ՍՊԱՍԵՆՔ ԱՎԵԼԻԻՆ` ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ


 

Ռուսաստանում հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը համարվող ՄՏՍ-ի հայաստանյան ներկայացուցիչ «ՎիվաՍելն» առաջիկայում թանկացնելու է իր կողմից առաջարկվող ծառայությունների սակագները: Առայժմ հայտնի է, որ շեշտակիորեն բարձրանալու է դեպի ՌԴ կատարվող զանգերի րոպեի արժեքը: Հայտնի է նաև, որ գները գործելու են առաջիկա հուլիսի 10-ից, թեև մեր հարցմանն ի պատասխան «ՎիվաՍելում» դժվարացան կոնկրետ ժամկետ նշել` հայտնելով, թե դեռևս կարելի է գործող սակագներից օգտվել: Մեզ հայտնի դարձավ, որ թանկացման պատճառն ինքնարժեքի բարձրացումն է: Ի դեպ սույն բիզնեսին մոտ կանգնած մարդիկ դժվարանում են մեկնաբանել, թե ինչ ասել է ինքնարժեք կոչվածը` ավելի շուտ հավաստիացնելով, որ նման ծառայություններ մատուցող կայացած ընկերություններն ընդհանրապես իրենց չպետք է թույլ տան այդ մասին խոսել:

Ավելացնենք նաև, որ «ՎիվաՍելի» ամենախոշոր փայատերերից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն է համարվում, իսկ զեղչերի ու բաժանորդների օգտին ակցիաների փոխարեն թանկացումներ նախատեսող ընկերությունը մշտապես հանդես է գալիս «Սպասեք ավելիին» կարգախոսով: