ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ... ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՄԲ


 

Ցանկացած սկանդալային իրավիճակ Հայաստանում վերածվում է ընդդիմության ինքնահաստատման ինքնատիպ ցույցի: Սա արդեն տասնամյակով հաստատված ճշմարտություն է, որին ոչինչ անհնար է հակադրել: Ընդդիմությունը մեզանում շատ հաճախ գործում է ոչ թե հստակ ուրվագծված ծրագրով, այլ իրադրային-իրավիճակային զարգացումնե րը փորձում է ծառայեցնել իր շահերին: Գուցե չափազանց պարադոքսալ է այս դիտումը, սակայն դա անհերքելի ճշմարտություն է, որն այս անգամ ևս ընթացավ արդեն ծանոթ սցենարով: Վարդան Օսկանյանի հետ կապված պատմությունը, պարզվում է, անչափ ցանկալի էր ընդդիմության և մասնավորաբար Կոնգրեսի համար: Այս օրերին ընդդիմության ոչ խորհրդարանական ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում` պարզելու իրենց մարտավարությունն ապագա նախագահական ընտրություններում, փնտրում են առաջնորդներ, մտածում միասնական թեկնածուի մասին: Իսկ ահա ՀԱԿ-ը նման խնդիր չունի, որովհետև իր քայլերը կազմակերպում է այնպես, որ իշխանությունները գոհ մնան և հնարավորություն տան այս ուժին` կյանքի կոչելու կեղծ ընդդիմության «ծրագրերը» և հանրությանը նորից իր շուրջ համախմբելու: Միայն թե այս համախմբումը լինելու է ոչ թե գաղափարական և ծրագրային հայեցադրույթների շուրջ, այլ ընդամենը որոշակի նպատակների: Իսկ այդ նպատակների առանցքում երևութականության ստեղծումն է:

Թե ի՞նչ կտա այս «պատերազմը» և ինչպիսի հասարակական արձագանք կձևավորի` պարզ է. ընդդիմադիր կեցվածք ունեցողներից շատերը կհավատան Ն. Փաշինյանի անկեղծությանն ու կմտածեն, թե մեր ընդդիմադիրները շարունակում են մնալ իրենց դիրքերում, մինչդեռ առավել իրատեսները կհասկանան, որ արմատական ընդդիմությունը շատ վաղուց դիմազրկվել ու դարձել է ձեռնասուն` լուծելով միայն անձնական հարցեր: Հատկապես Օսկանյանի առթիվ ընդդիմության հնչեցրած ելույթներն ու գնահատականները միայն հանրային դաշտի վրա տպավորություն թողնելու համար են, մինչդեռ իրականում Կոնգրեսին և նրան հարող ուժերին առանձնապես չեն հետաքրքրում ինչպես օսկանյանական խնդիրները, այնպես էլ ներքաղաքական խմորումները: Կարևորը ամբիցիաներն են, որոնք այս դեպքում ևս յուրովի բավարարվում են: