Նախագահացուների կանայք` բանավեճից առաջ


 

Հասկանալի է, խոսքը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի երկու հիմնական թեկնածուների բանավեճի մասին է, որից մեկ օր առաջ երկրի առաջին տիկին Միշել Օբաման և Միթ Ռոմնիի կինը` Էննը, խոսել են իրենց ապրումների մասին:

- Ես այնպես եմ նյարդայնանում բոլոր այդ բանավեճերի ժամանակ: Ինչպես ծնողներն են նայում մարմնամարզական ձողի մոտ կանգնած իրենց երեխային: Դու պարզապես փորձում ես չմատնել քեզ,- CNN-ին ասել է Միշել Օբաման:

Նա հավելել է, որ սովորաբար ձեռնպահ է մնում` բանավեճերից առաջ խորհուրդներ տալ, որովհետև`

- Նրան շատ խորհուրդներ պետք չեն: Նա հրաշալի է վարում բանավեճերը: Այնպես որ, ես պարզապես խորհուրդ եմ տալիս հաճույք ստանալ, չլարվել: Կարծում եմ` նա կանի հնարավորինը,- ասել է ԱՄՆ-ի առաջին տիկինը:

Եվ նա չէր չափազանցնում. Բարաք Օբաման իսկապես բանավեճերից մեծ փորձ ունի և այս անգամ էլ կարողացավ ամրապնդել իր համակիրների վստահությունը:

Էննը նույնպես ամուսնու լավագույն խորհրդատուն է և պատմել է, թե կողակիցն ինչպես է լարվում բանավեճերից առաջ:

- Երբ նա բարձրանում է բեմ` հանում է ժամացույցն ու դնում ամբիոնին: Հետո թերթիկի վրա գրում է «հայր»,- պատմել է կինը` պարզաբանելով, որ ամուսնու հայրը` Միչիգանի նախկին նահանգապետ Ջորջ Ռոմնին, որդու կյանքում գլխավոր դերակատարում է ունեցել:

- Այնուհետև նա նայում է դահլիճին և աչքերով գտնում ինձ: Նրան անհրաժեշտ է գտնել ինձ. նրան պարզապես անհրաժեշտ է այդ կապը: Եվ գրեթե ամեն պատասխանից հետո նա հայացքով հարցնում է ինձ` «Լա՞վ էր, նորմա՞լ էր»:

Կարևոր է, երբ կանայք գնահատում են իրենց ամուսիններին: Եթե նույնիսկ նրանք պետության ղեկավարներ չեն: