ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ


Հարավային Կովկասն այսօր նման է արթնացող հրաբխի, որի ընդերքում խորքային գործընթացներ են տեղի ունենում£ Վերջերս քաղաքական շրջանակների հետ ունեցած հանդիպումների ժամանակ այսպիսի միտք արտահայտեց քաղաքագետ Արա Պապյանը£ Ըստ նրա կանխատեսումների, առաջիկա 10-15 տարիների ընթացքում տարածաշրջանը կվերածվի հակադրությունների ասպարեզի, և կուտակված էներգիայի պարպումն, անկախ մեր կամքից, չի շրջանցի նաև Հայաստանը£ Արդարև, առաջին հայացքից թվում է, թե Թուրքիայում առկա զարգացումները զուտ այդ երկրի ներքին խնդիրներն են. Անկարան պատրաստվում է սեպտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի£ Այսօր արդեն հասկանալի է, որ դրանց դեմ է զինվորականության վերնախավի որոշ մասը, և քաղաքացիական իշխանությունը ջանում է երկրի վերահսկողությունը կենտրոնացնել իր ձեռքում. չեն դադարում բարձրաստիճան սպաների ձերբակալությունները£ Շարունակվում են նաև քրդերի և թուրք ազգայնամոլների միջև բախումները£ Այս ամենն, իհարկե, Հայաստանի հետ կապ չունի, սակայն Թուրքիան մեր անմիջական հարևանն է և մեր անվտանգության շահերից է բխում նրա ներքաղաքական կայունությունը, հետևաբար նաև կանխատեսելի երկիր լինելը£ Չմոռանանք, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան բացահայտորեն փորձում է ակտիվ մասնակցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին£ Իսկ բոլորովին վերջերս թուրքական իշխանություններն ակտիվացրել են Նախիջևանի հիմնախնդրի արծարծումը£ Հայաստանին մեղադրելով, թե նա սպառնում է այդ տարածքի անվտանգությանը, Անկարան, ըստ էության, իր հնարավոր գործողությունների համար օրինական հիմք ստեղծելու նպատակ է հետապնդում£ Թուրքիան հայտարարեց Նախիջևանի անվտանգության համար երաշխավորի իր իրավունքների մասին, վկայակոչելով 1921 թ. Կարսի պայմանագրի դրույթները£ Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի համար վտանգավոր է ոչ այնքան Ադրբեջանը` շփման գոտում իր սանձազերծած սադրանքներով, որքան Թուրքիան` հակամարտության կարգավորման գործընթացն իր քողարկված խնամակալության տակ վերցնելու ձգտմամբ£ Այս մասին էր ակնարկում օրերս «Ռեգնում» գործակալությամբ տարածված տեղեկավությունը, որում ասվում էր` «Ռուսաստանն իր զորքերը կմտցնի Ղարաբաղ, իսկ Թուրքիան` Նախիջևան»£ Զինվորական փորձագետ Ջաֆարովին այդպես մտածելու հիմք են տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի` Ռուսաստան կատարած հաճախակի այցերը£ Ադրբեջանցի փորձագետը չի բացառում, որ Թուրքիայի զորքերը կտեղակայվեն Նախիջևանում` Կարսի պայմանագրի այն դրույթի համաձայն, որը նախատեսում է Թուրքիայի ռազմական միջամտությունը` այդ երկրամասի անվտանգության սպառնալիքի դեպքում£ - Սաֆար Աբիևը այս տարի արդեն երկու անգամ այցելել է Մոսկվա£ Եվ դա վկայում է, որ մենք այժմ գտնվում ենք ղարաբաղյան խնդրի լուծման գագաթնակետում,¬ եզրակացնում է Ջաֆարովը` հիշատակելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` ապրիլի 27¬ի հայտարարությունը` «Նախիջևանի անվտանգությունը մեր անվտանգությունն է»£ Ինչպես տեսնում ենք, թուրք¬ադրբեջանական տանդեմի քարոզչամեքենան անխափան է գործում. նրանք միշտ լրացնում են միմյանց£ Իսկ Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններից ու նաև չդադարող սադրանքներից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում շտապում են£ Այնտեղ շտապում են օր առաջ լուծված տեսնել Ղարաբաղյան խնդիրը, որովհետև հասկանում են, որ ձգձգումը ավելի է դժվարացնելու կորսված տարածքների վերադարձը£ Հատկապես` որ Հայաստանի նախագահը հայտարարել է` «Մենք զիջելու ոչինչ չունենք»£ Եվ մինչ ջաֆարովները, ադրբեջանցի մյուս վայ-փորձագետներն ու քաղաքական սցենարիստներն իրենց երևակայությանը զոռ տված նորանոր, մեկը մեկից ֆանտաստիկ սյուժեներ կմոգոնեն, տարածվեց հայ¬ռուսական ռազմավարական համագործակցությունը հաստատող հերթական լուրը£ Ըստ այդմ, երկու երկրների միջև համաձայնություն է կայացել` լրացում կատարել Հայաստանում Ռուսաստանի զորակայանի մասին պայմանագրում£ Այդ պայմանագիրը ուժի մեջ է մտել 1997 թվականից` 25 տարի ժամկետով£ Այժմ այդ ժամկետը երկարաձգվում է ևս 40 տարով, ինչպես նաև փոփոխություն է մտցվում Հայաստանում գըտնըվող` Ռուսաստանի զորքերի գործառույթում` ինչը լրացման ամենակարևոր մասն է£ Մինչ օրս ռուսաստանյան զորքերը մեր երկրում պետք է պաշտպանեին ՌԴ շահերը£ Ըստ կատարվելիք փոփոխության, այսուհետ այդ զորքերը պետք է աջակցեն Հայաստանին` երրորդ երկրի դեմ պատերազմի դեպքում£ Այդ նպատակով Մոսկվան Հայաստանը և այնտեղ տեղակայված իր զորքերը պետք է ապահովի նորագույն ռազմական տեխնիկայով£ Ինչպես ասում են` իսկը ժամանակին. մինչ թուրքերը Նախիջևան ներխուժելու պլաններ կմտմտան, Ռուսաստանն ու Հայաստանն օրինական հիմքեր են ստեղծում նրանցից եկող հնարավոր վտանգներին հակահարված տալու համար£ Կարող է մեզանում լինեն քաղաքական շրջանակներ, որ քննադատաբար վերաբերվեն հիշյալ լրացմանը, պնդելով, թե այդպիսով Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգության ապահովումը հանձնում են օտարին, որը ցանկացած պահի կարող է և հրաժարվել նախնական պայմանավորվածություններից` մեզ մենակ թողնելով վտանգին հանդիման£ Սակայն որքան էլ մեծ լինեն Հայաստանի իշխանությունների վրա մոսկովյան ներգործության չափերը, որքան էլ հիմնավորված լինեն Ռուսաստանի ազդեցությունից դուրս չգալու հայ քաղաքական վերնախավի մտադրությունները, ազգային առաջնային խնդիրներին հակասող ցանկացած լուծում կմերժվի ամբողջ հայ հասարակության կողմից և կործանարար կդառնա դրանք ծրագրողների ու իրականացնողների համար£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ