Շևարդնաձեն խոստովանում է 


 

Վրաստանի խորհրդային վերջին առաջնորդ ու առաջին նախագահ Էդուարդ Շվարդնաձեն վերստին խոսել է Միխեիլ Սահակաշվիլու մասին ու վերստին դժգոհել:

Չէ, չի դժգոհել. ափսոսանք է հայտնել, որ իշխանությունը փոխանցել է նրան: «Ասավիլ դասավալի» անկախ թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ ժողովրդի ու երկրի հանդեպ իր ամենամեծ մեղքն այն է, որ ինքն իշխանությունը հանձնել է գործող նախագահին:

- Այն ժամանակ (2003 թ. նոյեմբերին) ես ուրիշ ընտրություն չունեի` քան վաղաժամկետ պաշտոնաթող լինել: Բայց ես պատրաստ եմ հազար անգամ մեղքս խոստովանել և ներողություն խնդրել Վրաստանի ժողովրդից, որ իշխանությունը հանձնել եմ Միխայիլ Սահակաշվիլուն: Ես ընդունում եմ իմ սխալը և ժողովրդի առաջ ներողություն եմ խնդրում,- ընդգծել է նա:

Քննադատելով վրաց նախագահի գործունեությունն ու քաղաքականությունը, Շևարդնաձեն նկատել է, որ նա «ի վիճակի չէ լուծել Վրաստանի գլխավոր հիմնախնդիրները»:

Ավելին, էքս-նախագահը համոզված է, որ իշխանությունը պահպանելու համար Սահակաշվիլին կարող է նոր արկածախնդրության դիմել (նրա խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»): Որքան էլ այլ երկրներում երբեմն գնահատանքի խոսքեր են հնչում Վրաստանում կատարվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, այնուամենայնիվ երկրի ու ժողովրդի հոգսերը դեռևս իրենը համարող Շևարդնաձեն (ու հավանաբար` ոչ միայն նա) գտնում է, որ Միխեիլը «երկրում բռնապետություն է հաստատել»:

Թե որքանով ժողովուրդը կհետևի նախկին առաջնորդի կարծիքին` դժվար է ասել, բայց Շևարդնաձեն արդեն իսկ հայտարարել է, թե «ինչպես ամբողջ վրացի ժողովուրդը», ինքը ևս գալիք ընտրություններում սատարելու է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը: