Մարմնամասերի սև շուկան ծաղկում է


 

Փոխպատվաստումը կարևոր նվաճում է. կյանքեր է փրկում: Վճարունակ վատառողջների´ կյանքը: Փոխարենը տկարացնում է ընչազուրկ առողջ մարդկանց: Իհարկե, երբեմն մտերիմներն ու հարազատներն անշահախնդրորեն են օրգանների դոնոր դառնում, բայց խոսքը ծավալվող անօրինական բիզնեսի մասին է, որից մեծ շահույթներ է ստանում երրորդ կողմը` «սև շուկայի» ինքնակոչ միջնորդները: Այս առնչությամբ օրերս ահազանգ է հնչեցրել ամերիկյան The NewYork TiΗes-ը` մտահոգությունը հիմնավորելով կոնկրետ փաստերով և հետազոտողների ընդհանրացումներով:

Փորձագետները հավաստում են, որ չքավորության ճիրաններից այլ ելք չունենալով, որոշ եվրոպացիներ պատրաստ են վաճառել իրենց երիկամները, թոքերը, ոսկրուղեղը և եղջերաթաղանթը:

- Երբ անհրաժեշտ է կերակրել ընտանիքը, երիկամի վաճառքը դադարում է լուրջ զոհաբերություն թվալ,- ասել է գործազուրկ մի սերբ, ով ստիպված դիմել է այդ քայլին:

Այս երևույթը դեռևս նորություն է Սերբիայի համար: Չմոռանանք, որ այս պետությունը մեծապես տուժել էր պատերազմից, իսկ հիմա փորձում է հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, որը պատուհասել է ողջ մայրցամաքը: Եվրոպայում մարդու օրգանների ապօրինի առևտրի տարածմանը նպաստում է համացանցը:

Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում և Ռուսաստանում օրգանների, ինչպես նաև մազերի, սերմնահեղուկի, կրծքի կաթի վաճառքի մասին հայտարարությունները պտտվում են համացանցում` գայթակղիչ սակագներ առաջարկելով: Օրինակ, թոքը կարող է արժենալ մինչև 250 հազար դոլար: Բայց ինչպես պահանջարկ ունեցող ապրանքների շուկայում, այստեղ էլ կան ճարպիկ միջնորդներ, ովքեր հաճախ խաբեության որոգայթն են գցում իրենց առողջությունը խաթարելով` օրվա ապրուստ հայթայթող միամիտներին: Իսկ վերջիններս, որպես կանոն` աղքատներ են. ուրեմն նաև` անզոր ու անճարակ: Եվրամիության իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչների փաստմամբ` ընթացիկ տարվա մայիսի վերջին Իսրայելի ոստիկանությունը խայտառակ այս առևտրով զբաղվելու կասկածանքով կալանավորել է միջազգային հանցավոր կազմակերպության 10 անդամի: Սրանց զոհերն են դարձել Մոլդովայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի չքավոր դարձած քաղաքացիներ: Ինչպես Եվրամիության դատախազ Ջոնաթան Ռետելն է հայտարարել` կազմակերպված հանցավոր խմբավորումները հարստանում են շղթայի երկու կողմում գտնվող մարդկանց (գնորդ-վաճառող) դժբախտության հաշվին: Անհույս աղքատության մեջ հայտնված առողջների և իրենց կյանքը փրկել փորձող ունևորների հաշվին: Քիչ չեն դեպքերը նաև, երբ մարդիկ են հափշտակվում (հաճախ` երեխաներ), որոնց մի մասը հետո բարեբախտաբար կենդանի է մնում, բայց արդեն` 1 թոքով կամ 1 երիկամով:

Ավելի հաճախ դոնորական մարմնամասեր մատակարարվում են Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ֆիլիպիններից: Անօրինական այս առևտրի հարցերով զբաղվող` Կալիֆոռնիայի նահանգի Բերկլիի իրավապաշտպան OrgΖns WΖtch կազմակերպության տվյալներով` տարեկան 150-200 հազար երիկամ է վաճառվում համաշխարհային սև շուկայում: