Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-12-ում)

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Անահիտը պտուտակահանը մեկնեց Սամվելին:

Սամվելը գործի անցավ:

- Անահիտ, շտապ փորձիր գտնել նախարարի անձնական բջջայինի հեռախոսահամարը, կամ վարչապետի: Եթե հնարավոր չլինի կապվել, զանգիր ոստիկանություն ու պահանջիր անձամբ ոստիկանապետին:

- Ոստիկանները դեռ կարող են այստեղ լինել, կանչե՞մ,- միամտորեն հարցրեց Անահիտը:

- Միայն անձա´մբ նրանց և ոչ մի դեպքում չնշես իմ անունը:

Փականը քանդելն այդքան էլ բարդ գործ չէր` ինչպես պատկերացնում էր Սամվելը: Թեպետ նման գործ կյանքում բացառիկ դեպքերում էր արել, բայց նախախարության, այն էլ փոխնախարարի աշխատասենյակի դուռ բացելը եզակի դեպք է:

Անահիտն ու Տաթևը զբաղված էին հեռախոսահամարների փնտրտուքով: Անահիտի կցկտուր բառերից Սամվելը հասկացավ, որ մի շարք պաշտոնյաներ արտահերթ անվտանգության խորհրդի նիստին էին մասնակցում, և անհնար էր նրանց հետ կապ հաստատել: Մնում էր նախարարին զանգել:

Վերջապես զանգը գնաց:

Անահիտն է´լ ավելի վախեցած տեսք ընդունեց: Իր աշխատանքային կարճ փորձի ընթացքում երբեք չէր եղել, որ անմիջապես զանգահարի նախարարի, կամ բարձրաստիճան պաշտոնյայի: Նրան պատասխանում էին միայն գործավարուհիներն ու օգնականները:

Գյուղատնտեսության նախարարի հեռախոսը վերջապես պատասխանեց:

Տաթևը սեղմեց բարձրախոսի կոճակը:

- Պարոն Բադալյա՞ն,- հուզմունքը զսպելով խոսեց Անահիտը:

- Լսում եմ:

Վերջապես մեկը գտնվեց, որ կարողացավ պատասխանել հեռախոսին: Բադալյանի խռպոտ ձայնը չճանաչել ուղղակի չէր կարելի:

- Պարոն Բադալյան, ձեզ զանգահարում է Տաթև Ստեփանյանը:

- Տաթև՞,- նախարարի ձայնն ակնհայտ զարմանք էր պարունակում,- որտե՞ղ ես աղջիկս, բոլորը քեզ են փնտրում:

- Գիտեմ, պարոն Բադալյան, բայց մենք լուրջ խնդիրներ ունենք, ավելի շուտ ազգային անվտանգությանն սպառնացող:

- Տաթև, ի՞նչ է պատահել: Ոստիկանությունն արդեն ինձ այցելել է: Դու ի՞նչ կապ ունես սպանության հետ:

- Անմիջական որևէ կապ չունեմ, բայց հանցագործները հավանաբար ինձ էլ կհասնեն: Պետք է շտապ ձեր օգնությունը: Ես հիմա նախարարությունում եմ: Կարող եք գա՞լ:

- Լա´վ, շատ լավ: Մնա´ տեղում, հիմա գալիս եմ:

Կապն անջատվեց:

Սամվելը վերջացրել էր իր գործը ու սպասում էր հեռախոսազրույցի ավարտին:

Տաթևը խորը հոգոց հանեց:

- Այն նորից ստիպված ես լինելու տեղադրել,- Սամվելին դիմեց Տաթևը ու մտավ աշխատասենյակ: Անահիտը հետևեց նրան:

Չհրկիզվող պահարանը տեղում էր: Սամվելը Տաթևին մեկնեց բանալին, սակայն միայն բանալին քիչ էր: Անհրաժեշտ էր նաև ներմուծել գաղտնաբառը, որի մասին Տաթևը գաղափար անգամ չուներ:

Սամվելի ու Տաթևի հայացքները կանգ առան Անահիտի վրա:

- Գիտե՞ս գաղտնաբառը,- առաջինը խոսեց Տաթևը:

- Տիկին Ստեփանյան, չեմ կարծում, թե լավ միտք է այն բացելը:

Տաթևը համոզված էր, որ Անահիտը գիտի գաղտնաբառը, այդ պատճառով շարունակեց պնդել:

- Անահիտ, պետք է շտապ այնտեղից վերցնել մի փաստաթուղթ և ներկայացնել ոստիկանապետին, կամ ավելի բարձր պաշտոնյայի. հակառակ դեպքում այն կոչնչաց նեն նրանք, ովքեր այսօր սպանեցին Սարգսյանին: Իսկ եթե այս անիծված պահարանի միջինը նրանց ձեռքում հայտնվի, իմացիր, որ կործանված ենք բոլորս, - ձայնն էլ ավելի բարձրացնելով խոսեց Տաթևը:

Անահիտը ոչինչ չպատասխանեց: Մի պահ քար լռություն տիրեց, ապա մոտեցավ ու արագ հավաքեց ութ նիշանոց գաղտնաբառը:

Վերջ: Չհրկիզվող պահարանը բացված էր, մնում էր գտնել անհրաժեշտ թղթերը: Տաթևի ուշադրությունը գրավեց գումարը, որը բավականին մեծ էր:

«Որտեղի՞ց և ինչո՞ւ է նման մեծ գումարը պահվում այստեղ»:

Տաթևը դուրս հանեց մի մեծ թղթապանակ ու հիշողության փոքրիկ կրիչ:

- Անահիտ, քեզ ևս մեկ խնդրանք, - բանալին մեկնեց Անահիտին, - իմ աշխատասենյակում ևս մեկ կրիչ կա: Բեր այն, որպեսզի կարողանանք բազմացնել:

Անահիտը դուրս եկավ: Տաթևի աշխատասենյակն այդքան էլ հեռու չէր, ընդամենը երեք դուռ այն կողմ, իսկ Տաթևը սկսեց շտապ պատճենահանել ու կրկնօրինակել թղթապանակի թղթերը:

Սամվելը փորձեց նորից դռան փականը տեղադրել: Հանկարծ նրա հայացքը կանգ առավ աշխատասենյակի անկյունում տեղադրված տեսախցիկի վրա:

- Կարծում եմ մենք խնդիրներ ենք ունենալու:

Տաթևը չհասկացավ կոնկրետ ինչ նկատի ուներ Սամվելը:

- Մենք արդեն մեծ խնդիրներ ունենք:

- Տաթև, տեսախցիկները…

Կրիչ գտնելն այդքան էլ դժվար չէր, հատկապես եթե ամեն դարակում մեկը կար: Անահիտը դուրս եկավ Տաթևի աշխատասենյակից ու բանալին հազիվ էր մտցրել փականի մեջ, երբ միջանցքում շարժում նկատեց:

Իրենից բավականին հեռու կանգնած էր անվտանգության աշխատակիցը:

Թեև լուսավորությունը վատն էր, բայց Անահիտին անվտանգության աշխատակիցն անծանոթ թվաց: Նախ բոլոր աշխատակիցները երիտասարդներ էին, և նրանցից ոչ մեկը նման հասակ չուներ, ինչպես այս մեկը:

Անահիտը բանալին դուրս հանեց ու շրջվեց դեպի իրեն շտապող անվտանգության աշխատակիցը, վերջինս փոխնախարարի ընդունարանի կիսաբաց դռան մոտ կանգ առավ, մի պահ ներս նայեց, ապա հայացքը ուղղեց դեպի Անահիտը: Աղջիկն ակամա կանգ առավ: Անծանոթ անվտանգության աշխատակիցը մի ձեռքը տարավ դեպի բերանը ու հասկացրեց, որ ձայն չհանի, իսկ մյուս ձեռքին հայտնվեց խլացուցիչով ատրճանակ:

Անահիտը երբեք չէր տեսել անվտանգության աշխատակցին զենք գործածելիս: Նրա համար ոչ մի նշանակություն չուներ տղամարդու սուս մնալու զգուշացումը և միայն այն մտքից, որ կարող են կրակել, որքան ուժ ուներ` ճչաց: Եվ իսկապես կրակեցին, այն էլ իր ուղղությամբ, բայց սովորական կրակոցի ձայնի փոխարեն լսվեց միայն երեք ճայթյուն, ապա նրա ականջին հասան փամփուշտների սուլոցները ու մի քանի ապակու կոտրվելու ձայն: Աղջիկն ընկավ ու վախից ամուր փակեց աչքերը:

«Սա երազ է, Աստված իմ, իսկական սարսափ երազ…»:

***

Գյուղատնտեսության նախարար Սարգիս Բադալյանը վստահ էր, որ այս ամենն ամիջական կապ ունի նախորդ օրը փոխնախարար Սարգսյանի պատմածի հետ: Սարգսյանի առաջարկով ողջ սերմացուն պետք էր շտապ ոչնչացնել և չներառել Կառավարության սուբսիդավորման ծրագրում: Սարգսյանը նաև հավաստիացրել էր, որ ներմուծող ընկերությունն ամբողջովին փոխհատուցելու է ծախսերը, բայց այս ամենը միայն ներքին կարգով: Մամուլն ու հատուկ ծառայությունները պետք է ոչինչ չկասկածեին:

Սարգսյանի ներկայացրած առաջարկը և գործի հետ կապված մանրամասները լսելուց հետո Բադալյանն անմիջապես պահանջել էր սեղանին դնել աշխատանքից հեռացման դիմումը` կասկածներ ունենալով, որ Սարգսյանը ևս մասնակից է այս մեծ խարդախությանը:

Այս պահին բոլոր մանրամասնություններով հիշում էր Սարգսյանի յուրաքանչյուր արտասանած բառը.

- Խնդիրն այն է, որ «Ագրոֆայն»-ը չի իմացել այս մասին: Ընկերությանը գրավել է շահավետ առաջարկը և մատչելիությունը, իսկ այն, որ միջազգային այդ կորպորացիան ներքաշված է խարդախությունների մեջ, միայն վերջերս է պարզել:

Սարգսյանը վստահեցնում էր` «Ագրոֆայն»-ի բաժնետերերը և հատկապես ՀՔԾ-ի հատուկ գործերով վարչության պետի ընտանիքի անդամները, ում պատկանում էին ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, կասկած անգամ չեն ունեցել:

Վերջապես գտավ Գաբրիելյանի հեռախոսահամարը:

Երկու զանգի ազդանշանից հետո լսվեց Գաբրիելյանի անհանգիստ ձայնը:

- Սարգիս, ես որևէ կապ չունեմ այս ամենի մեջ: Նրանք խոստացել էին խնդիրը հարթել, բայց ես չէի պատկերացնում այս կերպ:

Նախարարը գրեթե գոռաց.

- Դու ապուշ ես, Գաբրիելյան, իսկական ապուշ: Վստահ եմ, որ քեզ էլ հիմա կվերացնեն: Վերահսկողությունից ամեն ինչ դուրս եկավ: Հիմա ամեն ինչ ստիպված կլինես բացատրել թե´ կառավարությանը, և թե´ դատարանին: Բադալյանն անջատեց հեռախոսն ու մի կողմ շպրտեց:

«Դու չգիտես, թե ինձ ինչ պատմության մեջ ներքաշեցիր»,- անընդմեջ կրկնում էր Բադալյանը:

Այլևս ոչ մի արդարացում ու բացատրություն լսել չէր ուզում: Այս հարցն ինքը կլուծի: Րոպեներ անց նորից հեռախոսը ձեռքը վերցնելով, հավանաբար կյանքում առաջին անգամ, հավաքեց` 1-02:

***

Անահիտի բղավոցը հստակ ազդանշան էր, որ Տաթևն ու Սամվելը մեծ վտանգի մեջ են: Տաթևը հասցրեց միայն կրիչը գրպանը դնել, երբ լսվեց ընդունարանի դռան բացվելու ձայնը:

- Անահիտը,- բացականչեց Տաթևն ու վազեց դեպի դուռը, բայց Սամվելն ամուր բռնեց նրան:

- Սպասի´ր…,- հազիվ կարողացավ դուռը փակել ու մի կողմ քաշել Տաթևին, երբ դռան վրա հայտնվեցին փամփուշտներից անցքեր: Դռան փականը դեռ ամրացված չէր, արդյունքում դուռը փակել անհնար էր: Սամվելի ձեռքին միայն դռան բռնակն էր, իսկ դռնից այն կողմ կանգնած մարդասպանի ցանկությունը դժվար չէր կռահել: Անհրաժեշտ էր` որքան հնարավոր է` շուտ դուրս գալ սենյակից:

Դուռը բացվում էր դեպի ներս և պաշտպանվելու համար այդ պահին այն փակել անհնար էր, իսկ մոտ կանգնելը` վտանգավոր: Արձակված գնդակներն անցնում էին կաղնու փայտի միջով: Պետք էր դիմադրել, մինչև անվտանգության աշխատակիցները տեսնեն, կամ լսեն: Սակայն հաջորդ վայրկյանին Սամվելին անհավանական թվաց նրանց օգնությունը:

«Հավանաբար նրանք չկան»:

Դռան քանդված բռնակը դեռ նրա ձեռքում էր: Սամվելը չվարանեց ու որքան ուժ ուներ` բռնակը սուր կողմով խոթեց դռան ու հատակի ճեղքի մեջ, ապա մոտեցավ պատին ու ստիպեց, որ Տաթևն էլ նույնն անի: Դուռն ուժեղ հրեցին, բայց բռնակը դիմադրեց, ու դուռը մի փոքր առաջ գալով, նորից ետ գնաց:   

(Շարունակելի)