Արդյո՞ք ԵՍԶՈւ պայմանագիրը ձևական բնույթ չի կրում` եթե Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է


 

Հայ փորձագետները և քաղաքական գործիչները հաճախ են բարձրաձայնում այն հարցի շուրջ, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) դրույթները: Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՍԶՈւՊ-ը և ի՞նչ տիպի խախտումներ է թույլ տալիս Ադրբեջանը:

ԵՍԶՈւՊ-ը և Վիեննայի Փաստաթուղթը` որպես տեղեկատվության փոխանական միջոց

Այսպես` ԵՍԶՈւՊ-ը (ստորագրվել է 1990թ. նոյեմբերի 19-ին Փարիզում) և 1999թ. Վիեննայի Փաստաթուղթը (ստորագրվել է 1999թ. նոյեմբերին` Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ) համարվում են հիմնարար փաստաթղթեր մասնակից -պետությունների և Եվրոպայում անվտանգության ու փոխադարձ վստահության երաշխիքի համար: Այդ փաստաթղթերով, հատկապես ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանվում է մասնակից պետությունների զինված ուժերի մասին տեղեկատվության փոխանակման և ստուգման բավականին խիստ ռեժիմ: Նշենք, որ իր ստեղծման պահից ԵՍԶՈւ պայմանագրի գլխավոր նպատակը եղել է երկու բլոկների` ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: 2006թ. հունիսի դրությամբ պայմանագրի անդամներ էին եվրոպական 28 երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան:

1999թ. Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում իրականացվում է ամենամյա տեղեկատվության փոխանակում, պետությունները միմյանց են տրամադրում զինված ուժերում առկա սովորական սպառազինությունների, տեխնիկայի և անձնակազմի թվաքանակների մասին տեղեկատվությունը, հայտնում են ռազմական ոլորտի ծախսերի մասին:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 8-ը, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, 1992թ. Տաշքենդում ստորագրված համաձայնագրով ճանաչեցին իրենց պարտավորություններն այս պայմանագրի իրականացման ոլորտում: Արդյունքում նրանք ըստ համապատասխան կատեգորիաների` ստացան սպառազինության ու տեխնիկայի հետևյալ հավասար չափաբաժինները.

220-ական մարտական տանկ,

220-ական մարտական զրահամեքենա,

285-ական հրետանային միավոր,

100-ական մարտական ինքնաթիռ,

50-ական հարվածային ուղղաթիռ:

ԵՍԶՈՒՊ-ի դիրքերի թուլացումը

Ինչպես վերը նշվեց, ԵՍԶՈւ պայմանագրի առաջնային նպատակը եղել է ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարշավյան պակտ»-ը ներկայումս գոյություն չունի, իսկ այդ երկրներն արդեն իսկ միացել են 1949թ. Վաշինգտոնյան համաձայնագրին (ՆԱՏՕ), առաջացել է վերոնշյալ հավասարակշռության խախտում: Հարձակողական սպառազինությունների այն չափաբաժինները, որոնք նախատեսված էին վերոնշյալ երկրների համար, առանց փոփոխություն կրելու անցել են ՆԱՏՕ-ին:

Սա հիմք հանդիսացավ, որ այս պայմանագրի առնչությամբ ի հայտ գան մի շարք հակասություններ, որոնք ավելի սրվեցին 2007թ.-ին: Նախ Վաշինգտոնի կողմից Չեխիայում և Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնաց ռուսաստանյան կողմի` ԵՍԶՈւՊ-ի շրջանակներից դուրս գալով: Նույն թվականին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները ԵՍԶՈւՊ-ի մասնակիցների արտակարգ խորհրդաժողովի գումարման կապակցությամբ արված հայտարարության մեջ ընդգծել էին, որ պայմանագրի կենսունակությունն ու արդյունավետությունը կորսված է, և դրա բուն գոյությունը հարցականի տակ է դրված: Խնդրի առնչությամբ չստանալով դրական պատասխան` ՌԴ-ն 2010թ.-ին սառեցնում է ԵՍԶՈւ պայմանագիրը: 2011թ.-ին Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ դադարեցնում է պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ տեղեկությունների փոխանակումը: Նույն թվականին այդ մասին հայտարարել էր նաև ԱՄՆ-ը` որոշումը պատճառաբանելով Ռուսաստանի պահվածքով: Այս ամենը և միջազգային ռազմաքաղաքական հարաբերություններում խմորումների խորացումը Ադրբեջանի իշխանության համար խթանիչ հանդիսացան` պայմանագրի պահանջների խախտմանն ուղղված քաղաքակա նությունն ավելի խորացնելու և բացահայտ ներկայացնելու ուղղությամբ:

Միջազգային կառույցները լռում են

Հայաստանը ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների իրականացման առումով մշտապես ցուցաբերել է դրական արդյունքներ: Երբևէ չի գրանցվել պայմանագրի խախտման որևէ դեպք: Ադրբեջանը, օրինակ, 2007-2011թթ. պայմանագրով սահմանափակվող սպառազինություններից հինգ կատեգորիաներից երկուսում ակնառու խախտումներ է թույլ տվել (թույլատրվելիք 220 տանկի և 285 հրետանային սարքերի փոխարեն ունեցել է 381 տանկ և 425 միավոր հրետանի): Ներկայումս ադրբեջանական տանկերի քանակն անցնում է 500-ը: Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում բազմիցս բարձրացրել է այս հարցը` նշելով, որ Ադրբեջանը Պայմանագրի անդամ հանդիսացող միակ երկիրն է, որը բացահայտ խախտում է ԵՍԶՈւՊ-ով նախատեսված պարտավորությունները: Սակայն միջազգային կառույցները մինչ օրս որևէ պատասխանատվության չեն ենթարկել այդ երկրին:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ