Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆ

«ԵՍ ՆՄԱՆ ՉԵՄ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»


 

Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար արտիստ Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հանդիպելը հեշտ չէր. նկարահանումներ, փորձեր թատրոնում, կրկնօրինակումներ: Բայց երբ տեղեկացավ, որ «Ավանգարդ» թերթից են ցանկանում հանդիպել իր հետ, սիրով համաձայնեց:

- Գիտեմ, որ մեր ընթերցողների մեջ էլ քիչ չեն նրանք, ովքեր դիտում են «Դժվար ապրուստ» ֆիլմաշարը, ուր դու նկարահանվում ես Իսահակ Խորենիչի դերում: Երբեմն ոմանք նմանեցնում են դերակատարին ու կերպարը, գուցե քե՞զ էլ են նմանեցնում...

- Լսում եմ ինչ-որ խոսակցություններ, թերթերից մեկում էլ տպագրել էին հոգեբանության բաժնում սովորող մի ուսանողուհու թղթակցություն, ուր տաքսու վարորդը տեղեկանա լով, որ ապագա հոգեբան է, հիշատակել էր Իսահակին ու ոչ հարգալից բառ օգտագործել: Ես նման չեմ իմ այն հերոսներին, ում խաղում եմ: Նրանք իրենց կենսագրություններն ու բնավորություններն ունեցող մարդիկ են` իրենց աշխարհներով, հոգեկերտվածքով: Անշուշտ, ես երբեմն բարիացնում եմ նրանց, իմ ժպիտով ժպտում, իմ բարի հայացքով նայում: Կերպարն ու դերասանը ձուլվում են իրար արտահայտչամիջոցներով, բայց ոչ երբեք տեսակով ու բնավորությամբ: Իսահակին ստեղծել է սցենարիստը` որպես գրական կերպար, ես չեմ կարող խաթարել նրա ընթացքը, չեմ կարող փոխել վարքագիծը:

Խոսենք ցավոտ հարցի մասին: Այսօր շատերն են քննադատում սերիալները, մեղադրում նկարահանվող դերասաններին: Անձամբ դու ի՞նչ կարծիք ունես սերիալների մասին, արդյո՞ք մեզ պետք են դրանք:

- Սկսեմ վերջից: Սերիալներ պետք են. հասարակությունը միատարր չէ, ամեն մեկն ունի իր նախասիրությունները: Կա մի մեծ զանգված, որը նայում է ցանկացած երկրի արտադրության սերիալ: Ուրեմն, այդ զանգվածին չպետք է զրկել իր ցանկություններից: Մեզ մոտ շատերը պատկերացում չունեն սերիալային ինդուստրիայի և նրա առանձնահատկություն ների մասին: Այն գեղարվեստական կինո չէ, հեռուստաթատրոն չէ և կառուցվում է մելոդրամատիկական ու զգայացունց սյուժեի վրա: Սյուժեն ընթանում է դանդաղ, հաճախ կրկնվում են իրավիճակներն ու գործողությունները... Սերիալները չեն ստեղծվում ինտելեկտուալ կինոյի սիրահարների համար: Այս ամենը պիտի հասկանալ և իմանալ: Ունենք խնդիրներ, մտահոգություններ: Պետք է մտածել սերիալային դրամատուրգիայի մասին, պետք է շատ ավելի պրոֆեսիոնալ մարդկանց ընդգրկել` լինի դերասան, ռեժիսոր, թե սցենարիստ:

Մարդկային ինչպիսի՞ տեսակի կուզենայիր մարմնավորել:

- Ես սիրում եմ ուժեղ բնավորությունների մարդկանց: Ինչ մասնագիտության տեր ուզում է լինի, միայն թե ուժեղ լինի, կամային, սկզբունքային, կարողանա պայքարել: Մենք բարդ ժամանակներում ենք ապրում, անչափ շատ են սոցիալական և հոգեբանական խնդիրները, մարդիկ շուտ վիրավորվող և շուտ վհատվող են դարձել: Պետք է գոնե էկրանից նրանց հոգեբանության վրա ազդել, քանի որ արվեստն ունի նաև հոգեվերլուծական գործառույթ: Պետք է ուժեղ մարդու բերել կինո կամ հեռուստատեսություն, որպեսզի հանդիսատեսը կարողանա ինքն էլ վարակվել, պայքարել, կռվել, հաղթել: Կուզենայի խաղալ նաև պատմական անհատների դերեր: Ես իմ դերասանական կենսագրությունը սկսել եմ Թբիլիսիի հայկական թատրոնում, որի խաղացանկում շատ էին պատմական դրամաներն ու ողբերգությունները: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու էին նման ստեղծագործություններ ընտրվում: Դրանցով հարկավոր էր հայի ոգին ամուր պահել: Հիմա մեզ էլ նման հերոսներ են պետք, որպեսզի բանակ զորակոչված հայ տղան երբեք չմտածի ինքնասպանության կամ էլ ընկերոջը սպանելու մասին... Թող ինձանից չնեղանան մեր թատերագիրները, բայց ես ժամանակակից պիեսներում, բացառությամբ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունների, չեմ տեսնում մեր ժամանակի հերոսին: Արցախյան պատերազմ ենք հաղթել, բայց մինչև օրս այդ պատերազմի իսկական հերոսներին բեմ չենք բերել: Բեմ չենք բերել մեր կողքին ապրող, սակայն մեզանից շատ բանով տարբերվող մարդուն: Կուզենայի, որ բեմ գային Հրանտ Դինքի նման հերոսներ...

Արդյո՞ք մենք կարողանում ենք ճիշտ և սկզբունքորեն գնահատել արվեստագետին, արդյո՞ք արվեստագետը մեր իրականության մեջ արժևորված է:

- Այդ հարցին պատասխանելու համար երևի թերթի էջերը չբավականացնեն: Արվեստագետը մեր հասարակության մեջ դեռևս արժևորված չէ: Պատճառները շատ են, հիմա հանրային հետաքրքրություններն այլ տեղ են: Պետք է մշակել պետական մոտեցում և պետական վերաբերմունք: Երբ արվեստագետին չնչին աշխատավարձ կամ հոնորար ես տալիս, նշանակում է` չես գնահատում նրան: Կոչումների ու պարգևների հարցում էլ ոչ միշտ է օբյեկտիվ վերաբերմունք ձևավորվում: Այսօր մի սարսափելի իրարանցում է տիրում այդ ոլորտում, շատ հաճախ մարդիկ են մղվում դեպի կոչումները, որոնց արածի արժեքն անհասկանալի է, մինչդեռ շատ վաստակաշատ ու տաղանդավոր մարդիկ մնում են ստվերում: Թբիլիսիում ապրում է մեր բեմի փառքերից մեկը` Սերիկ Շեկոյանը: Չնայած հիվանդության պատճառով նա բացարձակապես չի տեսնում, բայց ամեն օր թատրոն է գալիս. աշխատում է օգտակար լինել թատրոնին: Նա Վրաստանի ժողովրդական և Հայաստանի վաստակավոր արտիստ է: Արդեն երկար ու ձիգ տարիներ մերժում են առաջարկությունները նրան Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու հարցում: Բայց հենց այդ բարձրագույն կոչումը երբեմն շնորհում են մարդկանց, ովքեր ոչ միայն ժողովրդի կողմից ճանաչված չեն, այլև բավական հեռու են ազգային արվեստից... Մի խոսքով, հարկավոր է այս հարցում լինել ազնիվ ու հոգատար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ