Հերթափոխելու է Բուրջանաձե՞ն


Վրաստանում դեռ չեն մոռացել, թե անցյալ տարի Սահակաշվիլիի հրամանով ինչ դաժանությամբ նոյեմբերի 7-ին ցրեցին ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը: Եվ այդ իրադարձության տարելիցին խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն բացահայտորեն ձեռնոց է նետել երկրի Նախագահին` պահանջելով նրա անհապաղ հրաժարականը: Պահանջը պատճառաբանվում է, որ Սահակաշվիլին հոգ է տանում ոչ թե երկրի ճակատագրի, այլ միմիայն իր իշխանությունը պահպանելու մասին: 2003 թ. «վարդերի հեղափոխության» ասպետուհին Սահակաշվիլիի վարչակարգը որակել է հեղինակազրկված, տեղի օրեսնդրությունն ու դատարանը` ձևական, իսկ Ցխինվալիի վրա հարձակումն անվանել է արկածախնդրություն, «որի համար հատուցելու են գալիք սերունդներին»: Նինո Բուրջանաձեն անդրադարձել է նաև բռնությամբ տապալված հանրահավաքին, խոստովանելով, թե ինքն ամաչում է, որ` - Վրաստանում հեղափոխության 5-րդ տարեդարձին ստիպված է խոսել ԶԼՄ-ների ազատության և երկրի կրկնական ժողովրդավարացման մասին: Ռուսական լրատվամիջոցների հավաստիացմամբ` էքս-խոսնակն իր այս ելույթը անհրաժեշտ ձևափոխումներով կրկնել է եվրոպական հովանավորների համար: Նա կասկած է հայտնել, որ գործող իշխանությունները հազիվ թե կարողանան ճիշտ տնօրինել դրամական մեծ օգնությունը և կոչ է արել վերընտրել խորհրդարանը: Եվ դրա համար Թբիլիսիի հանդեպ խիստ հսկողություն է պետք ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Եվրախորհրդի կողմից: Ասել է թե` Սահակաշվիլիի հանդեպ իսկապե՞ս նվազել է եվրոպական ջերմությունը: