Սահմանամերձ, ուրեմն նաև` սահմանապահ

ՍԵՐՆԴԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հնագույններից է Տավուշի մարզի Սևքարի դպրոցը` հիմնադրված 1882 թ.:

Դպրոցի տնօրեն Նաիրա ԹԱՆԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը սերնդակրթության, սահմանամերձ բնակավայրում հայրենասիրության դաստիարակման մասին է:

- Մի քանի խոսքով կներկայացրեք, խնդրեմ, դպրոցի պատմությունը:

- 1882-ին է ծնունդ առել Սևքար գյուղի ծխական դպրոցը: Դպրոցի հիմնադիրը եղել է Սևքարեցի Պետրոս Վարշամյանը: Դպրոցն ունեցել է 2 սենյակ, 13 կտոր գիրք, 11 նստարան, 2 գրատախտակ, 1 լամպ, 1 թիթեղյա վառարան և 51 աշակերտ: Այն մի քանի անգամ փակվել-վերաբացվել է` 1886 և 1890 թվականներին: 1903 թ., Կովկասի փոխարքա Գոլիցինի հայահալած քաղաքականության պատճառով դպրոցը նորից փակվել է, իսկ 1906 թ. սևքարեցիների համառ պայքարի գնով նորից վերաբացվել: 1982 թ. Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը բոլորեց իր գոյության 100-ամյակը: Այդ արժանահիշատակ հւբելյանի առթիվ բոլորս հիանալի նվեր ստացանք. շահագործման հանձնվեց 640 աշակերտների համար նախատեսված ժամանակակից հարմարություններով օժտված նոր շենք: Դպրոցն արդեն ենթակա էր վերանորոգման: Եվ բարեգործների ու պետության աջակցությամբ արդեն ունենք երկու վերանորոգված մասնաշենք: Չնայած ժամանակի հետ առաջացած անբարենպաստ պայմաններին` տեխնիկական ոչ բարվոք վիճակին, դպրոցը գործում է առայսօր: Մանկավարժական կոլեկտիվն ուժ ու եռանդ չի խնայում` սերունդների կրթման ու դաստիարակման գործում: Սերունդներ, որոնք բարձր են պահում դպրոցի բազմամյա անունն ու պատիվը:

- Մեր լինելիության գրավականներից է դպրոցը, ուր կրթվում, դաստիարակվում են երկրի ապագա տերերը: Եվ այս առումով մեր ժամանակներում առավել մեծ է սահմանամերձ գոտու դպրոցների առաքելությունը: Որպես այս տարածաշրջանի դպրոցի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում դպրոցի դերը սերնդակր թության գործում:

- Դպրոցն այն միջավայրն է, որտեղ կրթվում, դաստիարակվում է վաղվա սերունդը` մեր վաղվա ապագան: Բոլոր ժամանակաշրջաններում էլ մեծ է եղել դպրոցի դերն ու նշանակությունը, բայց ավելի մեծ է հատկապես այս շրջանում: Ապրելով սահմանամերձ համայնքում` մենք ավելի ենք գնահատում դպրոցի դերը` նաև հայրենիքի պաշտպանության, շենացման ու զարգացման գործում: Այսօր սահմանամերձ համայնքի դպրոցի առաջնահերթ խնդիրն է հայրենասեր, հասարակությանը պիտանի քաղաքացի դաստիարակելը:

- Ձեր սաները հայրենասիրության դասեր առնում են գրեթե ամեն պահի: Բայց նաև որպես հայրենասերներ պետք է կրթվեն: Չէ՞ որ այս տարածաշրջանի խաղաղ բնակչություն էլ յուրօրինակ սահմանապահ է: Հայրենասիրություն սերմանելու նպատակով դպրոցում իրականացվո՞ւմ են առանձնահատուկ ծրագրեր:

- Այո, բայց միայն հայրենասեր լինելը դեռ բավարար չէ` երկիրը հզորացնելու և աշխարհում որպես պետություն ներկայացնելու համար: Գրեթե ամեն օր մեր աշակերտները կամա թե ակամա առնչվում են հայրենասիրությանը, հայրենապաշտպանությանը` սահմանապահ գյուղում ապրելով, առտնին հոգսերը հոգալով: Հաճախ ենք կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ, զրույցներ` պատմական տարբեր թեմաներով, շրջայցեր` դեպի պատմական վայրեր, հուշարձաններ: Ունենք «Պատանի երկրապահի» ակումբ, փորձում ենք միջոցառումներում ներկայացնել իրականությունը` համեմելով դրանք տարբեր հայրենասիրական երգերով, պարերով:

- Սոցիալական խնդիրներն ի՞նչ չափով են ազդում մատաղ սերնդի հոգեբանության և ուսման որակի վրա: Առկա դժվարություններից նրանք հուսահատվում ու հիասթափվո՞ւմ են, թե՞ ավելի են ամրանում:

- Իհարկե սխալ կլինի ասել, թե սոցիալական խնդիրները չեն ազդում մատաղ սերնդի հոգեբանության և ուսման որակի վրա: Ըստ իս` կա սերնդի երկու տեսակ. մի մասի վրա խիստ ազդում են ոչ բավարար սոցիալական պայմաններն ու նրանք շատ են ընկճվում, հիասթափվում: Բայց հոգեպես ավելի ուժեղները կարողանում են ամեն ինչ հաղթահարել` նպատակին հասնելու համար: Գուցե հենց սոցիալական պայմաններն են ստիպել նրանց` հզոր կամք ձեռք բերելու և իրենց սեփական ուժով խոչընդոտ ները հաղթահարելու համար:

- Ըստ Ձեզ,, ինչպիսի՞ն է մերօրյա սերունդը, որը երկրի վաղվա տերն է դառնալու:

- Մերօրյա սերունդն արդեն հղկված, իրականությունը գնահատող, արժևորող սերունդ է, որով կարելի է հպարտանալ: Ապավինելով մեր այսօրվա հայրենասեր, համարձակ ու խելացի սերնդի գործունեությանը` կարող ենք վստահ և համոզված լինել հայրենիքի բարօր ու պայծառ ապագայի կերտմանը:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ