5 զույգ կոշիկ և 178 օր


 

Ինքնահաստատման մղումո՞վ, թե՞ հայրենիքն ամբողջությամբ ճանաչելու վճռականությամբ` 25-ամյա ամերիկացին հետիոտն ճամփորդել է ողջ Ամերիկայով` արևելյանից մինչև արևմտյան ափեր (տեղեկացրել է Oddity CentrΖl կայքը):

Նաև Թափառաշրջիկ Նիկ անունով հայտնի Նիկ Կլեկներն իր ճամփորդությունը սկսել է այս տարի ապրիլի 5-ին` Ֆլորիդա նահանգում: 178 օրում նա հասել է Կալիֆոռնիա` հատելով ավելի քան 4 հազար կիլոմետր և մաշելով 5 զույգ կոշիկ: Երիտասարդը ճամփա է ելել առանց հացուջրի, առանց փողի` ակնկալելով առատաձեռն անծանոթների հոգատարութ յունը: Նրա միակ «ուղեբեռը» iPod Touch հեռախոսն է եղել` համացանցի կանխավճարով: Դա էլ օգտագործել է` իր բլոգում տպավորությունները գրելու և հարազատներին իր մասին տեղեկություն հաղորդելու համար:

Իր իսկ խոսքերով` Նիկը մեծացել է լավ ընտանիքում, ունեցել է սիրելի աշխատանք, երբևէ փողի կարիք չի զգացել:

- Այդ քայլին դիմելու ցանկությունն արթնացել էր մեկ տարի առաջ, երբ կյանքն ինձ միապաղաղ էր թվում,- գրել է նա իր բլոգում:- Թափառաշրջիկ դառնալով` ես սկսեցի ապրել իրապես և սովորեցի գնահատել մարդկանց օգնությունը:

Հրաշալի մի ֆիլմ կա` «Ֆորեստ Գամպ», որի հերոսը դժվարանում է քայլել, բայց մեկեն սկսում է վազել` երբ ստիպված էր խույս տալ անարժանների ճնշումներից: Նիկին շատերը համեմատում են Ֆորեստ Գամպի հետ: Նիկին էլ ձանձրույթն ու միապաղաղությունն են ճամփա հանել, և նա արդեն բազմաթիվ համախոհներ ու հետևորդներ է ձեռք բերել: