«ԼՖԻԿԻ» ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ


 

Նախագահ Սերժ Սարգսյանն իսկապես վճռական է տրամադրված և կամենում է պայքար ծավալել բոլոր այն օլիգարխների դեմ, ովքեր երկար ժամանակ իրենց արտոնյալ ու օրենքից դուրս են համարել:

Նախագահի հանձնարարությամբ տեսչական ստուգումներ են սկսվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության դեղատներում: Հայտնի է, որ այս ընկերությունը վերջին շրջանում անողոքաբար բարձրացնում է ներկրվող դեղորայքի գները և օրավուր ավելացնում իր գերշահույթները: Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, այս ընկեությունը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր փորձում են աշխատել օրենքներով և զերծ մնալ դեղորայքի գների չհիմնավորված բարձրացումներից:

Ըստ որոշ տեղեկությունների, «Նատալի ֆարմի» դեղորայքի պաշարների մի մասը ստացվում է պետական խողովակներով: Այսինքն, հիվանդանոցներն իրենց ստացած դեղերը ուղարկում են «Նատալի ֆարմ» և ակնկալում «փոխշահավետ» արդյունքներ: Հենց այս ամենն էլ կամենում է «ջրի երես» հանել նախագահ Սարգսյանն ու դեղորայքի վաճառքի ոլորտում հաստատել օրինականություն:

Ուշագրավն այն է, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունում ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ պատգամավորական մանդատից հրաժարվեց «Լֆիկի» մտերմագույն ընկերը` Ռուբեն Հայրապետյանը: Ոմանք սերտ կապեր են տեսնում այս երկու արտաքուստ իրար չառնչվող իրողությունների միջև: Սակայն համոզիչ է այն փաստարկը, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ամբողջապես կամենում է ձերբազատվել օլիգարխներից և երկրում հասնել օրենքների գերակայության: