ՎԱՍՏԱԿԱԾ ՏԱՐԻՆԵՐ


Դերենիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ դերասանական հակումներն ու բեմի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրություններն ի հայտ են եկել դեռևս դպրոցական տարիների վաղ շրջանում: Երրորդ-չորրորդ դասարաններում բանաստեղծություն, հեքիաթներ էր կարդում գրական-երաժշտական հանդեսների ժամանակ, հետո հայտնվեց տեղի պիոներ տան թատերախմբում իբրև «առաջատար դերասան»: 1958-1968-ին իր ծննդավայր Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատի ժողովրդական թատրոնի դերասանական աչքի ընկնող ուժերից մեկն էր: Ժող. թատրոնների ստուգատեսների, կազմակերպված հյուրախաղերի ժամանակ արժանացել է «Լավագույն դերակատարման համար» սահմանված մրցանակների և պատվոգրերի: Թատրոնին զուգընթաց ընդունվել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ժողովրդական թատրոնում թեև ունեցավ լուրջ հաջողություններ, բայց գերադասեց աշխատել մանուկների հետ և ընտրեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, ուր մոտ քառասուն տարի ստեղծագործում է բեմի առաջատար վարպետը: Տարիների ընթացքում խաղացել է շուրջ 200 տարաբնույթ դերեր, որոնցից ուշագրավ են Տարտալիայի («Երեք նարինջ»), Էլիմարի («Ոսկուց և մարգարիտից ավելի թանկ»), Հանիմեդի («Չքնաղ Գալաթեա»), Սեմի («Ջոնին և ավազակները»), Դիվանայի («Ոսկի քաղաք»), Աքլորի («Անհաղթ աքլորը»), Ջադու («Գիտության բանալին»), Համբոյի («Ոսկու կարասը»), Զաբոլզյանի («Դիպլիպիտո»), Դուքսի («Սխալների կատակերգություն»), Մարկոյի («Երրորդը»), Գայլի («Երեք խոզուկ») և այլ դերակատարումները: Նրա արվեստը ծառայում է հասարակության, առանձնապես մանուկների գեղագիտական, հոգևոր և մարդկային լավագույն հատկությունների դաստիարակության, համակողմանի զարգացման խնդիրների իրականացմանը: Եթե առաջին տասնամյակում թատրոնը օգնել է Դ.Մարտիրոսյանին` թատրոնական գիտելիքներ ձեռք բերելու, որտեղ բացահայտվել են դերասանի դրամատուրգիական, թատերագիտական և ռեժիսորական հակումները, ապա վերջին տասնամյակներում արվեստագետն ինքն է նպաստել թատրոնի հաջողություններին ու առաջընթացին: Միշտ անհանգիստ, ստեղծագոր ծող, առավելիին ձգտող մտավորական է Դ. Մարտիրոսյանը: Թատրոնում հաջողությամբ բեմադրվել են Դ. Մարտիրոսյանի հեղինակած տասնյակ պիեսներ: Նա գրել է թատրոնի և նրա գործիչների մասին գրքեր, մամուլում տպագրել բազմաթիվ թատերախո սականներ: Նրա առաջին գիրքը` «Լևոն Հարութ» մեծարժեք մենագրությունը, բարձր գնահատեցին արվեստագիտության դոկտորներ Գառնիկ Ստեփանյանը, Բաբկեն Հարությունյանը և հեղինակավոր այլ արվեստագետներ: Հայ մեծ դերասանին նվիրված ծավալուն աշխատանքը, ուր լուսաբանված է մեծ արտիստի գրական և արտիստական ստեղծագործական գործունեությունը, հեղինակի տարիների տքնաջան և գիտական աշխատանքի արդյունք է: Աշխատությունն ունեցավ լուրջ հաջողություն` հարստացնելով հայ թատերագիտությունը: Առաջին գրքի հաջողությունից ոգևորված` Դ.Մարտիրոսյանը գրեց Հովհ. Թումանյանի անվան թատրոնի 50-ամյակին նվիրված աշխատություն /համահեղինակ` Ռ.Բաբայան/: Անցած տարի լույս տեսավ դերասան-թատերագետի «Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ալբոմ-ժողովածուն` նվիրված թատրոնի 70-ամյակին: Իսկ շուտով վաստակավոր դերասանը ընթերցողի սեղանին կդնի «Խաչիկ Նազարեթյան» արժեքավոր մենագրությունը: Թատրոնի, հատկապես Տիկնիկային թատրոնի պատմությանը քաջատեղյակ, թատրոնի հոգսերով ապրող դերասան է Դ.Մարտիրոսյանը, ուրախանում է թատրոնի հաջողություններով, տխրում` թատրոնի համար, հեռու` բամբասանքներից, ավելորդ ասեկոսեներից…բացառիկ մարդ, որ թատրոններում քչերին կհանդիպես: Հանրապետության և հայ ժողովրդի առաջ ծառացած դժվարին տարիներին /1992-1997/ ՈՒՆԻՄԱ հայկական կենտրոնի և միջազգային բարեգործական և մարդասիրական համատեղ ծրագրերի շրջանակներում, թատերախմբի հետ բարեգործական ներկայացումներով հանդես է եկել Հայաստանի և Արցախի մանկատներում, օժանդակ դպրոցներում, ճամբարներում և այլ վայրերում, նպաստել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և փախստական ընտանիքների երեխաների գեղագիտական պահանջմունքների բավարարմանը, որպես դերասան, թատերագիր-բեմադրիչ աջակցել է երեխաների` որպես դերասանների անմիջական մասնակցությամբ, մանկապատանեկան տիկնիկային թատրոնների ստեղծմանը Հայաստանի և Արցախի մի քանի շրջանների դպրոցներում: Այսօր էլ բազմավաստակ դերասանը շարունակում է նույն ոգևորությամբ ստեղծագործել և խաղացանկի զգալի մասը իր ուսերին կրել: Թատրոնի հեղինակավոր դերասաններից է Դ. Մարտիրոսյանը` սիրված ու գնահատված ընկերների կողմից, հարեհաս ու մարդամոտ ընկեր: «Թատրոնի սիրտն է մեր Դերոն»,- այսպես են բնութագրում նրան խաղընկերները, թատրոնի ղեկավարները: Ամեն հարցում դիմում են նրան, համոզված լինելով, որ նրանից կստանան խելացի ու բանիմաց պատասխան: Անսպառ հումորով, համեստությամբ, խորը գիտելիքներով, շրջապատը գեղեցկացնող մարդ է Դ.Մարտիրոսյանը: Սիրված ու ճանաչված դերասանը թատերախմբի կազմում մասնակցել է Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոների և հյուրախաղերի, արժանացել դիպլոմների և մրցանակների: Շուրջ տասը տարի արվեստագետը դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` նմանապես վայելելով դասախոսական կազմի և ուսանողների սերն ու համակրանքը: Բարձր գնահատելով Դ.Մարտիրոսյանի ակնառու ծառայություններն ու անուրանալի վաստակը բեմարվեստում, թեև ուշացած, վերջերս նրան շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Ինձ համար առանձնապես թանկ ու հարազատ է Դերենիկ Մարտիրոսյանը, միասին սովորել ենք ինստիտուտում և միասին մտել թատերաշխարհ. նվիրված, հարեհաս, հուսալի ու անդավաճան, սիրելի ընկեր: Բազմաշնորհ արվեստագետ, թատրոնի նվիրյալ, պարզ ու շիտակ, մաքրամաքուր մեր ընկերոջը շնորհավորենք ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման արժանանալու առթիվ` ցանկանալով առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Յաշա ՉԱԽՈՅԱՆ