Անվրձին նկարիչը
Այվազովսկու արձանի մոտ Երևան եկած զբոսաշրջիկներին գիդը հպարտությամբ մեծ ծովանկարչին էր ներկայացնում: Հիացողները հանկարծ նկատեցին, որ նկարիչն առանց վրձնի է: Շշուկը լսելի դարձավ նաև գիդի ականջին: Խեղճ կինը պապանձվեց` ինչպես ասեր, որ վրձնի ջարդելն ու անհետանալը հանճարեղ ծովանկարչի հայրենակիցների ձեռքի գործն է:
Հորիզոնը, որ ներկա էր, իր ձևով փորձեց օգնության հասնել. խնդրեց թարգմանել`
- Հարգելի տիկնայք և պարոնայք, վրձին պետք չէ, Այվազովսկին այս գեղեցիկ այգին է եկել ոչ թե նկարելու, այլ հանգստանալու համար:
Գյուղապետի աշխատավայրը
Արարատյան դաշտից Սիմոնն իր միրգը տանում է Իջևան վաճառելու: Մի հաճախորդի հարցնում է.
- Ախպեր, ձեր գյուղը ո՞րն է:
- Գանձաքարը:
Օրերից մի օր էլ Սիմոնը մրգով լի մեքենան քշում է Գանձաքար, հանդիպում իր ծանոթ Մաթոսին:
- Ձեր գյուղապետը որտե՞ղ է նստում:
- Է, ի՞նչ իմանամ, Սիմոն, տարիքով մարդ ա, որտեղ հոգնում, էնտեղ էլ նստում ա, նստած տեղն էլ քնում ա: