Պարգևատրվել են ժամկետային զինծառայողները


ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը: Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն և շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի և գնահատանքի: Նույն օրը պարգևատրման արարողություն տեղի ունեցավ նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց նրան բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և ծառայակից ընկերոջ կյանքը փրկելու համար, մաղթեց առողջություն, խաղաղ և արգասաբեր ծառայութ յուն: