ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ. անդրադարձներ Որպեսզի մոռացվի սփյուռք բառը


ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված` Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի արձագանքների, ակնկալիքների մասին իր մեկնաբանություններով «Ավանգարդի» հետ կիսվեց 1968- ից Ազգային միացյալ կուսակցության, ապա Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: - Առարկայական ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել համաժողովից: - Որքան էլ գործնական առումով դիտարկենք նմանատիպ միջոցառումները, շատ լավ հասկանում ենք, որ դրանք նաև բարոյահոգեբանական նպատակ ունեն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սփյուռքում ապրելը և հայկական խնդիրներով զբաղվելը սփյուռքահայերից կրկնակի, եռակի անգամ ավելի շատ ճիգեր է պահանջում, քան Հայաստանում բնակվողներիս համար: Ինչ վերաբերում է գործնական ակնկալիքներին, բնական է, որ այդպիսի համաժողովներում ընդամենը գաղափարներ պետք է մատուցվեն, և շատ բան կախված է նրանից, թե ներկայացված գաղափարների, առաջարկների նկատմամբ Հայաստանի իշխանությունները Սփյուռքի նախարարության միջնորդությամբ ինչպիսի վերաբերմունք կդրսևորեն, ինչ արձագանք կտրվի: Օրինակ` ես հատուկ մասնակցել եմ լեզվի և կրթության վերաբերյալ զեկուցումների քննարկմանը: Արտահայտված մտահոգություններն ու նաև ակնկալիքները հիմնականում տեղին էին: Մնում է սպասել, թե Սփյուռքի նախարարությունում որքանով հետևողական կլինեն ներկայացված առաջարկները համախմբելու, համակարգելու և դրանց ընթացք տալու հարցում: Կարծում եմ` հնչած առաջարկների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը նոր արժեք կտա արդեն կայացած օգտակար, օգտաշատ միջոցառմանը: Համաժողովի դերը մեծ էր նաև խրախուսելու, խանդավառելու իմաստով: Պետք է մարդկանց համախմբել, միասնականության շունչ ներարկել նրանց մեջ: Դա անպայման արդյունք կտա: Այս տեսակետից, կարծում եմ, որ հաջողված միջոցառում էր: Մի փոքր ինձ համար տարօրինակ էր, որ որոշ հարցերի անդրադարձ չկատարվեց: Չխոսվեց այսօրվա իշխող կուսակցության հանգուցյալ անդամների` անկախության հարցում մեծագույն ներդրում ունեցած Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի մասին: Չմատուցվեց այն, ինչը ժամանակին աշխարհին էր զարմանք պատճառել: Միգուցե դա կարող է եսակենտրոն մոտեցում թվալ, բայց եթե ժամանակին ամբողջ Խորհրդային Միության տարածքում բոլոր ազգերը ակնդետ հետևում էին, թե հայկական Ազգային Միացյալ Կուսակցությունը ինչ հերթական քայլ պիտի կատարի, կամ ԱԻՄ-ը, որ 88-ին Սովետական Միության առաջին կազմակերպությունն էր, կամ «Անկախությունը»` Խորհրդային Միության առաջին այլընտրանքային թերթը… Համաժողովում դրանց մասին չխոսվեց: Երբ մարդիկ որոշակի առիթով գալիս են հայրենիք, ճիշտ կլիներ, որ պատմական, դաստիարակիչ իրողությունները լավ մատուցվեն: Համաժողովը կապված էր Անկախության 20- ամյակի հետ. լավ կլիներ, որ այդ կապը ավելի շոշափելի մատուցվեր: Իսկ եթե գնահատելու լինեմ որպես Հայաստան -Սփյուռք համաժողով, ապա այն ևս մի քայլ առաջ տարավ հայրենիքի, ազգային խնդիրների նկատմամբ միասնական վերաբերմունք դրսևորելու անհրաժեշտությունը: Եղան նաև սուր քննադատական ելույթներ: Օրինակ` Կիլիկիայի կաթողիկոսը խոսեց բոլորիս մտահոգող խնդիրների մասին: Հանրությունն զգաց, որ և´ կոռուպցիայի, և´ զանգվածային արտագաղթի խնդիրներն իրենցն են համարում նաև աշխարհասփյուռ հայերը: Կան խնդիրներ, որոնց մասին այսպիսի միջոցառումների ժամանակ չի խոսվում: Օրինակ` միասնական ուղղագրության վերականգնումն ավարտին հասցնելու հարցը: Այդ գործը սկսվել է, պետք է ավարտին հասցնել: Բայց կարծում եմ, որ տոնականությունը դրան չէր նպաստում, և չեմ բացառում, որ մի օր հատուկ համաժողով հրավիրվի: Պետք է կանոնակարգվի հայկական 2 կաթողիկոսությունների հարաբերությունների հարցը` բնականաբար, ձևականորեն չընդունելով Էջմիածնի առաջնությունը: Հայաստանն անկախացել է, և եկեղեցիներն էլ պետք է միավորվեն: Եթե գաղափարախոսական կամ աստվածաբանական հակասություն չկա, ինչու պիտի առանձին վարչական միավորներ լինեն: - Ինչպե՞ս կգնահատեք սփյուռքահայերի վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: Մանավանդ` Դուք բավական հաճախ եք շփվում սփյուռքահայ մեր հայրենակիցների հետ: - Ես ոչ միայն հաճախ եմ շփվում, այլ ինքս որոշակի ժամանակահատված սփյուռքահայ եմ եղել: Արտաքսվել եմ Հայաստանի անկախության պայքարը ղեկավարելու համար: Չնայած այսօր պատմության դասագիրք են հրատարակել, որտեղ անկախության մասին խոսելիս չեն անդրադառնում այն հարցին, որ անկախության պայքարի առաջնորդը արտաքսվեց Աֆրիկա: Կան սփյուռքահայեր, որ ասում են` հայրենիքն ինչպիսին էլ լինի, մենք սիրում ենք: Դրանք ողորմելի, անկամ, բարոյազրկված մարդիկ և ուժեր են: Եթե սիրում ես հարազատիդ, նա գերված է, դու չպետք է նրա գերությունը փառաբանես, ինչով զբաղված են շատերը: Սփյուռքում հայտնված ուժեր կան, որ ապրում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: Դրանք պոտենցիալ դավաճաններ են բոլորը, որովհետև մեր Տերն ասել է` ոչ միայն հացիվ կեցոյ մարդ: Իսկ ով առաջնորդվում է այդ սկզբունքով, նա արդեն Աստծուն դեմ է, արդեն դավաճան է: Նրանք իրենց դավաճանությունն արդարացնելու համար երբեմն ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի դեմ են թույլ տալիս վերաբերմունք դրսևորել: Սփյուռքն էլ Հայաստանի պես մի բազմաբնույթ, բազմաբևեռ, բազմագույն միավոր է, նույնիսկ ավելին, քան Հայաստանը: Պետք է հանգիստ վերաբերվել չարդարացված թե´ խանդավառություններին, թե´ խիստ դժգոհություններին: Ամեն դեպքում Հայաստանը պետք հասկանա, որ առաջատար դեր ունի ողջ հայության համար: - Սփյուռքի նախարարությունն իր գործունեության ընթացքում ի՞նչ չափով և ի՞նչ խնդիրների լուծմանն է նպաստել: - Ես կարծում եմ, որ այս գերատեսչության ստեղծումը նախևառաջ բարոյահոգեբանական որոշակի դեր պետք է կատարի: Սփյուռքահայերը պետք է զգան, որ իրենք բացի դիվանագիտական ներկայացուցչություններից, ունեն նաև մեկ այլ հենման կետ` Սփյուռքի նախարարութունը, որին կից, կարծում եմ` պետք է ավելացվի` Սփյուռքի և ներգաղթի նախարարություն: Այդ դեպքում նպատակադրումն ավելի շահեկան կլինի: Բանաստեղծություններիցս մեկում մի այսպիսի տող կա` որպեսզի մոռացվի սփյուռք բառը: Այսինքն` դա ազգային նպատակ պետք է լինի: Առողջ ազգը սփյուռքի պետք չունի, Սփյուռքը նպատակ դառնալ չի կարող: Պարզապես գոյություն ունեցող Սփյուռքը պիտի փորձես կապել հայրենիքին` հնարավորինս մեծ ներգաղթ կազմակերպելու նպատակով, ինչը կկատարվեր` եթե մեր Հայաստանի խորհրդայնացումը չլիներ: Հազարավոր մարդիկ պատրաստ էին գալ Հայաստան: Նրանց պատրաստակամությունը բոլշևիկներն ի չարն օգտագործեցին: Բայց նրանք պատրաստ էին գալ, համախմբվել և երկիրը շենացնել: Իմ խորին համոզմունքն է` որպեսզի Սփյուռքի նախարարությունն ավելի նպատակային դեր ունենա, ճիշտ կլինի կոչել Սփյուռքի և ներգաղթի նախարարություն:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ