«ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՒ ՀԻՄՆԱՔԱՐԸ»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը ԼՂՀ պաշտպանության բանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գտնվում էր Արցախում: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել զինանձնակազմի հետ, այցելել հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներ, հետաքրքրվել զինվորների մարտական և ծառայողական առօրյայով, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Ի դեպ, վերջին օրերին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ է այցելել Պաշտպանության նախարարության և Զինված Ուժերի գլխավոր շտաբի ամբողջ ղեկավար կազմը` Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված պաշտպանության նախարարի ցուցումները զինված ուժերի ողջ անձնակազմին հասցնելու համար: Պաշտպանության բանակում զինանձնակազմի հետ հանդիպումների ժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ չնայած բանակն իր առջև դրած մարտական խնդիրները գերազանց է կատարում, այդուհանդերձ մերթընդմերթ արձանագրվող արտակարգ պատահարները և արատավոր երևույթները փորձում են ստվերել բանակի հեղինակությունը: Նախարարը աններելի է համարել ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները և նշել, որ արդարացված է հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երևույթները պետք է հասցվեն նվազագույնի: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. - Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեզ համար պատասխանատվության և պատվի հարց է: Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է և մարտական ոգու հիմնաքարը: Նախարար Օհանյանը նշել է, որ անձնակազմի հետ աշխատանքները և արատավոր երևույթների դեմ պայքարը լինելու է զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի հայկական ազգային բանակի հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային հարաբերությունների գերադասումը, հրամանատարի անձնական օրինակը, հավասար և արդար վերաբերմունքը զինվորի հանդեպ, բանակային ընկերականությունը և ամենակարևորը` երիտասարդին բանակ ընդունել ծնողի հոգատարությամբ և կատարել նրա պարտականությունները: Միջգերատեսչական դասընթաց ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով հոկտեմբերի 3-ից 14-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անց է կացվում «Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարումը» խորագրով միջգերատեսչական դասընթաց: Դասընթացի անցկացման համար Երևան է ժամանել ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի դասախոսական խումբը: Ռազմավարական պլանավորման ուղղվածության և միջգերատեսչական բնույթի այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ներգրավված են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման գործընթացում: Դասընթացի ժամանակ ուսումնասիրվելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդկային, ֆինանսական ռեսուրսների և ծրագրերի կառավարումը, նյութատեխնիկական ապահովումը, պլանավորումը, ինժեներական նախագծումը, և տնտեսական ծրագրերի գնահատումը: Դասընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կապի և տրանսպորտի, էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների նախարարությունների, Ազգային Ժողովի պաշտպանության և ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների, Ոստիկանության և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի փորձագետները: