Կրտսեր կինը պալատ է ուզում


 

Թագավորը միապետ է: Միապետն իր երկրի ու այնտեղ ապրողների մենիշխան տերն է: Մարդկությունն էլ պայքարել-պայքարել, մենիշխանությունները տապալել ու ժողովրդա վարություն է հաստատել, կառավարման ժողովրդա-իշխանական համակարգեր: Այդ համակարգերից, իհարկե, դժվար է գլուխ հանել. ասում են մի բան, անում` բոլորովին հակառակը, կատարվածն էլ ներկայացնում են` ով ոնց ուզի: Բոլորը միաբերան ճղավում են, թե ամեն ինչ ժողովրդի համար են անում (կամ` ամե´ն ինչ անում են ժողովրդի համար): Մինչդեռ էդ ժողովուրդն էլ պատեպատ է զարկվում, որ աշխատանք գտնի, իր մտավոր ու ֆիզիկական ուժերը վաճառի` կառավարություն և պետություն պահի, օլիգարխներ բուծի, ու թե քսակում մի բան մնաց` իր անձնական կարիքները հոգա: Սա` սովորական պետություններում: Բայց կան և թագավորանիստ երկրներ, որտեղ պետբյուջեն սնում է իր միապետին` արքայավայել շուքով: Հետո՞ ինչ, որ թագավորները չեն ընտրվում. գոնե ընտրությունից-ընտրություն թեկուզ սուտումուտ խոստումներ չեն շռայլում, ընտրակաշառք չեն բաժանում: Նրանք պիտի լավ ապրեն, պիտի վայելեն ու վերջ: Օրինակ հարավաֆրիկայում առավել ազդեցիկ ավանդական առաջնորդներից մեկը` Գուդվիլ Զվելիտինին: Զուլու ժողովրդի արքան օրերս ցանկություն է հայտնել, որ կառավարությունը լրացուցիչ 700 հազար դոլար հատկացնի` իր 6-րդ կնոջ համար պալատ կառուցելու: Նրա ամենակրտսեր թագուհի-կինը` Զոլա Մաֆուն, ամուսնու 5-րդ կնոջ` Նոմպումելելո Մչիզայի հետ ապրում է նույն պալատում: Դե, երկու թագուհու համար մեկ պալատը քիչ է:

Հարավաֆրիկյան Հանրապետության 9 մարզային վարչատարածքներից Քվազուլու-Նաթալի կառավարությունն այս տարի արդեն 6,9 միլիոն դոլար է հատկացրել` որպես թագավորական ընտանիքի պահպանման ծախս: Իսկ երկրի ընդդիմադիր կուսակցությունները նախկինում ևս այդ ընտանիքը բազմիցս մեղադրել են` վատնողականության համար: Դեռևս 2008 թ. հաշվարկվել էր, որ շուրջ 24 հազար դոլար մսխվել է` անկողնու սպիտակեղեն, դիզայներական հագուստներ ձեռքբերելու և թանկարժեք ճամփորդությունների մեկնելու նպատակով:

Մաֆու թագուհու պալատին անհրաժեշտ 700 հազարից զատ, թագավորական ընտանիքի ֆինբաժնի ղեկավարը խորհրդարանական կոմիտեին տեղեկացրել է, որ ևս 1,4 մլն դոլար է հարկավոր` 5-րդ թագուհի Մչիզայի պալատի վերանորոգման համար: Պահանջվող գումարը կհատկացվի 3 տարվա ընթացքում: