Հրավառության գույները


ԵՐԵՎԱՆԻպատանի հանդիսատեսի թատրոնում Ռիչարդ Նեշի «Անձրև վաճառողը» ներկայացմամբ մեկնարկեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի եռօրյա հյուրախաղերը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ ադամյանցիների սեփական տունը ծայրահեղ վթարային վիճակում է: Ամենքին է հայտնի. անկասկած` նաև ՀՀ և ՎՀ վերին ատյաններին: Հիմնանորոգման հույսը ժամանակ առ ժամանակ առկայծում է ներկայացուցչական հերթական պատկառազդու խոստումից հետո, ապա ալարկոտ մի հանդարտությամբ մարմրում: Երիտասարդացած թատերախումբն, այդուհանդերձ, ստեղծագործական կյանքով է ապրում` հանդիսատեսի հետ կապը ջանալով պահպանել թբիլիսյան ուրիշ թատրոնների դահլիճներում խաղացանկային մոտ 35 ներկայացումները երբեմն-երբեմն ցուցադրելով և հյուրախա ղային ու փառատոնային ակտիվությամբ: Իրենց 3 նոր աշխատանքները նրանք կներկայացնեն նաև Վանաձորում: ՀԹԳՄ հոբելյանական այս նախաձեռնությամբ մայր հայրենիքում, փաստորեն, ըստ արժանվույն նշանավորվեց հայոց հինավուրց թատրոնի ծննդյան 160-րդ տարեդարձը:

ՄԻԵՎՆՈՒՅՆօրը աշխարհահռչակ «Իլխոմ» 40-ամյա թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան) ողբերգաշունչ ներկայացումով (բեմադրիչ` Վլադիմիր Պանկով) իր ամենամյա ազդականչը հնչեցրեց ԱՊՀ տարածաշրջանում Մոսկվայից հետո կատարողական արվեստների ամենախոշոր` «Հայֆեստ» 14-րդ միջազգային փառատոնը (նախագահ` Արթուր Ղուկասյան): Այս անգամ «Իրականացրու երազանքդ ՀԱՅՖԵՍՏ-ի հետ» խորագրի ներքո մայրաքաղաքային ամենասպասված թատերատոներից մեկը կրկին համախմբել է աշխարհի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների: Երևանյան 12 բեմահարթակներում խաղացանկային ավելի քան 50 տարաբնույթ ներկայացումների ցուցադրության գերհագեցած ռիթմի շրջապտույտում կրկին ինքնամոռաց ներգրավվել են «ֆեստառիթին» անհամբերությամբ սպասող արվեստասերները: «Ֆեստային» հերթական թատերական մարաթոնի հախուռն ընթացքը կհանդարտվի հոկտեմբերի 8-ին:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ4-ից 14-ն աննախադեպ թատերական տոնախմբություն է ակնկալվում չնաշխարհիկ Լոռվա գրկում: Իր բնօրրան Ալավերդիում երեկ մեկնարկել է «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնը` ձոնված Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին: Փառատոնային խաղացանկի վարագույ րը բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 90 և նրա ստեղծած Կինոդերասանի թատրոնի հիմնարկեքի 35 ամյակներին նվիրված հանդիսությամբ: Հաջորդիվ մալյանցիների մի քանի սերնդի համակամ ներուժով և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի բեմադրությամբ ներկայացվել է Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան» բազմամրցանակակիր տրագիկոմեդիան: Առաջին անգամ ալավերդցի հանդիսատեսին իր ինքնատիպ ձեռա-գրով ներկայացող Հենրիկ Մալյանի անվան Կինոդերասանի թատրոնը այվազյանական խորունկ ու դիտարժան այս թատերախաղով հավաստեց մալյանական գեղագիտության անշփոթելի հմայքը: 1915-ի Մեծ եղեռնը վերապրած հայկական գերդաստանի հումորաշաղախ և կենսահաստատ բեմապատումը չափազանց համահունչ էր փառատոնի գլխավոր ասելիքին: Նույն օրը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական թատրոնի «Ոսկե ճուտիկ» գունագեղ և իմաստուն հեքիաթին մանկական աշխույժ խինդով հաղորդակցվել են նոյեմբերյանցի փոքրիկները: Այսօր արդեն Վլադիմիր Օրլովի սիրառատ «Ոսկե ճուտիկին» ալավերդցի երեխաներն են հյուրընկալում:

Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի և Հյուսիսային Օսեթիայի 14 թատերախմբեր 3 տասնյակ ուշագրավ ներկայացումներով 10 օր անընդմեջ հանդես կգան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 5 քաղաքներում` Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում և Նոյեմբերյանում, ինչպես նաև` սահմանամերձ գյուղերում և զորամասերում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ