Վիլեն ՄԱՐՏԻԿՅԱՆ. ԿՅԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Մտավորականի, մանավանդ` լրագրողի համար, ապրած ժամանակը անձանձիր հուշերի պարփակում է£ Հուշեր, որոնք ընթացքդ ջերմացնող մշտական ուղեկիցդ են և ապրելիք օրերիդ լավագույն խորհրդատուն£ Իր իսկ ապրած կյանքից լրագրող-հրապարակախոս Վիլեն ՄԱՐՏԻԿՅԱՆԻ ամբարած հուշերը, որը նա ներկայացրել է համեստ մի գրքով, ոչ միայն հաճելի ընթերցանության պահեր են պարգևում, այլև Հայաստանի 2¬րդ հանրապետության մշակութային, լրագրողական և, ամենակարևորը` մեր մեծերի կյանքից հետաքրքիր դեպքեր արձանագրում£ Վերնագիրն էլ խոսուն է` «Կյանքին ընդառաջ». ասել է թե` իր վաստակի հանդեպ պատասխանատվություն ունեցող անհատը բոլոր ժամանակներում ու բոլոր իրավիճակներում ինքն է հարթում անցնելիք ուղին` տեղի չտալով խոչուխութերին£ Ինքնուրույն կյանք իր մուտքի առաջին «կայարաններից» մեկը «Ավանգարդ» թերթի խմբագրությունն է եղել, որտեղ աշխատանքային կոփվածք ստանալով, Վիլեն Մարտիկյանը նաև իր ժամանակի շունչն է դարձել£ Ավանգարդյան տարիների նրա հուշերից ներկայացվող պատառիկներն, անշուշտ, նորօրյա ընթերցողին նույնպես կգրավեն£ (Սկիզբը` նախորդ համարում) …Հիշում եմ Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի այցելությունները, նրանց զրույցները ոչ միայն գրականության հարցերի, քաղաքական տարբեր իրավիճակների, այլև, ավելի հաճախ, մարդկային փոխհարաբերությունների մասին: Մեր մշտական այցելու-հեղինակներից էին Պարույր Սևակը, Հրանտ Թամրազյանը, Համո Սահյանը... Երբեք չեմ մոռանում: «Ավանգարդի» խմբագրութ յունը նոր էր տեղափոխվել հրշեջ պահպանության շենքի դիմաց, չարենցյան սրճարանի վերնահարկը: Խմբագրի տեղակալի-պատասխանատու քարտուղարի սենյակ մտավ Պարույր Սևակը և հարցրեց, թե որտեղ են Վահագն Դավթյանը (խմբագրի տեղակալը) և Սուրեն Աղաբաբյանը (պատասխանատու քարտուղարը): - Ջահե°լ,- դիմեց ինձ,- երեկ հորդ հետ քեֆ էինք անում: Ոչինչ չի՞ ասել: Սողոմոնը (նկատի ուներ Տարոնցուն) քեզ շատ գովեց: Լսիր, էդ մեծերը սիրում են ջահելներին գովել, երես չառնես:- Խոսելով մոտեցավ պատուհանին: Վայրկյան անց ձեռքի թղթերը նետեց սեղանին ու դուրս վազեց: Մոտեցա պատուհանին: Ծանոթանում էր մի աղջկա հետ: Գնաց... Մեր հաջորդ հանդիպումը կայացավ մեկ շաբաթ անց: Փնտրում էր իր թղթերը, որոնք ես պահել էի առանց նայելու: Դիմում է Վահագնին. - Ես բանաստեղծություններ էի բերել տպագրելու համար, հոնորար կա՞... Խմբագրի տեղակալը զարմացած է, թե ե՞րբ է բերել: Ինքը տեղյակ չէ: - Հավանաբար կորցրել եմ,- ասում է և ժպտում ու պատմում իր ինչ-որ հանդիպման մասին: - Գուցե սրա՞նք են,- միջամտում եմ ես` նրան երկարելով թերթի մեջ դրված թղթերը: - Ջահե°լ, բա դա պահելու բա¯ն է: Նույն օրը մենք այդ բանաստեղծություններն ուղարկում ենք տպարան... Հիշում եմ Համո Սահյանի, Սերո Խանզադյանի և ժամանակի մյուս շատ ճանաչված գրողների, կոմպոզիտորների, մշակույթի այլ գործիչների հետ իմ հանդիպում-զրույցները, որոնք հաճախ լուրջ քննարկում-զրույցներ էին: Դրանք այսօր մոռացվել են (ես գրի չեմ առել, ջահելության մեղքեր): Վստահ էի, թե կհիշեմ... Առավել ուշագրավ էին իմ հաճախակի հանդիպումները Հովհաննես Շիրազի հետ: Դրանք ոչ թե այցելություն-հանդիպումներ էին: Իմ` արվեստի և գրականության բաժնի վարիչ աշխատած տարիներին Հ. Շիրազը աշխատանքի նշանակվեց «Ավանգարդի» խմբագրությունում` որպես գրական աշխատող (վերևներում ձև էին գտել` նշանակել` աշխատավարձ տալու համար, պետք էր ապրել...)£ Այս ոգով կարելի է գրել «Ավանգարդ» թերթի իմ աշխատած տարիների պատմությունը: Այդ թերթը` երիտասարդության մեր օրգանը, անտարակույս արժանի է դրան: Սակայն դա իմ այսօրվա խնդիրը չհամարելով, այն վստահելով լրագրող-գիտնականներին (դա նաև մեր երիտասարդ լրագրողական կյանքի պատմությունն է), կփորձեմ անուն առ անուն հիշել իմ գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր իրենց անուրանալի ավանդն ունեն ոչ միայն թերթի, այլև մեր երիտասարդության առաջընթացի գործում: