Աչքս ճամփին է, ականջս` ձայնի…


 

Նրանք անվարան նետվեցին մարտադաշտ, երբ վիրավոր էր Արցախը: Աչքի առաջ ունենալով սեփական մահը` նրանք գնացին, բայց ոչ թե մեռնելու, այլ ապրելու` հանուն հայրենիքի: Գնացին և անմահացան:

Մեր խիզախ մարտիկներից շատերի անունները Եռաբլուրի ոչ մի շիրմաքարի վրա չես գտնի: Նրանք շիրիմ չունեցան` հարազատներին դատապարտելով հավերժ սպասման: Եվ ամեն անգամ անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը սևազգեստ մայրերն ու այրիները հավաքվում են նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ` հույսի շողեր փնտրելու:

Այս տարի ևս հիշատակի օրն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձաժողովի անդամները, ազատամարտիկներ:

Անհայտ կորած ազատամարտիկների հարցերը մշտապես ոլորտի ղեկավարների ուշադրության կենտրոնում են: Ինչպես նախարարն էլ հավաստիացրեց.

- Մենք հանրապետական հանձնաժողովի կազմով, նաև հասարակության լայն ընդգրկմամբ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը միջոցառումներ ենք անցկացնում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Տարեցտարի այս միջոցառումներն ավելի լայն ընդգրկում են ստանում: Մշտապես շարունակում ենք աշխատանքները օպերատիվ հետախուզական խնդիրների, տվյալների հայթայթման ուղղությամբ և որ ամենակարևորն է` այս պահին կարող ենք նաև տեղեկություններ հայթայթել միջազգային կառույցների համագործակցության շրջանակներում: Իհարկե, ելնելով մեր իրողությունից` Ադրբեջանի Հանրապետության հետ պետական կապի բացակայությունից, այդ աշխատանքները չափազանց բարդ են ընթանում:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի անդամ, ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի խոսքերով`

- Մեր հանձնաժողովի ջանքերն ուղղված են անհայտ կորածների ճակատագրերի և գերիների հնարավոր գտնվելու վայրի պարզաբանմանը, Արցախյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին իրավական և այլ բնույթի օգնություն ցուցաբերելուն: Մեծածավալ աշխատանքներ են տարվում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների ճշգրտման, հակամարտության մյուս կողմի տարածքում գերիների և պատանդների պահման հնարավոր վայրերի և ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների, ազատամարտիկների, քաղաքացիական անձանց թաղման վայրերի պարզաբանման ուղղությամբ: Բոլորդ գիտեք, թե 2008-ից ինչ ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր դառնա մարտադաշտում ընկած մեր փառապանծ ջոկատների ազատամարտիկների աճյունները հայրենիք վերադարձնել: Ափսոսանքով պետք է նշեմ, որ հարևան պետության համապատասխան կառույցներն ու համանուն հանձնաժողովն իրենց ջանքերը չեն ուղղում մարդասիրական խնդիրներ լուծելուն և բացառապես զբաղված են քաղաքական քարոզչությամբ: Վերջին շրջանում ադրբեջանական զանազան պաշտոնյաների կողմից միջազգային հանրությանն են ներկայացվել Հայաստանում և Արցախում իբր պահվող շուրջ 5000 ազերի գերիների մասին խեղաթյուրված փաստեր: Հայկական կողմն անում է ճիշտ հակառակը: Կան բազմաթիվ օրինակներ, երբ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից առանց որևէ նախապայմանի հանձնվել են Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր ձերբակալվել էին մեր պետական սահմանը խախտելու համար:

Պատահական չէ, որ հունիսի 29-ն է նշվում որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր: 20 տարի առաջ այդ օրը անհայտության մեջ մնացին շուրջ 76 մարտիկներ: Հսկայական կորուստներ կրեցին հատկապես «Արաբո», «Արծիվ-13» և «Զեյթուն» ջոկատները: Օրեր առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրեց ջոկատի անհայտ կորած մարտիկներին: Թերևս միայն հայուհին կարող է անհայտ կորած որդու պարգևը սեղմած, արցունքը կուլ տալով` հպարտորեն ասել` «Որդիս ծառայում էր Հայաստանի Հանրապետությանը». ազատամարտիկ Ռուբեն Եղոյանի մայրն էր:

Անհնար է որևէ կերպ փարատել իրենց կյանքը սպասումի վերածած հարազատների կսկիծը, որն ամեն օր կրկին ու կրկին նորոգվում է: Սփոփանքի բոլոր բառերն անզոր են նրանց ծով տառապանքը մեղմել.

- Ամեն տարի հույսն ինձ բերում է Եռաբլուր: Անընդհատ աչքս որդուս ճամփին է, ականջս` ձայնի: 20 տարեկան չկար, գնաց պատերազմ: Վերջին անգամ Լաչինի ազատագրման ժամանակ են նրան տեսել: Օրեր շարունակ փնտրել ենք, ամուսինս վշտից մահացավ սրտի կաթվածից, մնացի միայնակ: Արդեն 20 տարի սպասում եմ գոնե մի լուրի: Ես մայր եմ, ուզում եմ, որ խաղաղություն լինի, թող ոչ մի մայր վիշտ չտեսնի, չկուրանա: Իսկ ես արդեն կուրացել եմ,- արցունքներից խեղդվելով պատմում է Շիրազ Առաքելյանի մայրը` Աննման Առաքելյանը:

- Ամուսինս 1991-ին վիրավորվել էր` Էրքեջ- Բուզլուխ- Մանաշիդի ազատագրման ժամանակ: Վերքը ծանր էր, և ձեռքի փտախտ էր սկսվել, սակայն անգամ այդ վիճակում չկարողացանք հետ պահել: Արկադի Տեր- Թադևոսյանի «Սասունցի Դավիթ» ջոկատում էր: Այդ շրջանում ծանր մարտեր էին Մարտակերտում: «Արաբոյի» տղաների հետ է անհայտ կորել` Լենինավանի տարածքում: Գնացել է դիակ բերելու և չի վերադարձել: Այս ընթացքում շատ ենք հետաքրքրվել: Չգիտեմ, միգուցե երազները խաբկանք են, բայց հաճախակի ենք երազ տեսնում, որ դեռ կենդանի է: Թեկուզ գերության մեջ, թեկուզ հաշմանդամ, միայն թե կենդանի լիներ: Երբ գիտակցում եմ, թե մենք ինչ ենք ձեռք բերել, մտածում եմ` երևի այսպես էլ պետք է լիներ: Ցավալի է կորուստը, բայց առանց կորստի, ոչինչ չէինք կարող ձեռք բերել,- ասում է Սոնա Անդրեասյանը` Ռուբեն Հակոբյանի այրին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ