1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից հեռանալու մասին երբևէ չի էլ հայտարարել: Ավելին, Նախագահի պաշտոնը թողնելիս նրա հնչեցրած` երիտասարդ թոշակառու չդառնալու խոստումն այս օրերին բավական հաճախ է հիշատակվում: Ուշագրավ է, որ երկրորդ Նախագահի` երեք կետից բացկացած հայտարարության երկու կետերն ամենաուղղակի կերպով քննադատում են գործող իշխանությանը` դրանով իսկ հաստատելով, որ Ռ. Քոչարյանի խաղը խոստանում է միանգամայն ինքնուրույն լինել: Դա նույնիսկ իշխանության համար չի կարող լինել, քանի որ եթե նախկին Նախագահը հայտարարում է, թե երկրում արմատական բարեփոխումների կարիք կա, խոսում է արտագաղթի աճի և հասարակության փակուղային տրամադրությունների մասին, ասվածն իշխանական կամ գոնե իշխանությանը համակիր գործչի չի կարելի վերագրել: Այս պարագայում որքան էլ ձևակերպումները մեղմ լինեն, այսուհանդերձ, դրանք ավելի շատ հիշեցնում են 2007¬ի աշնանը տեղի ունեցած` Լ. Տեր¬Պետրոսյանի երկրորդ վերադարձի մեկնարկը: Ընդորում, նման նախաձեռնությամբ ներկայանալու բավական հարմար պահ է ընտրված: Նախ` հերքվում է օրեր առաջ Ռուսաստանում տեղի ունեցածի կրկնության հավանականությունը, և հետո իր հետ վերջնականապես հաշվի նստելու մեսիջ է ուղարկվում իրեն միակ ու անփոխարինելի ընդդիմություն համարող ՀԱԿ¬ին: Իսկ թե խորհրդարանի ընտրություններին ո՞ր ուժերի միջոցով կներկայանա երկրորդ Նախագահը, առայժմ վաղ է կանխատեսել: Մանավանդ որ, այս առումով հստակեցումների ժամանակ դեռ շատ կա: Այսուհանդերձ, թեկուզև առայժմ հայտարարության տեսքով, բայց առաջին քայլն արված է` Ռ. Քոչարյանը վերջնականաապես որոշել է մեծ քաղաքականություն վերադառնալ: