300-ամյա մումիան բացել է աչքերը


Եթե իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներով արված աճպարարություն չէ սա, ուրեմն իսկապես անվերծանելի առեղծված է: Ու առայժմ ոչ մեկը չի կարողանում բացատրել մումիայի «արթնացումը»: Ոմանք դա միստիկ նշան են համարում, ոմանք` սուրբ նախանշան կամ` սատանայի խարդավանք:

Մեքսիկական Գվարդալախարա քաղաքի մայր տաճարում զբոսաշրջիկներից մեկին հաջողվել է տեսագրել զարմանահրաշ մի պատկեր. 300-ամյա զմռսված դիակը բացել է աչքերը: Այս աղմկահարույց միջադեպի «մեղավորը» սուրբ Ինոսենիսիոյի մումիան է: Այս աղջկա մասին լեգենդ կա հյուսված. նրա հայրը կտրականապես դեմ է եղել, որ դուստրը կաթոլիկություն ընդունի: Աղջիկը, սակայն, չի լսել հորը. նա շատ է ցանկացել սովորել և ընդունվել է կաթոլիկ դպրոց: Հայրը զայրացել է և դանակի մի քանի հարվածով սպանել դստերը: Մահից հետո Ինոսենսիոյին սրբերի շարքն են դասել, և նրա մասունքները մինչ օրս մնում են անապական (չեն փթել)` հավատացյալների և զբոսաշրջիկների մեծ խմբեր ձգելով դեպ այս տաճարը:

Ու ահա զբոսաշրջիկներից մեկի կատարած տեսանկարում ամրագրվել է առեղծվածային այն պահը, երբ մումիան բացում և անմիջապես փակում է աչքերը:

Տեսահոլովակի հեղինակն ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե 18-րդ դարում վախճանված աղջիկն ինչպես կարող է բացել աչքերը: Հոլովակը դիտողները ևս անտարբեր չեն տեսածի հանդեպ: Ոմանք դա զեղծարարություն են համարում, ոմանք էլ համոզված են, որ մումիայի ակնաթարթումը միստիկ նշան է (segodnyΖ.uΖ): Ամենատարբեր կարծիքներ են հնչում, բաց ոչ մեկը չի կարողանում բացատրել, թե ինչ է դա: