Հայաստանը պետք է ապահովի Ղարաբաղի անվտանգության երաշխիքները


 

Ամռան երկրորդ ամսին թվում է` քաղաքական գործընթացները պետք է աստիճանաբար մարեին: Սակայն ակներև է, որ դրանք նոր մարտահրավերներ են առաջադրում մեր երկրին թե արտաքին հարաբերություններում, թե ներքին կյանքում: Դրանց շուրջ է հարցազրույցը քաղաքագետ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը

Վերջերս Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում միջազգային հանրությունը կարծես կտրուկ պահանջներ ներկայացրեց հակամար-տության շուտափույթ կարգավորման հարցում` խնդրի լուծումը թողնելով Հայաստանին և Ադրբեջանին: Այս իրողության պայմաններում ինչպիսի՞ զարգացումներ եք պատկերացնում :

- Միջազգային հանրությունը խիստ անհանգստացած է պատերազմի վերսկսման վտանգով, ինչն անհիմն չէ: Վերջին շաբաթներին մենք էլ նկատում ենք, որ հրադադարի ռեժիմը շատ հաճախ խախտվում է` երկուստեք զոհերով: Մանավանդ` տարածաշրջանում ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններն են լարված. կա նաև իրանական խնդիր, կա թուրք-սիրիական շատ բարդ հարաբերությունների խնդիր և այլն: Իհարկե, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրական առաջընթաց կարելի է ակնկալել միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո, որովհետև նախընտրական շրջանն առաջնորդների համար խիստ անբարենպաստ է` ցավոտ փոխզիջումների գնալու համար: Իսկ առանց փոխզիջումների այս խնդիրը լուծվել չի կարող:

- Ի՞նչը կարող է լինել Հայաստանի փոխզիջումը:

- Հայաստանի ամենամեծ խնդիրը պետք է լինի Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը: Այս հրամայականով է, որ հայկական կողմը պետք է ձևակերպի իր մոտեցումները բանակցային սեղանի շուրջ: Ղարաբաղի ժողովուրդը երեք հազար տարի է` ապրում է այդ հողում և երեսուն հազար տարի էլ պետք է ապրի: Հայկական կողմը պետք է ապահովի Ղարաբաղի այնպիսի կարգավիճակ, որը կերաշխավորի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը: Հավանաբար ազատագրված որոշ տարածքներ կվերադարձվեն, Ադրբեջանն էլ իր հերթին մաքսիմալիստական դիրքերից պետք է նահանջի: Բաքվում էլ շատերը հասկանում են, որ Ղարաբաղն անկախ իր կարգավիճակից, որոշակիորեն կայացած գործոն է: Սերժ Սարգսյանի համար շատ դժվար կլինի հիմնավորել թեկուզ մեկ շրջանի վերադարձը, Ալիևի համար դժվար կլինի հիմնավորել, որ Բաքուն կորցրել է իր փաստացի վերահսկողությունը Ղարաբաղի հանդեպ:

Հայաստան և ՀԱՊԿ

Բոլորովին վերջերս Ուզբեկստանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Իսկ առաջիկայում` սեպտեմբերին, նախատեսվում են Հայաստանում ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի զորավարժությունները: Դրա վերաբերյալ խիստ անհանգստություն է հայտնել Վրաստանը` զգուշանալով Ռուսաստանից: Այս ամենն արդյո՞ք իրավիճակի հավելյալ սրում չի առաջացնում Հայաստանի համար:

- Ընդհանրապես, ես անիմաստ եմ համարում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ անդամ որևէ երկրի հետ մենք չունենք ընդհանուր սահման: Հայաստանի պատճառով կարծես բաժանարար գիծ է ձևավորվում Հարավային Կովկասում: Ինքը` ՀԱՊԿ-ը, չունի գործուն մեխանիզմներ և ըստ էության Հայաստանին որևէ օգուտ չի տալիս: Ասեմ ավելին. ես կտրականապես դեմ եմ եղել Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետի երկարաձգմանը: Ամենայն հավանականությամբ դա Ռուսաստանի իշխանությունների պարտադրանքն էր, որին Հայաստանի իշխանությունները չեն հակադրվել: Ակնհայտ է, որ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգում որևէ կարևոր դերակատարություն չունեն: Ավելին. երկուսն էլ պատճառ են դառնում, որ Հայաստանը շատերի աչքում ընկալվի որպես ռուսական ֆորպոստ:

Մեր իշխանությունները ստիպված են այդ քայլին գնալ գուցե Ղարաբաղի պատճառով, զգուշանալով, ռուսների դիրքորոշման կտրուկ փոփոխությունից` ի վնաս հայկական կողմի:

- Այդ գործոնն իհարկե կա: Հաճախ Հայաստանի իշխանությունները դիմել են ռուսներին` որոշակի զիջումների գնալ, որպեսզի ապահովեն նրանց գոնե լոյալությունը կարգավորման գործընթացում: Այդ է պատճառը, որ ես քանիցս կրկնել եմ` քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան խնդիրը, քանի դեռ կարգավորված չեն հայ-թուրքական հարաբերությունները, հնարավոր չէ խոսել Հայաստանի իրական անկախության մասին:

Ներքաղաքական զարգացումներ

Հնարավոր համարո՞ւմ եք, որ սեպտեմբերին ներքաղաքական ոլորտում վերադասավորումների ականատեսը լինենք:

- Վերադասավորումներ անշուշտ կլինեն: Չկա իշխանական կոալիցիան` նախկին տեսքով. առաջիկա ամիսներին ԲՀԿ-ն պետք է հստակեցնի, թե ո՞րն է իր տեղը քաղաքական դաշտում: Վերադասավորումներն արդեն սկսվել են և բյուրեղանալու են առաջիկա ամիսների ընթացքում: Նաև չունենք ՀԱԿ-ը` իր նախկին տեսքով, նա այլևս անվիճարկելի դոմինանտություն չունի ընդդիմության դաշտում: Մեծ սրացումներ չեմ ենթադրում: Առայժմ չի երևում այն թեկնածուն, ով կարող է լուրջ մրցակցություն ցուցաբերել գործող նախագահին առաջիկա ընտրություններում:

Որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ փողատեր վերնախավի շրջանակներում խիստ տագնապ կա, և ինչ-որ ներքին պայքար է սկսվել դիրքերն ամրապնդելու համար:

Անկայունությունն ընդհանրապես խոշոր գործարարներին վախեցնում է: Հայաստանում քաղաքական անկայունություն կարծես չկա: Անկայունության աղբյուրը սոցիալական լարվածությունն է: Առայժմ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ տնտեսվարող սուբյեկտները երաշխավորված համարեն իրենց կապիտալի անձեռնմխելիությունը: Եվ քանի դեռ կոռուպցիոն ռիսկերը մեծ են, քանի դեռ կա սոցիալական լարվածության վտանգ, քանի դեռ դատական իշխանությունը կայացած չէ, կապիտալի արտահոսքը Հայաստանից միշտ կլինի: Կամ Հայաստանում չեն ստեղծվի իրական տնտեսությանը բնորոշ ձեռնարկություններ, որովհետև ռիսկային է Հայաստանում փող պահելը կամ փող ներդնելը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ