ՄԻ´ ԽՈՍԻ, ԷԼԻ


 

Պատգամավոր դառնալուց հետո ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը հաճախ է հայտնվում անհարմար վիճակներում` իր «քաղաքական ելույթների» պատճառով: Թե ինչո՞ւ է որոշել երգչուհին միանգամից ներքաշվել քաղաքական կյանքի մեջ և հայտարարություններ անել` անհասկանալի է, բայց որ հայտարարություններն էլ ուղղվում են հենց իր դեմ` արդեն պարզ է:

«Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությունից հետո պատգամավոր երգչուհին հայտարարել է.

- Ռուբեն Հայրապետյանը իմաստություն կցուցաբերի, եթե պատժի այդ ծեծողներին, այսինքն` պարտավոր է ուղղակի, այլ կերպ անել չի կարող, միանշանակ:

Այս տեքստը հիմա դարձել է Շուշան Պետրոսյանին քննադատելու գլխավոր «հենարանը»: Եվ, հավանաբար, ճիշտ են նրան քննադատողները, որովհետև ոչ թե Ռուբեն Հայրապետյանը պիտի պատժի մարդասպաններին, այլ` օրենքը: Երևի երգչուհին չգիտի, որ շատ վաղուց ճորտատիրական կարգերը վերացվել են, ու ճորտատերը չի արձակում իր ճորտերի դատավճիռը: