ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ


 

Արդեն վեց տարի է` Հայաստանում գործում է ՌԴ իշխանությունների կողմից կազմված «Հայրենակիցներ» ծրագիրը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը նոր է միայն արձագանքում այդ ծրագրին` չընդունելով նրա ձևաչափը: Այս ծրագրի շրջանակներում արդեն հազարավոր մարդիկ են հեռացել Հայաստանից` հույս ունենալով Ռուսաստանում գտնել կայուն և բարձր վճարվող աշխատանք: Նրանցից ոմանք արդեն հիասթափված վերադարձել են` բախվելով այն խաբեությանը, որը դրված է ծրագրի հիմքում: Ծրագիրն, ըստ էության, նպատակ է հետապնդում գտնել էժան աշխատուժ` միաժամանակ բնակեցնելով իր աղքատացած շրջանները:

Մենք մի շարք բժիշկների հետ ենք զրուցել, ովքեր մեկնել են Ռուսաստան, տեսել անմարդկային այն պայմանները, որոնք իրենց են առաջարկվում և վերադարձել են` Հայաստանում կորցրած լինելով իրենց աշխատատեղերը: Բազմաթիվ հրապարակումներ են եղել այս մասին, մինչդեռ մեր կառավարությունը չի արձագանքել` հավանաբար չնկատելով, որ այսպես հայաթափվում է երկիրը: Եվ հիմա միայն չընդունելով ծրագրի ձևաչափը` կառավարությունը ցույց է տալիս իր «ատամները»` փորձելով հիշեցնել Ռուսաստանին, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, հետևաբար մեկ այլ երկիր իրավունք չունի այստեղ ծրագրեր իրականացնել` ի վնաս իր շահերի: