Էկոլոգիական աղետի շեմին


Սեպտեմբերի վերջին առիթ եղավ մեկնելու Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող մի շարք բնակավայրեր, ուր զարգացած է հանքարդյունաբերությունը: Առաջինը, որն ամենաճնշողն էր` օդում առկա հոտն էր, որը հավանաբար տեղի բնակիչների համար սովորական էր դարձել: Երկրորդը աչքերի կարմրությունն էր, որը նկատելի էր նաև տեղացիների մոտ, իսկ երրորդն այն էր, որ սնունդն անհասկանալի համ ուներ:

Երկու օրվա ընթացքում անվերջ մտածում էի, թե այդ ընթացքում օդի, ջրի ու սննդի հետ քանի գդալ թույն ընդունեցի և ինչ պետք է հետո անեմ դրա ազդեցությունից հնարավորիս շուտ ազատվելու համար: Երկրորդ տանջող միտքն այն էր, թե տեղի բնակիչներն ընդհանրապես օրական քանի գդալ թույն են ընդունում և ինչպես են կարողանում այդ պայմաններում ապրել: Հաղպատ գյուղում, որտեղից պարզ երևում էր Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատից վեր խոյացող ծուխը և տարածվում մի քանի կիլոմետր` ողողելով նաև Հաղպատ գյուղը: Բնակիչները բողոքում էին, որ իրենց աչքերը մշտապես կարմրած են ու մրմռում են: Նրանց խոսքով` պատճառը գործարանից դուրս եկող և մինչև Հաղպատ տարածվող ծուխն է: Տեղացիներից մեկը նույնիսկ ծիծաղելով պատմեց, որ անցյալ ամիս հանկարծ նկատել էր, որ աչքերի մրմռոցն անցել է: Հետո իմացել է, որ մոտ մեկ շաբաթ պղնձամոլիբդենայինը չի աշխատել.

- Օդը լավ մաքրվել էր, իսկ հիմա նորից խեղդվում ենք: Զբոսաշրջիկները նույնպես բողոքում են այդ հոտից,- ասաց տեղացի կինը:

Այն, որ Լոռու մարզի մի ստվար հատված արդեն երկար տարիներ էկոլոգիական տեռորի զոհ է դարձել` փաստ է: Եվ հողում թաղված հանածոները հանելու համար չի խնայվում ոչինչ` ո´չ սեփական ժողովրդի ունեցվածքը, ո´չ սեփական ժողովրդի առողջությունը, ոչ էլ Լոռվա խիտ անտառների վերացումը: Ի դեպ, Հաղպատ գյուղում ասացին նաև, որ որոշ գյուղեր հնարավոր է ամբողջապես տարհանվեն, քանի որ դրանց տեղում նույնպես օգտակար հանածոներ են հայտնաբերվել: Ստացվում է, որ երկիրը բզկտելու և այսրոպեական օգուտ ստանալուհամար կարող են նաև գյուղեր տարհանվել: Սա նմանը չունեցող աղետալի արարք կլինի: Փաստորեն արդեն իսկ հասել ենք մի իրավիճակի, որ երկիրն արդեն այնքան է բզկտվել ու քանդվել, իսկ պոչամբարների թիվն այնքան է շատացել, որ բնապահպանների ուսումնասիրությունների համաձայն` այլևս մաքուր հող ու գետ չի մնացել: Էկոլոգների ձայնը տեղ չի հասնում, իսկ հանքարդյունաբերությունը որպես գերակա ճյուղ` շարունակում է «զարգանալ»` երկիրը կանգեցնելով աղետալի իրավիճակի առջև: Ե՞րբ պետք է վերջ տրվի երկրի անհամաչափ ու անտրամաբանված բզկտման գործընթացին, և ե՞րբ պետք է մարդիկ հնարավորութ յուն ունենան առանց էկոլոգիական ցնցումների ապրել: Այս և այլ հարցերի մասին է զրույցը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, գիտությունների դոկտոր Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

- Օրերս այցելել էի Ալավերդի, Հաղպատ, Շնող, Թեղուտ և ամեն տեղում տպավորությունն այնպիսին էր, թե ուր որ է` կխեղդվեմ: Փաստորեն, մեր ազգաբնակչության մի ստվար մասը նման որակի օդ է շնչում. էլ չասենք` տեղում աճեցված պտուղ-բանջարեղենի մասին: Ստացվում է, որ երկրի և ժողովրդի շահը ստորադասվել է մի քանի գործարարի շահին, ու դրա հետևանքով տուժում են շատ ու շատ մարդիկ: Արդյո՞ք այս իրավիճակը հնարավոր չէ նորմալ վերահսկել, որպեսզի շրջակա միջավայրը նման տեռորի չենթարկվի: Արդյո՞ք բնապահպանների ահազանգերն այնքան հիմնավոր չեն, որ պետական մակարդակով դրան վերջ չի տրվում:

- Խնդիրը շատ խորն է, որովհետև այն կապված է մասնավոր շահերի հետ` թե´ երկրի ներսում, թե´ երկրի սահմաններից դուրս: Երբ մենք անկախություն ձեռք բերեցինք, պետք էր հասկանալ, թե ինչպես պիտի զարգանա երկիրը: Գաղտնիք չէ, որ բոլոր երկրները նպատակ ունեն հանքեր ունեցող և արդյու-նաբերող երկրների հետ ձգտել դեպի բարձր տեխնոլոգիաներ. բայց դա հեշտ ճանապարհ չէ: Հայաստանն արդեն անցնում էր այդ ճանապարհով: Ճիշտ է, մենք ունեինք հանքարդյունաբերություն, բայց ոչ այս ծավալներով: Ունեինք նաև գիտահենք արտադրություններ, բայց այդ բոլորը կորցրեցինք և մնաց միայն հանքարդյունաբերությունը: Արտաքին երկրների համար դա շատ շահավետ է, քանի որ ոչ թե իրենց տարածքներում են զարգացնում հանքարդյունաբերությունը և քանդում իրենց երկրները, այլ ուրիշներինը: Եվ բնական է, այդ դեպքում նրանք ունենում են իրենց որպես հումքային կցորդ ծառայող պետություններ, ինչպիսիք նաև աֆրիկյան երկրներն են: Մենք էլ ենթարկվեցինք դրսի ուժերին, իսկ երկրի ներսում գտնվեցին մարդիկ, որոնց համար դա շատ շահավետ էր, և վերածվեցինք հումքային կցորդ երկրի: Դրա հետ մեկտեղ կտրվեց կապը բնության, մարդկանց առողջության և, ռազմավարական տեսանկյունից նաև` տնտեսության միջև: Որովհետև հնարավոր չէ տնտեսություն զարգացնել. օրինակ` գյուղատնտեսությունը, քանի որ շատ տարածքներում պարզապես հնարավոր չէ աճեցնել մաքուր օրգանական միրգ և բանջարեղեն:

- Ստացվում է, որ հանքարդյունաբերությունը սպառնում է և´ մեր բնությանը և´ գյուղատնտեսությանն ու շաղկապված արտադրական գործընթացներին:

- Հարց է ծագում, թե այդ ո՞ր տարածքներում պետք է աճեցնել օրգանական ծագում ունեցող պտուղ-բանջարեղեն, երբ ավելի մեծ է հավանականությունը, որ նրանց մեջ կլինեն մեծ քանակությամբ ծանր մետաղներ և տարբեր թունավոր նյութեր: Ստացվում է նաև, որ մենք կտրում ենք տուրիզմի զարգացման հնարավորությունը, քանի որ շատ երկրներից մարդիկ պարզապես չեն ցանկանա գալ մի երկիր, որտեղ օդն աղտոտված է, սնունդը` թունավորված և այլն: Սա ռազմավարական մտածելակերպի բացարձակ բացակայության հետևանք է, երբ ամեն ինչ արվում է, որ միայն մի խումբ մարդիկ հարստանան:

- Բայց իշխանություններն ասում են, որ բյուջեի մուտքերի մեծ մասն ապահովվում է հանքարդյունաբերությունից:

- Հանքարդյունաբերությունից բյուջեի մուտքերն ավելի քիչ են, քան գյուղատնտեսությունից: Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտում ավելի քիչ մարդ է աշխատում, քան գյուղատնտեսությունում, բայց փաստորեն հանքերի տարերային շահագործման հետևանքով մենք կտրում ենք և´ գյուղատնտեսության, և´ տուրիզմի զարգացման հնարավորությունը: Եվ, որ ամենակարևորն է, վնասում ենք մարդկանց առողջությունը: Եթե համեմատենք Լոռիում և Սյունիքում հիվանդացության դեպքերը, կտեսնեք, որ այն անհամեմատ ավելի բարձր ցուցանիշ է կազմում, քան մյուս մարզերում:

- Բնապահպանության ոլորտն այն եզակիներից է, երբ, օրինակ, մեկ օրում բնությանը հասցված վնասը հնարավոր չէ կարճ ժամանակում վերացնել: Խոսքը հատված անտառների, աղտոտված օդի, ջրի և այլ երևույթների մասին է: Փոխարենը պոչամբարներն են սնկի պես աճում` իրենցում հավաքված թունավոր նյութերով հողի միջոցով վարակելով շրջակա ջրային և հողային միջավայրը. էլ չենք ասում նաև օդային ավազանի մասին: Ի վերջո` Հայաստանը փոքր երկիր է, և վարելահողերն էլ այնքան շատ չեն, որ կարողանանք մեզ թույլ տալ պահի անհրաժեշտությունից ելնելով անել` ինչ ուզում ենք: Ձեր կարծիքով, ինչքա՞ն պետք է երկրի հողային տարածքները զբաղեցվեն պոչամբարներով, որը նաև դանդաղ ներգործող թույնի աղբուր է:

- Մենք պետք է չշարունակենք նոր հանքերի շահագործումը: Դրա փոխարեն պետք է եղած պոչամբարներն օգտագործենք որպես տեխնոգեն հանքեր: Նման որոշում կառավարությունն ընդունեց: Տեսնենք, թե ինչպես կընթանա հետագա ընթացքը: Ինչ վերաբերում է պոչամբարներում հավաքված բազայի օգտագործմանը, ապա շատ կարևոր է, թե ինչ տեխնոլոգիաներ կօգտագործվեն, քանի որ դա նույնպես բավական վնասակար ճանապարհ է: Բայց միայն դա կարող է պոչամբարներից ազատվելու չարյաց փոքրագույնը լինել: Հասել ենք նրան, որ նույնիսկ Երևանի շրջակայում 21 հանք է շահագործվում: Փառք Աստծո, դրանք մետաղային հանքեր չեն, բայց ո՞վ է տեսել, որ մայրաքաղաքի կենտրոնում հանք գործի: Երիտասարդության պալատը քանդեցին, հիմա դրա տեղում հանք են շահագործում:

- Բնապահպաններն անվերջ բողոքի ձայն են բարձրացնում, իշխանություններից պահանջում են դադարեցնել բնությունը կեղեքելու հաշվին երկիրը բզկտելը և այլն, բայց ոչինչ էլ չի ստացվում: Փաստորեն երկիրը հստակ քայլերով գնում է դեպի կործանում: Բողոքելուց բացի, ուրիշ ի՞նչ է պետք անել` իշխանություններին ստիպելու համար, որ վերանայեն իրենց քայլերը:

- Ես չգիտեմ: Ի վերջո կամ պետք է երկիրը կործանվի, կամ էլ իշխանությունները պետք է խելքի գան ու վերանայեն այս ամենը: Ի դեպ, ես արդեն հանդիպել եմ նորանշանակ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ և կարող եմ ասել, որ նա մտահոգված է այս խնդիրներով, տրամադրված է, որ միահամուռ ուժերով փորձենք ինչ-որ բան անել:

- Ես նոր եմ եղել Ալավերդիում, Հաղպատ և Շնող գյուղերում և կարող եմ ասել, որ օդի մեջ մի անհասկանալի տհաճ հոտ կար, որի պատճառով բացի հազից, նաև աչքերի կարմրություն էր առաջացրել: Փաստորեն, Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներն աղտոտում են նաև Հաղպատ և հարակից գյուղերի օդը:

- Երբ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը արտանետումների խողովակը բարձրացրեց մի քանի մետրով, ինչ-որ փոքր չափով լուծեց Ալավերդու խնդիրը, բայց փոխարենը հիմա էլ ընդլայվել է օդի աղտոտվածության շառավիղը` հասնելով, օրինակ, Հաղպատ գյուղ: Պարզ է, որ խողովակը երկարացնելը հարցի լուծում չէ և անհրաժեշտ է անհապաղ դրա փոխարեն մաքրող սարքեր տեղադրել: Բայց քանի որ դա ավելի շատ ներդրումներ է պահանջում, իսկ խողովակը բարձրացնելն ավելի քիչ ծախսատար է, ուստի որոշում է կայացվել բարձրացնել խողովակը: Ի դեպ, բոլոր հարցերն էլ լուծելի են, պարզապես քաղաքական կամք է հարկավոր:

- Քաղաքական կամքից բացի կարծես թե բնակչությունն էլ չի կանգնում բնապահպանների կողքին: Ի՞նչ եք կարծում, բնակիչները չե՞ն վստահում կամ հավատում բնապահպաններին, թե՞ դա գիտելիքի բացակայության հետևանք է:

- Երբ պետք է Թեղուտի հանքավայրը շահագործման հանձնվեր, բնապահպանները, երիտասարդ ակտիվիստներն ակցիաներ էին կազմակերպում, բայց տեղի բնակչությունը չկանգնեց բնապահպանների կողքին, որովհետև նրանց աշխատատեղեր էին խոստացել: Հետագայում, երբ արդեն հանքը շահագործողները սկսեցին կոպեկների դիմաց գյուղացիներին պատկանող հողերը վերցնել, իսկ աշխատատեղերն էլ այնքան չստեղծվեցին, որքան որ խոստացել էին, մարդիկ տեսան, որ աղտոտվեց և´ օդը, և´ ջուրը, և´ ծառերը սկսեցին չորանալ… Իրենք էլ սկսեցին բողոքել, բայց արդեն շատ ուշ էր:

- Ասացիք Լոռու և Սյունիքի մարզերում նորագոյացություններով հիվանդացության մակարդակը կտրուկ ավելացել է: Կարո՞ղ եք թվեր ներկայացնել, որպեսզի պատկերն ավելի պարզ դառնա:

- Ես դեռ չեմ ավարտել այն զեկույցը, որը պատրաստում եմ: Կարծում եմ` երկու շաբաթից կավարտեմ աշխատանքերը և այն ժամանակ կհրապարակեմ:

- Դուք մշտապես ասում եք` բնությունը որևէ քայլ անպատիժ չի թողնում, բայց փաստորեն անհեռատես քաղաքականության պատճառով պատժվում են անմեղ մարդիկ: Գումար աշխատող-ները` հանքերը շահագործողները, շատ դեպքերում նունիսկ Հայաստանում չեն էլ ապրում, և տեղացին է իր մաշկի վրա զգում դրա հետևանքները:

- Ժողովուրդը պետք է սթափ լինի, և հասկանա, թե ինչ կարող է լինել դրա հետևանքով և պահանջի իշխանություններից, որպեսզի դրանք վերացվեն: Տարիներ ի վեր նույն վերաբերմունքն է` բնապահպանները խոսում են, մարդիկ լռում են: Բնապահպաները կարող են գոռալ, բայց նրանց ոչ ոք չլսի: Արդեն ստանդարտ մոտեցում է դարձել` «բնապահպանները ահազանգում են», բայց խնդիրը ահազանգելը չէ: Հիմա աշխարհում այլ մոտեցում կա և կայուն զարգացման համաշխարհային ծրագրերից արդեն որերորդն է ընդունվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կողմից. այդ կառույցը խիստ անհանգստացած է: Պետություններ կան որ շատ լուրջ արձագանքում են դրան, իսկ կան նաև այնպիսիք, ովքեր էկոլոգիական խնդիրներին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Ասեմ, որ Հայաստանը դրսում բավական գեղեցիկ ծրագրերով է հանդես գալիս, կան նաև միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրեր, բայց խնդիրն այն է, որ դրանք առանձին լոկալ ծրագրեր են և´ էներգետիկայի, և´ արդյունաբերության ոլորտներում: Մեր խնդիրն այն է, որ դրանք պետք է համախմբել և դարձնել համակարգային: Ի դեպ, էկոլոգիական դաշինքի անդամները նախատեսում են հանդիպել նորանշանակ վարչապետի հետ. տեսնենք դա ինչ կտա: Իսկ ազգաբնակչությանը ցան-կանում եմ, որ էկոլոգիական մշակույթին շատ ուշադրություն դարձնեն, որը նաև կօգնի հոգևոր և մարմնական առողջացմանը:

- Մենք շատ չե՞նք կորցրել արդյոք և առանց իրավիճակը շտկելու ինչպե՞ս կարող ենք երազել հոգեպես և մարմնով առողջ լինելու մասին:

- Կան ոլորտներ, որ իսկապես հասել ենք այն կետին, երբ ետ դառնալ այլևս հնարավոր չէ, բայց ես դեռ հույսս չեմ կորցնում: Տեսեք, ինչպես Սևանի դեպքում` թվում էր, թե Սևանն անվերադարձ կորցրել ենք, բայց Սևանի ջրի մակարդակը բարձրացվեց, և ջուրն ինքը սկսեց ինքնամաքրվել ու վերականգնվել: Անկեղծ ասած` ես դա չէի սպասում, բայց եղավ:

- Իսկ հանքավայրերի պատճառած վնասների դեպքում նման ինքնավերականգնում կամ ինքնամաքրում հնարավո՞ր է:

- Շատ ավելի դժվար է, երկար ճանապարհ պետք է անցնել: Բայց դրա համար գոնե հիմա պետք է դադարեցնել այդ կործանարար ուղիով գնալը, հետո նոր միայն մտածել, թե ինչպե՞ս կարող ենք վերականգնել կորցրածը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ