ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Տարանջատել են


Շանհայի մանկական բժշկական կենտրոնում հաջողությամբ վիրահատել ու իրարից տարանջատել են միամարմին Ան¬Ան ու Սին¬Սին նորածին քույրերին, ովքեր ծնվել էին սերտաճած սրտերով ու լյարդով (գրել է TCH¬ը): Չինացի բժիշկները կարողացել են ոչ միայն տրոհել կենսականորեն անհրաժեշտ օրգանները, այլև այս տարի ապրիլին ծնված աղջնակների մարմիններում տիտանի ձուլվածքով կրծքավանդակ են ներդրել: Ներկայումս փոքրիկների վիճակը կայուն է, սակայն բժշիկները դեռ չեն անջատել նրանց արհեստական շնչառության սարքերը: Այս արտառոցության փաստը բժիշկները հայտնաբերել էին դեռևս հղիության 20¬րդ շաբաթում, սակայն ծնողները որոշել էին պահպանել իրենց երեխաների կյանքը: - Հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ մենք ոչ միայն հղիության կանոնավոր ընթացքը պետք է ապահովենք, այլև ծնողներին դժվարին ընտրություն կատարելու բարոյական իրավունք ընձեռենք: Սակայն նրանք հաստատակամ էին և շատ չէին հուզվում,¬ ասել է Կենտրոնի տնօրեն Լյու Ժինֆենը: Ինչպես նշել է «Վոկռուգ սվետա» հրատարակությունը` սիամական երկվորյակները լույսաշխարհ են գալիս 100 հազար դեպքից մեկ անգամ: Ի դեպ` ավելի հաճախ աղջիկներ են ծնվում, քան տղաներ: Հետաքրքիր է, որ ծնողները պատկերացնելով հանդերձ, թե իրենց ապագա երեխաներին ինչ դժվարին կյանք է սպասվում` միևնույն է, չեն հրաժարվում նրանցից: Այս տարվա հունիսին, օրինակ, Բոլոնիայի Սուրբ Ուրսուլա Մալպիգի կլինիկայում ծնված սիամական երկվորյակ քույրերն իրար միացած են եղել կրծքավանդակով. երկուսով մեկ սիրտ ու մեկ լյարդ են ունեցել: Ծնողներն այդ մասին իմացել են նրանց ծնվելուց բավական առաջ, սակայն որոշել են չընդհատել հղիությունը: