ԻՍԿ ՀԱՆԹՍՄԱՆԸ ԼՌՈՒՄ Է


 

«Սիվիլիթաս»-ի աղմկահարույց թեման շարունակում է ամենաքննարկվողներից մեկը մնալ: ՀՀ գլխավոր դատախազի ելույթը խորհրդարանում և Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին անդրադարձել են բազմաթիվ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ` միանգամայն ճիշտ և հիմնավոր համարելով այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են ՀՀ նախկին արտգործնախարարին:

Մասնավորաբար ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը վստահ է, որ դատախազի հիմնավորումներն ունեին արդարացվածություն, բոլոր դրույթները բխում էին գործով ձեռք բերված ապացույցներից: Պատգամավորը նաև համոզված է, որ Ա. Հովսեփյանը խորհրդարան գալուց առաջ ուսումնասիրել էր գործը, ուստի չէր կարող թույլ տալ որևէ անճշտություն:

Որոշ քաղաքական գործիչներ էլ իրավացիորեն տարօրինակ են համարում այն հանգամանքը, որ մինչև օրս Հանթսմանը որևէ կերպ չի արձագանքել Օսկանյանի դեմ ներկայաց ված մեղադրանքներին: Իսկ սա նշանակում է, որ նա ասելիք չունի և լիովին համամիտ է այն ամենին, ինչ բացահայտվել է: Ինչպես ընդգծել է իրավաբան Գևորգ Ամիրյանը` դատախազի փաստարկներն այնքան հիմնավոր էին, որ Օսկանյանի հուզական բացատրություններն ի զորու չեղան հակադարձելու և չեզոքացնելու հնչած մեղադրանքները: