ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


 

Մեր ուշադրությունը նորից սևեռվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք քայլերի, որոնք ուղղված են հասարակական կազմակերպութ յուններին և հիմնադրամներին: Պարզվեց, որ այս նախարարությունը 20-ից ավելի հասարակական կազմակերպությունների հանել է ցուցակներից, այսինքն դադարեցրել է նրանց գործունեությունը: Սա, բնականաբար, արտառոց փաստ է, որը չէր կարող մտահոգություն չծնել:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, ըստ էության, սխալ է կիրարկել մեր երկրի մի շարք օրենքներ` այսպիսով գերազանցելով իր լիազորությունները: Կազմակերպությունների լուծարումը ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի խախտում է, մինչդեռ այս նախարարությունում համոզված են, թե իրենք ամենազոր են և կարող են անել այն ամենը, ինչ կամենան:

Նշյալ գերատեսչությունը լուծարել է «Թռիչք», «Լոռու զարգացման կենտրոն», «Անվտանգ մանկություն», «Առողջ կյանք», «Երիտասարդական ալիք», «Բանալի», «Ապոլոն», «Առողջ Լոռի», ««Վանաձորի առողջ հասարակություն», «Թագավորանիստ կրթամշակութային բարեգործական կենտրոն», «Անաղարտ Լոռի», «Մանչուկ», «Խուլերի կրթամշակութային կենտրոն» և բազմաթիվ այլ ՀԿ-ներ: Ուսումնասիրելով լուծարման գործընթացները, հանգում ենք այն եզրակացության, որ խախտվել է նաև «Հասարակական կազմակերպություննե րի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն` կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: