ՎՈՒԱՄ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՑ


Վերջերս Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում ռուսաստանյան ներկայացուցիչները վրացական, ուկրաինական, ադրբեջանական և մոլդովական իրենց գործընկերների հետ փոխանակեցին մի շարք անաչառ հայտարարություններ: Ինչպես գիտենք, վերոհիշյալ երկրները համալրում են ՎՈՒԱՄ կազմակերպության շարքերը` որպես ժողովրդավարության և տնտեսական զարգացման դրոշակակիրներ: ՎՈՒԱՄ-ը համարվում է արևմտամետ, նույնիսկ հակառուսական կազմակերպություն, որն, այնուամենայնիվ, համագործակցում է ԱՊՀ _ ի հետ: Եվ այսպես, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում հայտնի դարձավ, որ ՎՈՒԱՄ-ի այս չորս երկրները մշակել են համատեղ դիրքորոշում Վրաստանում և Մոլդովայում ռուսական խաղաղապահ ուժերի հետ հարաբերություններում: Մասնավորապես նրանք ցանկանում են իրենց սեփական խաղաղապահներով փոխարինել ռուսական խաղաղապահներին: Նոր մտահղացման հեղինակները համոզված են, որ ռուսական խաղաղապահ ուժերը գործիքներից մեկն է, որի օգնությամբ Մոսկվան փորձում է հարկադրել իրենց` հրաժարվել արևմտամետ քաղաքականությունից: Ռուսաստանի և ակնհայտորեն դեպի Արևմուտք կողմնորոշված նախկին խորհրդային պետությունների միջև հարաբերությունները երկար տարիներ է, ինչ գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Վերջերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրեց Մոսկվային իր երկրի մի մասի «բանդիտական օկուպացիայի» մեջ: Իսկ Թբիլիսիում ձերբակալվեցին Ռուսաստանի չորս սպաներ, ովքեր մեղադրվում էին լրտեսության և պրովոկացիոն գործողությունների մեջ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը խոհեմության է կոչել Ռուսաստանին, թե բավական է Մոլդովայի կամ Վրաստանի իրավիճակը համեմատել ու հավասարեցնել Կոսովոյի իրավիճակի հետ, ուր, նրա խոսքերով ասած, դրությունը բավականին այլ է: Այնուամենայնիվ, Մոսկվան շարունակում է նրանց միջև ուղիղ զուգահեռներ անցկացնել: Մոլդովայի նախագահ, կոմունիստ Վլադիմիր Վորոնինը հրապարակայնորեն իր ափսոսանքը հայտնեց այն կապակցությամբ, որ Ռուսաստանն աջակցեց Մերձդնեստրի անկախության հանրաքվեին: Կրեմլի դիրքորոշումն ակնհայտ է` եթե միջազգային հանրությունը պատրաստ է ընդունել ու ճանաչել Կոսովոյի անկախությունը, ապա, ինչպես ենթադրում է Ռուսաստանը, այն նաև պետք է ճանաչի Մերձդնեստրի , Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Սակայն Մոսկվան այս կանոնը չի տարածում Լեռնային Ղարաբաղի վրա: Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը համաձայն են, որ նույնպիսի քայլը տարածաշրջանում կհանգեցնի բռնությունների նոր պոռթկման: Ստատուս-քվոն ակնհայտորեն փոփոխվում է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում: Մերձդնեստրի չճանաչված հանրապետության անկախության հանրաքվեի օգտին բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունն ստեղծեց կարևոր նախադեպ: Հարավային Օսիան նույնպես պլանավորել է մինչև տարեվերջ անցկացնել նման հանրաքվե: Ամեն ինչից դատելով` Մոսկվայի կարծիքը կտարբերվի Վրաստանի և Արևմուտքի դիրքորոշումներից: Ռուսաստանը համառորեն կպնդի քվեարկության լեգիտիմությունը, իսկ մնացած բոլորը կհրաժարվեն ճանաչել հանրաքվեի արդյունքները: Ինչպես տեսնում ենք, կարճաժամկետ հեռանկարում ուշադրության կենտրոնում կմնա ռուսական խաղաղապահների հարցը: Դատելով Նյու Յորքում ՎՈՒԱՄ-ի երկրների դիվանագետների արտահայտություններից ու դիրքորոշումներից, հստակ երևում է, որ վերջիններս ցանկանում են հասնել ռուսական խաղաղապահ ուժերի հետկանչմանը: Նրանց փոխարեն պետք է հաստատվեն տեղական զինված ուժերը, որի ստեղծումը համարում են իրական հեռանկար: Սակայն Ռուսաստանն ամեն կերպ փորձում է հասկացնել, որ չի պատրաստվում միակողմանի կարգով դուրս բերել իր ուժերը: Մոսկվայի անհանգստությունը վերջերս Լոս Անջելեսի իր ելույթում հնչեցրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. «Դարերի ընթացքում ունեցած կապերն ու կուտակած սովորույթների անտեսման փորձերը փոխակերպվում են ոչ ինքնուրույն և թույլ պետությունների առաջացման վտանգի: Այս երևույթը երևան է գալիս նաև ԱՊՀ-ի տարածաշրջանում»: Այնինչ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններն ավելի են բարդանում` կապված ՆԱՏՕ-ի հետ սերտ ինտեգրացիայի Սահակաշվիլու նկրտումների հետ: Ինչպես երևում է, Հյուսիս-ատլանտյան դաշինքին Վրաստանի համագործակցությունը և ավելին` անդամակցությունը, իսկապես դիտվում է որպես լուրջ հանգամանք, չնայած նույնիսկ ամերիկյան ռազմական փորձագետների նախազգուշացումներին այն մասին, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը կարող է տարածաշրջանում հանգեցնել զինված հակամարտության: Որոշ շրջանակներ էլ կոչ են անում վրացական նախագահին` մեղմել բորբոքված իրավիճակը և ընդունել, որ բռնությունների վերսկսումը կհանգեցնի պետության վերջնական պառակտման, իսկ ինքը կկորցնի իշխանությունը: Ռուսաստանի նախագահի կարծիքով` Վրաստանում ուժեր կան, որոնք պարզապես մասնագիտացել են նորանոր ճգնաժամեր ստեղծելու գործում, կարծելով, թե նորը կշեղի ուշադրությունը հին խնդիրներից: Նախագահ Պուտինի կարծիքով` այսպիսի գործելակերպը արդյունավետ կլինի միայն շատ կարճ ժամանակահատված: Սակայն, անկասկած, չեն կարող օգնել լուծելու աշխարհի հին ու բավականին լուրջ ճգնաժամերն ու խնդիրները:

Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆ