ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕԲՅԵԿՏ


Տարեցների համաշխարհային օրն առիթ դարձավ, որպեսզի հայ վիճակագիրները մի նոր տվյալ ևս հրապարակ հանեն` նշելով, որ Հայաստանի բնակչության 11 տոկոսը կազմում են վաթսունից բարձր տարիք ունեցող մարդիկ: Ավելին, ըստ նրանց կանխատեսումների, այս թիվն աճելու միտում ունի: Այդ աճի հիմնական նախապայման է դիտարկվում արտագաղթը, որը վերջին տարիներին դարձյալ զգալի է դարձել Հայաստանում: Սակայն արտագաղթը գործոններից մեկն է միայն, այլ ոչ երբեք հիմնական նախապայմանը: Հիմնապայմաններից գլխավորը ծնելիության ցուցանիշների կրճատումն է, ինչն էլ առաջ է բերել ժողովրդագրական անհամաչափությունը: Արտագաղթն, անշուշտ, իր մեծ ազդեցությունն է թողնում, քանի որ երկրից հեռացողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները` նրանք, ովքեր սերունդ պիտի տան: Սակայն շատ ավելի վտանգավոր է դարձել հրաժարումը բազմազավակությունից, ինչը 20-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի բնակչության աճի հիմնական բաղադրիչներից մեկն էր դարձել: 1981 թվականի տվյալներով` Հայաստանի ընտանիքների 58 տոկոսն ուներ երեք և ավելի երեխա, մոտ 9 տոկոս էր կազմում այն ընտանիքների թիվը, որտեղ մեծանում էին 5-ից ավելի երեխաներ, իսկ ահա մոտ 2000 ընտանիք ուներ տասից ավելի երեխաներ: Ուրեմն, ընտանիքների 68 տոկոսը ընդգրկված էր բազմազավակների ցանկում: Վերջին տարիներին խիստ նվազել է երեք երեխա ունեցող ընտանիքների թիվը, իսկ հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները դարձել են հազվադեպ: Որոշ ժողովրդագիրներ հավաստում են, թե բազմազավակությունը բնակչության թերզարգացածության, տակավին նահապետական սկզբունքներով ապրելու ցուցանիշ է, մինչդեռ առաջավոր երկրների համար օրինակելի ցուցանիշը երկու երեխան է: Այս մտայնության կողմնակիցները կարող են իրավացի լինել իրենց դիտումների և եզրակացությունների մեջ, սակայն նրանք հաշվի չեն առնում այն պարզ ճշմարտությունը, որ երկու երեխան ընդամենը ապահովում է նվազագույն վերարտադրությունը, մինչդեռ բնակչության աճի, գենետիկ ֆոնդի ապահովման լավագույն ցուցանիշը երեք երեխան է, որով էլ պայմանավորվում է բնակչության աճը: Հայաստանում այսօր երրորդ երեխայից հրաժարվում են ոչ միայն քաղաքային, այլև գյուղական բնակավայրերում, որոնք միշտ էլ աչքի են ընկել բազմազավակությամբ: Հազիվ թե այս միտումը երկրի ու նրա բնակչության զարգացածության արտահայտությունը լինի: Ավելին, սա սոցիալական ճգնաժամի արտահայտությունն է, ինչի մասին արդեն բարձրաձայնում են մասնագետները: Սոցիալական ճգնաժամն արտահայտվում է բնակչության ցածր կենսամակարդա կով, աշխատավարձերի անհամաչափությամբ, աշխատատեղերի ստեղծման ոլորտում ձևավորված անկայունությամբ, բնակարանաշինության պետական ծրագրերի բացակայությամբ, սոցիալական կայուն և հիմնավոր ծրագրերի չգոյությամբ: Հիմնախնդիրների այս համալիրը գոյություն ունի ցանկացած երկրում, սակայն Հայաստանում այն շատ վաղուց տագնապեցնող է, որովհետև հարվածում է գենոֆոնդին, հայերին դասում անհետացող ու ծերացող ազգերի շարքին: Ժողովրդագիրների այն հաշվարկները, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կարող է կազմել 500 հազար մարդ` հեռու չէ ճշմարտությունից, քանի որ այսօր ժողովրդագրական անոմալիաներն առաջին հերթին տեղի են ունենում գյուղական բնակավայրերում` առաջին հերթին աստիճանաբար ոչնչացնելով գյուղերը: ՀՀ-ում 2010 թվականին շուրջ 60 գյուղական համայնքներում ծնունդներ չեն արձանագրվել, մոտ 40-ում եղել են 2-3 ծնունդ: Ծնունդների թիվը զգալիորեն կրճատվել է նաև քաղաքային բնակավայրերում, որոնցից բացառություն են կազմում Երևանն ու Գյումրին, որտեղ նկատելի է դարձել ծնունդների 4-8 տոկոս աճ: Փաստերի համադրումը հանգեցնում է այն եզրակացության, որ Հայաստանում օրախնդիր է դարձել բնակչության աճի խնդիրը, ինչն արդեն իսկ պետք է դառնա պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը: Իհարկե, վերջին տարիներին մի շարք նախաձեռնություններ իրականացվել են, նորածիններին տրվող նպաստները, ծննդօգնության անվճար համակարգի ներդրումը ինչ-որ չափով իրենց ազդեցություններն են թողել, սակայն տակավին անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենքներ, կյանքի կոչել նոր ծրագրեր, որոնք կարող են նպաստել բնակչության աճին: Մասնավորաբար, ԱՊՀ մի շարք երկրներում` Ղազախստանում, Թուրքմենստանում, գյուղական բնակավայրերում ապրող բազմազավակ ընտանիքներին ազատում են հողի հարկից, տրամադրում անտոկոս վարկեր… Ուսանելի այս նախաձեռնությունները կարելի է տեղայնացնել` մտահոգված այն խնդրով, որ թե´ գյուղական բնակավայրերը չունենան ժողովրդագրական կորուստներ, թե´ բազմազավակ ընտանիքների թիվն ավելանա…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ