«ԿԱՐԵՎՈՐԸ ՄՈՌԱՑՎԱԾ ՉԼԻՆԵԼՆ Է»


 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն այս պաշտոնին է եկել ակտիվ լրագրողական գործունեությունից: Կառավարման համակարգում փորձ չունեցող անձնավորությունը, սակայն, իրեն օտար չի զգացել: Եկել, ու կարճ ժամանակամիջոցում արդեն արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ

 

- Արցախը տակավին մնում է հարուստ, սակայն քիչ հետազոտված մշակութային շերտերի երկրամաս: Արդյո՞ք նախարարությանը հաջողվում է կարևորել պատմա-մշակութա յին ժառանգությունը, հանրահռչակել այն:

- Միանգամայն ճիշտ եք, որ հարստություններ կան, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են հողի տակ, չեն պեղվել, չեն հետազոտվել: Հիմա աստիճանաբար բացահայտ վում են քաղաքակրթության նոր հանգրվաններ, պեղվում են նոր բնակավայրեր: Դրանք, իհարկե, մեր նախարարության գործառույթներից դուրս են, դրանցով զբաղվում են այլ գերատեսչություններ, սակայն մենք կազմակերպում ենք գիտաժողովներ, նպաստում գրքերի հրատարակմանը, որպեսզի այդ ամենը հասանելի լինի բոլորին: Մենք առավելապես զբաղվում ենք գեղարվեստական մշակույթի, սոցիալ-մշակութային նշանակության կառույցների աշխատանքների համակարգման խնդիրներով, առաջնային ենք համարում, ինչպես ընդունված է ասել, հանրության գեղագիտական դաստիարակության խնդիրները: Այս առումով` մեծ անելիքներ ունենք, որովհետև շատ երկար ժամանակ ամեն ինչ ենթարկվել է ադրբեջանական կամայականություններին, իսկ պատերազմի տարիներին, հրադադարին հաջորդող ժամանակամիջոցում մենք մեր ուշադրությունն առաջին հերթին սևեռել էինք պաշտպանական և սոցիալական խնդիրներին` փոքր-ինչ անուշադրության մատնելով մշակույթը: Բայց հիմա ամեն ինչ անում ենք` բացթողումները լրացնելու համար:

- Ես Ձեր ջանքերը նկատեցի` հատկապես քայլելով Շուշիի փողոցներով: Շուշին իսկապես մշակութային խոշոր կենտրոն է դառնում, լուրջ քայլեր կան կատարված նաև Ստեփանակերտում:

- Մենք Շուշին մշակութային մայրաքաղաք ենք հռչակել. այնտեղ կտեղափոխվի մեր նախարարությունը: Այո´, Ստեփանակերտում, կարելի է ասել, շատ բան լուծված է, սակայն մեր խնդիրները չափազանց շատ են: Առաջին հերթին պետք է փոխել մարդկանց հոգեբանությունը, պետք է ջանքեր գործադրել` ղարաբաղցու մեջ առկա մշակութային կուտակումնե րը բացահայտելու համար: Հեշտ է արդեն կառուցվածը վերափոխելը, նոր բովանդակություն հաղորդելը, մինչդեռ հիմա մենք շատ բան զրոյական կետից ենք կառուցում, շատ ավանդույթներ նոր ենք ձևավորում: Մշակութային գործունեությանը համադրում ենք քարոզչականը, գրահրատարակչության միջոցով ջանում ենք և´ Արցախի գրականությունը տեսանելի դարձնել, և´ հիմք դնել արվեստաբանական գրականության ձևավորմանը, և´ աջակցել արվեստային-մշակութային իրողությունների կայացմանը… Արտաքուստ թվում է, թե ոչ մեծ թվով մշակութային կառույցներ ունեցող ԼՂՀ-ում հեշտ է մշակույթի կառավարումը, սակայն սա ամենաբարդ ոլորտներից մեկն է, որն ունի նաև ռազմավարական նշանակություն, մաս է կազմում անվտանգության հայեցակարգի:

- Ինչպե՞ս են լուծվում երիտասարդության խնդիրները:

- Ինչպես ամենուրեք, մեզ մոտ նույնպես երիտասարդությունը համարվում է ամենախոցելին: Առաջին հերթին` սոցիալապես գրեթե չպաշտպանվածը, որովհետև երիտասարդութ յան հանգստի ու աշխատանքի կազմակերպումը, սոցիալական պայմանների ձևավորումը չի կարող լինել սոսկ հռետորաբանություն: Լուրջ ու հիմնավոր ծրագրեր են հարկավոր: Ղարաբաղից արտահոսքը շատ չէ, սակայն ցավալի է, որ մեր երիտասարդությունն էլ դեռևս չի կարողանում աշխատել այն մասնագիտություններով, որոնք ընտրել է, չի կարողանում ամբողջապես հասնել ինքնադրսևորման և ինքնահաստատումի: Վերջին շրջանում, համագործակցելով որոշակի կառույցների հետ` որոշակի քայլեր անում ենք. արդեն երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրն է մտել գործողության մեջ, ձգտում ենք ոմանց տեղավորել աշխատանքի, ամեն ինչ անել, որպեսզի նրանք չհեռանան Արցախից, մնան իրենց հողի վրա: Ասեմ, հեշտ չէ այս ամենը, սակայն երբեք չենք վհատվում և շարունակում ենք ուղիներ որոնել:

- Միշտ ասում ենք, որ Հայաստանն ու Արցախն այսուհետև միակամ ու միասնական են: Արդյո՞ք համատեղ մշակութային ծրագրեր կյանքի կոչվում են:

- Ցավոք սրտի` ոչ միշտ: Դեռևս սառնություն կա մեր երկու նախարարության հարաբերություններում, Հայաստանի մշակույթի նախարարությունը դեռևս քիչ է կարևորում համագործակցությունը: Մինչդեռ ես համոզված եմ, որ մենք շատ ու շատ ծրագրեր պիտի համատեղ կյանքի կոչենք, չպետք է տարաբաժանենք հայաստանյան մշակույթը արցախյանից: Դա մեկ ու միասնական մշակութային տարածքն է` գրեթե նույնականացող խնդիրներով և հայեցակարգերով: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, թե մենք մոռացված ենք, մինչդեռ կարևորը մոռացված չլինելն է:

- Ես հույս ունեմ, որ սառույցը կհալվի, որ իսկապես մի շարք համազգային նշանակության մշակութային ծրագրեր կյանքի կկոչվեն համատեղ ներդրումներով: Իսկ հիմա թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր զրույցի համար:

- Ես էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեր թերթին: «Ավանգարդ»-ի նկատմամբ շատ վաղուց որոշակի վերաբերմունք և սեր է ձևավորվել: Ձեզ էլ` հաջողություններ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ