ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ. Արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար «Աստված կյանքը տվել է, որպեսզի շնորհքով ապրես» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երևի ամենադժվարը ինքնահաստատումն է, որովհետև կյանքի ընթացքում չպետք է սայթաքես: Լարախաղացի պես պետք է հավասարակշռությունդ պահես: Մնացյալը լուծելի խնդիրներ են: Իհարկե, կյանքի այդ թելի վրա շատ են հանդիպում խոչընդոտները. գայթակղություններ կան, որոնք պետք է հաղթահարել: Եթե հաղթահարեցիր, կյանքն իր հունով կգնա, իսկ եթե ոչ` հաճելի վիճակում չես հայտնվի: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Դա Աստված է որոշում, թե որ ազգի ներկայացուցիչը լինես: Համակրում եմ այն ազգին, որին ծանոթ եմ: Պարսիկներին լավ գիտեմ: Պետք է ասեմ, որ մենք չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել մեր հարավային մեծ հարևանին: Նրանք շատ կարգին ժողովուրդ են` պետության և պետական կառույցների պահպանման ավանդույթներով: Իհարկե նաև` հոգևոր արժեքներով: Անկախության առաջին տարիներին մեզ օգնության ձեռք մեկնողներից են եղել: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ամեն տարիք և° իր հմայքն ունի, և° իր գաղտնիքները: Երբեք չի կարելի տեսադաշտից դուրս թողնել լույսի այն աղբյուրը, որին դու գնում ես: Որտեղ էլ լինես, ինչպիսի իրավիճակում էլ հայտնվես: Այդ լույսը դու տեսնում ես մտովի, իսկ միտքը չորս կողմից փակ զնդանում էլ է գործում: Միգուցե ոմանց համար ենթագիտակցական այդ փարոսը մնում է «կյանքի ալիքների» ետևում, բայց երբ այն գտնում ես, տեսնում ես, որ այն առանձնապես մեծ գաղտնիք էլ չէր: Ամեն ինչ շատ պարզ է. Աստված կյանքը տվել է, որպեսզի շնորհքով ապրես. - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Կյանքի բնույթը. որտե՞ղից ենք, ի՞նչ ենք: Մտածում ես. այս կյանք կոչվածը որտեղի՞ց ծագեց: Ախր, շա°տ ճշգրտված է ամեն ինչ: Այս ամենը պատահականությանը վերագրել չի կարելի: Թե ինչ կա մեր գիտակցության պատնեշից այն կողմ, ա°յ դա° է հետաքրքիր: Բայց դա պատնեշված է հոգևոր, գիտական մեծ մակարդակի պարիսպով: Զգում ենք, որ այնտեղ ինչ-որ մի բան կա, որովհետև չի կարող չլինել, իսկ թե ի՞նչ կա` ոչ մեկս չգիտենք: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - 1946 թ. մայիսի 12-ին մենք 11 ընկերներով հատեցինք Սովետական Միության սահմանը: Խմբի մեջ կար մի թավջութակահար` Սմբատ Ղազարյանը, ով իր թավջութակն ու նոտաներն էր բերում, որոնք երաժշտական գրականության բարձր արժեքներ էին` Լիստ, Դեբյուսի, Բեթհովեն և այլն: Իսկ Սովետական Միությունը դեռ փակ համակարգ էր. նոտա՞ անցկացնել, դա երևակայությունից դուրս բան էր, որովհետև գաղտնագիր էր համարվում: Մաքսակետում կանգնեցրին, ստուգում են բոլորիս իրերը: Սմբատի ճամպրուկը բացեցին` տեսան ծայրից-ծայր նոտաներ են: Հարցրեցին, թե ինչ է, պատասխանեցինք` նոտաներ են: Ասացին. «Հա¯, բայց մենք ո՞նց իմանանք, որ սրանք նոտաներ են, այլ ոչ թե ուրիշ բան», և շարունակեցին, որ միայն մի պայմանով կթույլատրեն անցկացնել նոտաները. «Պետք է նվագեք, որ համոզվենք»: Խեղճ Սմբատը զարհուրեց. «Այսքանը ես ե՞րբ նվագեմ, սա մեկ շաբաթ կտևի»: Էդպես էլ չտվեցին նոտաները, ինչպես նաև Շալյապինի իմ երգապնակները: - Մանկության այն հուշը, որը մինչև այժմ ուղեկցում է Ձեզ: - Եղբայրս ինձանից փոքր էր, բայց կռվազան էր և հաղթում էր ինձ: Դպրոցում էլ, ով ինձ նեղացներ` Արմանից իր բաժինը կստանար: Ես և Արմանը կռվեցինք, հայրիկը պատժեց. ինձ թեթև, իսկ Արմանին երկու շաբաթ արգելեց կինո հաճախել: Իսկ նա գժվում էր կինոյի համար: Եվ այդ ժամանակահատվածը համապատասխանեց Թեհրանում «Պեպո»-ի ցուցադրման հետ: Ես չեմ կարողանում մոռանալ նրա ապրումները: Միգուցե ինքը մոռացել է: Մանկությունից չէ, բայց շատ լավ հիշում եմ «Ավանգարդ»-ի ուշադրությունը մեր` եկվորներիս նկատմամբ: Ես առաջին հայն եմ, որ պատերազմից հետո ոտք եմ դրել Հայաստանի հողի վրա: Մեր գալուց մեկ երկու օր հետո «Ավանգարդ»-ը եկավ մեզ հանդիպեց, լուսաբանեց մեր գալուստը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ