ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹԱՐԱԽԱՊԱԼԱՐՆԵՐԸ

Հայերի ձեռքով հա´յ է հոշոտվել


 

«Չենք լռելուն» Ռուբեն Հայրապետյանից պահանջում է վաճառել «Հարսնաքար» անունով սպանդանոցը և վաճառքից ստացված գումարը փոխանցել Վահե Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույնը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Երկու օր առաջ հայ հանրությունը վերջին հանգրվան ուղեկցեց ինքնաթող բռնության զոհ հայ սպային, հայ բժշկին: Հայի ձեռքով հա´յ է խոշտանգվել. արյունարբու քոչվորների հունձը երևի քիչ են համարել այս վայ-հայերը, իրենք էլ ներսից են արյան քարաբաղնիս սարքում: Օտար երկրում հայ սպայի կացնահարումը սահմռկեցրել էր բոլորին. նրան վայրագ մեր թշնամու լամուկն էր սպանել: Ու սպանել էր միայնակ: Իսկ Վահե Ավետյանին ոհմակով հոշոտել ու նրա երկու ընկերներին դաժան ծեծի են ենթարկել իրե´նց հայրենիքում, կերած-խմած թիկնապահները. ամաչում ենք ասել` հայ: Այն էլ` մարդիկ գնացել են սննդօբյեկտ` հարստացնելու այդ վայրագներին սնող քսակը:

«Հարսնաքար» համալիրի պատերին մոմավառության մասնակիցների թողած «Սպանդանոց» և «Հանցաքար» մակագրություններն արագ վերացվեցին, բայց արդյո՞ք այնտեղ այցելողները մոռանալու են, թե անօրինակ ինչ վայրագություն է կատարվել:

Հարսնաքարյան սպանդը բոլորի մեջ հույսի մի կաթիլ էլ խեղդեց` կարծես սպառնալի յաթաղան: Վահե Ավետյանի փոխարեն մեզանից յուրաքանչյո´ւրը կարող էր լինել և Վահեի նման չմտածեր, որ ժամանցավայր (այն էլ` թանկարժե˜ք), պետք է մտնել որպես հպատակ` դրա սրահներում անցուդարձող մարդակերպ բորենիների: Սրանց թիկնապահ կամ անվտանգության աշխատակից են կոչում: Այս պարագայում ո՞ւմ թիկունքն ումի՞ց էին պաշտպանում կամ ո՞ւմ անվտանգության համար ո՞ւմ անմեղ կյանքը վտանգեցին: Իրականում սրանց նմաններից է պետք պաշտպանել «միամիտ» մարդկանց, ովքեր կարծում են, որ եթե հանցագործ չեն, ուրեմն պաշտպանված են հրոսակներից:

Հանրությունը բռունցքվել և արդար պատիժ է պահանջում բոլոր հանցագործներին: Ու որևէ մեկը չի կասկածում, որ Ոստիկանությունը չի շրջանցի որևէ փաստ` բոլոր մանրամասները բացահայտելու: Ոստիկանության անաչառությանը չեն կասկածում, բայց նմանօրինակ վայրագությունների կրկնությունն է մտահոգում մարդկանց:

Հանցագործներին արդար պատիժ պահանջողները նրանց նման դահիճ չեն ու դրանց ծեծամահ անել չեն պահանջում: Եվ վաղը-մյուս օրը կալանավայրերում հայտնվելով` այդ ստահակները ապրելու են նաև իրենց զոհերի հարազատների հաշվին (որպես հարկատու): Միայն թե չմոռանանք, որ վատ օրինակը վարակիչ է: Միայն թե` չավելանան այնպես մտածողները, որ դրանց նմաններից պաշտպանված լինելու համար պետք է նույնքան անհոգի լինել, որ բռունցքներով պետք է «մտածել»` համոզված, որ իրենց կերակրատաշտի տերը միշտ ազատ կպահի իրենց բութ գործիք-բռունցքները:

Կատարվածը բոլորիս ցավն է ու նրանց ամոթը, ովքեր կփորձեն խոչընդոտել բացահայտումներին ու ամենախիստ պատժին: Բայց սարսափելի այս միջադեպի մեղավորների անաչառ պատիժը կարող է նաև սթափեցնող ապտակ դառնալ բոլոր մեղսավորներին. նրանց, ովքեր ունակ չեն ընկալել, որ մարմինը տկարացնող թարախապալարները կտրել-հեռացնելը ինչպես ասում են` «տեխնիկայի գործ» է: Իսկ այդ «տեխնիկային» տիրապետողներ բարեբախտաբար կան: