Գողացել են թոշակառուի պահածոները


 

Երևանի Նոր Արեշ թաղամասի 65-ամյա մի բնակչուհի օրերս զանգահարել է ոստիկանության Էրեբունու բաժին և լացակումած հայտնել, որ գիշերը իր խորդանոցից գողություն է կատարվել:

Թոշակառու կնոջ տուն մեկնած ոստիկանները պարզել են, որ երեկոյան ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցներով դուռը բացելով, ամբողջովին մաքրազարդել են խորդանոցը` գողանալով ձմռան դժվարություններին դիմակայելու համար տանտիրուհու պատրաստած բոլոր պահածոները:

Մարդու դիմագիծը կորցրած ճիվաղը (չի բացառվում, որ ճիվաղներ լինեն) ամենևին չի խորշել և գողացել է նաև պահածոների համար նախատեսված ապակյա դատարկ տարաները:

Կատարվածից զայրացած երիտասարդ ոստիկանները համոզված են, որ այս փոքրոգի արարքի հեղինակները չեն մարսելու պահածոները, իսկ տատիկին խոստացել են օրուգիշեր աշխատել և բացահայտել հանցագործությունը: