ԿԵՂԾ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐ


ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ պարզաբանում ները ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ, Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ: Հատուկ քարոզչական դիվերսիա` ընդդեմ Հայաստանի և Իսրայելի հետաքրքրությունների - Վերջերս ադրբեջանական հրատարակություններից մեկում տեղեկատվություն հայտնվեց, թե իբր որոշում է նախապատրաստվում` 20-րդ դարասկզբին ներկայիս Ադրբեջանի հյուսիսում լեռնաբնակ հրեաների ցեղասպանությունը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ լրատվությանը: - Մեր հարևան երկրի հատուկ քարոզչությունը շարունակում է թունավորել իր ժողովրդի ու միջազգային հանրության գիտակցությունը` բախումնահարույց ապատեղեկատ վությամբ: Մասնագետները գիտեն, որ իրբ անցյալ դարասկզբին Ադրբեջանի հյուսիսում ապրող հայերի կողմից իրականացված այսպես կոչված «լեռնաբնակ հրեաների եղեռնը» մտացածին է, ինչը նպատակասլաց կերպով հրամցվում է Իսրայելին և հրեական սփյուռքին` ադրբեջանական հատուկ քարոզիչների ու նրանց կողմից վարձատրվող արտասահմանյան կեղծարարների կողմից: Դա ուղղորդված է` խաթարելու հրեա և հայ ժողովուրդների բարեկամությունը: Ժողովուրդներ, որոնք իրենց բազմահազարամյա պատմության մեջ շատ նմանություններ ունեն: Մեր ժողովուրդներին, սեփական դարավոր մշակութային-պատմական ինքնությունը պահպանելու և հարյուրավոր սերունդների մտավոր ներուժը զարգացնելու տաղանդից բացի, միավորում է նաև Ցեղասպանության ու Հոլոքոստի աղետալի փորձությունը. ինչպես և հերոսաբար գոյատևելու ու պետականություն վերածնելու փորձը` հանձին Հայաստանի Հանրապետության և Իսրայել պետության: Մի բան հստակ է. կեղծարարների բանսարկություններն անբարո են. ըստ էության այդ ամենը ծանակում է 20-րդ դարի սկզբին հայերի ու լեռնաբնակ հրեաների դարավոր բարիդրացիական բնակավայրերում հայտնված, կովկասյան թաթարների ձեռքով բնաջնջված հայերի հիշատակը: Հենց այդ` զանգվածային կոտորածներին զոհ դարձած հայերի աճյուններն էլ հորինվածքների մասնագետները փորձում են ներկայացնել որպես հրեաների դիակներ: Խոսքը այն հանցախմբերի մասին է, որոնք այդ նույն տարիներին Ադրբեջանի հյուսիսում ոչնչացրին նաև Կովկասյան ճակատից տուն վերադարձած մի քանի հազար ռուս սպաների ու զինվորների: - Իբր հայերի կողմից լեռնաբնակ հրեաների ոչնչացման մասին հերյուրանքը չի՞ առնչվում արդյոք տարածաշրջանի ժողովուրդների քաղաքական պատմությունը կեղծելուն: - Ցեղասպանության մասին Բաքվի հատուկ քարոզիչների և նրանց արտասահմանցի խաղընկերների հրապարակումները արտացոլում են ադրբեջանական իշխանություն ների քաղաքականության ուղղություններից մեկը: Ադրբեջանի իշխանությունների` նման գործելակերպի դրսևորման «նվաճումներից» էր իրենց սեփական «եղեռնը»: Հայտնի է, որ բաքվեցի գիտնականները, կատարելով Հեյդար Ալիևի քաղաքական պատվերը, «հիմք» հորինեցին` իբր թե ռուսների ու հայերի կողմից ադրբեջանցիների «եղեռնի» մասին Ադրբեջանի նախագահի հրամանագրի հրապարակման համար: Այդ կեղծարարության նպատակը Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև անցյալ դարի սկզբին Բաքվի ու ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգներում, այնուհետև Ադրբեջանի Հանրապետությունում հանրության ուշադրությունը շեղելն է: Արդեն գրվել է այն մասին, որ հայերի ջարդերի ու կոտորածների, ինչպես նաև նրանց զինված ինքնապաշտպանության մասին ճշմարտությունն իմացող ադրբեջանցիներն ամեն տարի անհարմար վիճակում են հայտնվում` ստիպելով պետական տոնացույցով նշել տեղի չունեցած «ադրբեջանցիների եղեռնի օրը»: Ինչպես անցյալ հարյուրամյակի սկզբում, այնպես էլ համեմատաբար վերջերս` 1988-1990-ական թթ. իրենց ընտանիքները Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում զանգվածային զինված ջարդերից պաշտպանել փորձած հայերի վիճակը լավ են հասկանում ջարդերին ու դաժան սպանություններին զոհ գնացած հրեաների սերունդները: Բաքվի իշխանությունների հորինած այս անբարոյականությանը, ի նշան «ադրբեջանցի ժողովրդի համերաշխության», անդրադառնում են նաև Կովկասից հեռու ապրող իմ ադրբեջանցի հին բարեկամներից ոմանք: - «Լեռնաբնակ հրեաների եղեռնի» մասին ձեռնածության առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում հերքումով հանդես եկավ Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը: Ի՞նչ կասեիք այս առիթով: - Տիկնոջ հասցեին ադրբեջանցիների կողմից թույլ տրված արտահայտություններն ընդունելի չէին ոչ միայն քաղաքագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների պարագայում, այլև իրեն հարգող տղամարդու համար արժանապատիվ չեմ համարում նման քննարկումը: Դժբախտաբար, դրանց հեղինակներն այնքան իջան, որ իրենց թույլ տվեցին գռեհիկ ծաղրով խոսել հրեական համայնքի ղեկավարի ազգանվան և ազգային պատկանելության մասին: Որքան ես գիտեմ` տիկին Վարժապետյանը` ծննդյամբ Ֆելլեր, կրում է ամուսնու ազգանունը: Նրա վերջին առաջարկություններից, որոնք հավանության արժանացան իշխանությունների կողմից, ես կառանձնացնեի Բարեկամության ծառուղի հիմնելու նախաձեռնությունը` ի պատիվ Հոլոքոստից հետո հրեական ազգային պետության` Իսրայելի վերակերտման 60-ամյա և Եղեռնից հետո հայ ժողովրդի ազգային պետականության վերածննդի 90-ամյա տարելիցների: Ես դիմում եմ Իսրայելի և հրեական Սփյուռքի, ինչպես նաև ադրբեջանցի իմ գործընկերներին` կոչ անելով խեղաթյուրման վնասակար արարքներից պաշտպանել հրեա ժողովրդի բարեկամությունը` Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների հետ: (Տպագրվում է մասնակի կրճատումներով)