Թշնամին էլ գիտե, մենք` ոչ


Թշնամին չարություն որոճալու համար է: Եվ բարբաջում է` սեփական ցանկություներն որպես իրականություն մատուցելով: Նպատակը պարզից էլ պարզ է. նսեմացնել հակառակորդին: Մեր պարագայում այդ թշնամին հայ ժողովրդին նշավակելուց զատ նաև իր ելուզակներին հուսավառելն է, թե իրենք զորեղ են այնքան, որ երբ որոշեն` կարող են հարձակվել ու հաղթել: Սեփական պարտությունը չեն մարսում և իրենց ժողովրդի ատելությունը խորացնելով` թույլ հակառակորդի կերպար են ստեղծում: Բայց, դժբախտաբար, միշտ չէ, որ երեկ¬մեկելօրվա քոչվոր ցեղախումբ մեր դրացոց բարբաջանքները զուրկ են գոնե կես¬ճշմարտությունից: Ասում են, չէ՞. թշնամու ասածն էլ լսիր մեկ¬մեկ` սեփական բացն ու թերին վերացնելու համար… Այսպես կոչված խորհրդարանական Խանհուսեյն Քյազիմլին օրերս «մեկնաբանել» է հայկական ԶԼՄ¬ների այն տեղեկատվությունները, որ Հայաստանում ապակառուցողական աղանդներին հակազդելու մարտավարություն են մշակում` աղանդավորական շարժումները համարելով լուրջ սպառնալիք` կրոնական անվտանգությանը: Ամեն ինչ ճիշտ է. ավելին, այդ մարտավարությունն ի սկզբանե պետք է մշակվեր, և աղանդներին էլ ինքնաթողության չափ անկաշկանդ հոգեորսության ասպարեզ չտրամադրվեր: Սա խնդրի մի կողմն է, ինչի վերաբերյալ «դուշման» ադրբեջանցոց կլանչոցներից միայն զվարճանալ կարելի էր: Սակայն արի ու տես, որ ելուզակը գիտակցաբար թե բնազդով` մատնահարել է մեր ցավերից մեկը. - Բնակչության մեծ մասի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ նաև զանգվածների հոգեբանական վիճակն է փոխվում,¬ ասել է միլլիմեջլիսականը` ընդգծելով, որ շատերը պարզապես փախչում են Հայաստանից: Սոցիալ-տնտեսական մեր ծանր վիճակի մասին այսպիսի բարձրաձայնումը շառաչուն ապտակ չէ՞ սուպեր ու հիպերմարկետասեր մեր գործարարներին, ովքեր մի փոքր խմբով տիրացել են շուկային և գներ են թելադրում: Բա˜րձր գներ: Դրա անունը կեղեքում չէ՞: Աշխատանք ու ապրուստի միջոց ունեցող հայը չի հեռանա իր հայրենիքից: Իսկ այդ հեռացումները միայն զգայական հետևանքներ չունեն: - …այսօր Հայաստանում ցանկացած գյուղ մտիր. բացի ծեր կանանցից ոչ մեկի չես հանդիպի: Իհարկե, այս իրավիճակում, որը կարելի է գերճգնաժամային անվանել, ինչ¬որ բանի հանդեպ մարդկանց որևէ հավատ սպասել չարժե,¬ ինքնագոհ «բեղերն է սղալել Քյազիմլի Խանհուսեյնը: Դուշման է` կուրախանա, «լուն ուխտ» կսարքի, իր զինվորներին էլ կմոլորեցնի, թե` որ պահին հրահանգենք, առանց վախի արշավեք Հայաստան. գյուղերում ծեր կանաք են, չեն դիմադրի: Այո, հզոր բանակ կերտեցինք: Բայց ամենազորեղ Բանակի թիկունքը որքանո՞վ է ամրապինդ. ահա խնդիր, որը գերխնդիր է այսօր ու հիմնահարց պետք է դիտվի: Հազար ու մի դեֆիցիտի համար մտահոգվում, դրանք վերացնելու ելքեր ենք որոնում: Զգոնություն է պետք` մարդկային դեֆիցիտի պատնեշի առջև չհայտնվելու: Զգոնություն` գործնական քայլերի տեսքով: Թեկուզ, օրինակ, ամենաշռայլ արտոնություններ տալով գյուղաբնակներին (խոսքն, իհարկե, շուկայամերձ Արարատյան հարթավայրի մասին չէ): Այնպիսի արտոնություններ, որպեսզի ոչ միայն հեռացածները վերադառնան, այլև այդ գյուղերում բնակվել ցանկացողներ լինեն` վստահ, որ աշխատանք, ասել է թե` ապրուստի աղբյուր կունենան: