Գործող նախագահը կընտրվի


 

Համոզված է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո քաղաքական խիստ կարևոր փուլ ենք թևակոխելու:

- Քաղաքական գործընթացի բովանդակության և որակի տեսանկյունից իրավիճակն, ըստ իս, խոստումնալից է: Համաձայնեք` Ազգային ժողովն այս լսումներով ցույց տվեց, որ ներկայիս իր քաղաքական որակն ու պոտենցիալն անհամեմատ ավելի բարձր է, քան նախորդ Ազգային ժողովներինը: Սա աներկբա խոսում է անցած խորհրդարանական ընտրությունների որակի և նրա դրական արդյունքների մասին: Մենք այսօր հնարավորություն ունենք լրջագույն քաղաքական խնդիրները քննարկել ոչ թե փողոցներում, այլ խորհրդարանում` խորհրդարանի ամբիոնը դարձնելով ամենագլխավոր և ամենահիմնական քաղաքական ամբիոնը: Այս ամենը, հավատացնում եմ ձեզ` խոստումնալից է: Եթե հաշվի առնենք, որ ըստ էության մենք կանգնած ենք նախագահական ընտրությունների շեմին, ապա կարծում եմ` այս փոփոխությունները քաղաքական կյանքում կարող են շատ խոստումնալից զարգացումներ երաշխավորել:

- Արդեն երկու հոգի` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունը: Ակնարկներ կան նաև ընդդիմության ճամբարից...

- Միայն մի բան կարող եմ ասել` գործող նախագահը կընտրվի: Համենայն դեպս, ես իմ համեստ կարողությունների շրջանակում ամեն ինչ կանեմ, որ նա ընտրվի:

- Ի՞նչ կասեք ընդդիմության հավանական թեկնածուների մասին:

- Լավ կլինի, որ բոլորն առաջադրվեն. շատ նորմալ, քաղաքական լուրջ մրցակցային պայքար կլինի: Շատ լավ կլինի, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվի, շատ լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի, շատ լավ կլինի, որ Օսկանյանը կամ Գագիկ Ծառուկյանն առաջադրվեն, դրանից մենք շահելու ենք: Ես, օրինակ, կուզենամ, որ այդպիսի ընտրություններ լինեն, բայց, նորից եմ կրկնում, կհաղթի Հանրապետության ղեկավարը:

- Խորհրդարանի նիստերում հիմնական քննադատության թիրախը ոչ միայն կառավարության ծրագիրն էր, այլ անձամբ Տիգրան Սարգսյանը, ով, ասում են, խորապես վիրավորվել է այդ քննադատություններից: Արդյո՞ք կառավարության գործունեության ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի վարչապետը:

- Վարչապետը բացառիկ պատասխանատու դերակատարություն ունի կառավարության գործունեության բոլոր փուլերում. թեպետ կառավարությունը կոլեգիալ մարմին է, բայց նրա պատասխանատուն վարչապետն է: Այդ տեսակետից, անկասկած, վարչապետի կերպարը, հանրության կողմից նրա ընդունելի-չընդունելի լինելն էական նշանակություն ունի: Քաղաքական սեկտորի ամենատարբեր սեգմենտների հետ աշխատելու նրա ունակությունն ու կարողությունը ընդամենը բարձրացնում են կառավարության գործելու կարողությունները: Հավանաբար, Տիգրան Սարգսյանը պիտի ինչ-որ եզրակացություններ անի իր համար. այս քննադատությունները, նաև անձնական բնույթի հակադրությունները խոսում են այն մասին, որ Տիգրան Սարգսյանն ինչ-որ վարքագծի նորմեր հավանաբար պետք է վերանայի: Իհարկե, այդ ամեն ինչի մեջ ինչ-որ անարդարացի մոտեցումներ կան, երբեմն նրան վերագրում են մեղքեր, որ նրա հետ կապ չունեն: Բայց եթե խոսքն առողջ քննադատության մասին է, ապա կառավարությունը պետք է հաշվի առնի քաղաքացիական տարբեր ինստիտուտների հետ աշխատելու իր հնարավորությունները` դրանով դառնալով ավելի ընդունելի, ընկալելի հանրության համար:

- Ամեն դեպքում, խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ընդդիմության բարձրացրած հարցադրումները Դուք որքանո՞վ եք հիմնավոր համարում:

- Եթե շատ հիմնավոր համարեի, կառավարության գործունեության ծրագրին կողմ չէի քվեարկի:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ