռինգի հրավիրել բաժնի (բաժանմունքի) պետին, նրա օպերատիվ գծով տեղակալին, քրեական հետախուզության... Բայց արդարամիտ չէ միայն բացահայտման տոկոսով վերջնական կարծիք կազմել կատարած աշխատանքների և տվյալ բաժնի ներուժի մասին (նաև ա՞յդ պատճառով չէ հանցագործությունների թաքցնելը): Պետությունը պետք է ապահովի ֆինանսապես, տեխնիկապես, գիտական հանձնարարականներով, իրավական կարգավորմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները: Հասարակությունը որքա¯ն կորցրեց 2-3 անլուրջ և թեթևամիտ չինովնիկների պատճառով` Եվրոպաներին դուր գալու նպատակով ուղղիչ տներից օրենսդրականորեն վերացրին օպերատիվ ծառայությունները: Մի քանի տարվա ընթացքում քանի¯ հարյուր հանցագործություն չբացահայտվեց... Քրեական գործը քննվում է Երևանի քրեական դատարանում (դատավոր` Վ. Ռշտունի): Ակնկալում ենք դատարանի արձագանքը` լրացուցիչ որոշման մակարդակով հետաքննության և նախաքննության ընթացքում թույլ տրված օրինախախտումներին: Լուիզա ԾԱՏՈՒՐՅԱՆ Հ. Գ. Ի դեպ` ոստիկանությունում տուժողների և «բացահայտված» հանցագործի առերեսում նույնիսկ «ալարել» են կատարել: Ինչու... Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ