ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ, ՇԱՏԵՐԸ ՉԳԻՏԵՆ

Աբովյանները հոբելյաններում


 

Իհարկե շատերը գիտեն, որ հայ գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1848 թ.-ի ապրիլի 2(14)-ի վաղ առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Իսկ քչերը երևի գիտեն, որ նույն ճակատագրով եղել է նաև մեկ ուրիշ Աբովյան:

Հայ մանկավարժ, հասարակական գործիչ Գևորգ Կարապետի Աբովյանն անհետացել է 1866 թ.-ի նոյեմբերի 13-ին: Ներկայացնելով նրան` հայկական սովետական հանրագիտա րանը (հ. 1, էջ 31-32) հրապարակել է ենթադրություն, թե նարոդնիկների հետ ունեցած կապերի համար ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է:

Գևորգ Աբովյանը ծնվել է Լոռու մարզի Օձուն գյուղում 1837 թ.-ին: Այս տարի նրա ծննդյան 175 ամյակն է: Սկզբնական կրթություն ստացել է Սանահինի դպրեվանքում: Այնուհետև ուսանել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում: 1849 թ.-ին Ներսես Աշտարակեցու օժանդակությամբ ուղարկվել է Մոսկվա` Լազարյան ճեմարան, որն ավարտել է 1954 թ.-ին: Ուսանողա կան տարիներին մտերմացել է առաջավոր մտավորականների հետ, տարվել հեղափոխական գաղափարներով: Ապրել է ընդամենը 29 տարի, բայց թողել է ուսանելի ժառանգութ յուն: 1954-ից մինչև իր առեղծվածային անհետացումը Թբիլիսիում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել է նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ: Նրա «Համառոտություն հայոց պատմության» աշխարհաբար դասագիրքը ունեցել է 4 հրատարակություն (1869, 1877, 1884,1893): Գ. Աբովյանը անձնական կապեր է ունեցել Գ. Սունդուկյանի և Պ. Պռոշյանի հետ և ակտիվորեն մասնակցել թատերական ու երաժշտական կյանքին, գրել է երգեր, «Շուշանիկ» պատմական ողբերգության (բեմադրվել է Թբիլիսիում 1859 թ.) երաժշտությունը, ստեղծել և ղեկավարել է երգչախումբ:

...150 տարի առաջ 1862-ին նույն Օձուն գյուղում ծնվել է գյուղագիր Անուշավան Մովսեսի Աբովյանը: Նա պատանի հասակում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունը ստացել է Ջալալօղլի (Ստեփանավան) հայկական դպրոցում: Հետո փոխադրվել է Թբիլիսի: Դեռևս իմ ուսանողական տարիներին, երբ ուսանողական գիտական ընկերության զեկուցում էի նախապատրաստում «Թումանյանը մանկավարժ» թեմայով, աշխատանքի գիտական ղեկավար, ներկայումս երջանկահիշատակ դասախոս Գոհար Մանվելյանի խորհրդով հանրային գրադարանում ծանոթացա Անուշավան Աբովյանի «Լևոնի հեքիաթը» գործին: Այն ունի ինքնակենսագրական բնույթ և հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում նրա և Հովհաննես Թումանյանի մտերիմ և ընկերական հարաբերություններից:

Ուշագրավ է «Գրական տեղեկատու»-ի 1986 թ.-ի հրատարակության երկու բացահայտում: Առաջինը այն մասին է, որ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմի նախաբանը նվիրել է Անուշավան Աբովյանին, իսկ 2-ը` դեռևս 1906 թ.-ին տպագրված ունենալով «Պատկերներ գյուղական կյանքից» գիրքը, Ա. Աբովյանը ԽՍՀՄ գրողների միության անդամ է դարձել 1938 թ.-ին (75-76 տարեկանում): Նույն տարում էլ ավարտել է իր երկրային կյանքը: 1950 թ. տպագրված «Հայ գյուղագիրներ» գրքի մեջ տպագրվել է Անուշավան Աբովյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Դիվանբեգին», «Գյուղի այրին», «Գրագիր Լևոնը և գյուղական դատարանը» պատմվածքները:

Երկու Աբովյաններ նույն գյուղից: Տոհմական կապը կարծես թե, կասկած չի հարուցում: Իսկ տոհմածառի ընդարձակումը կտանի՞ արդյոք դեպի մեծն Խաչատուր Աբովյանը կամ թե 115 տարի առաջ Թբիլիսիում ծնված տիտղոսակիր Գևորգ Աբովը (Գևորգ Արշակի Աբովյան): Անկախ այս հարցադրումներից հոբելյանները կարծում եմ արժանի են հիշատակման և արժևորման: