ԱՐՑԱԽԻՆ ՄԱՔՈՒՐ ՕԴ Է ՊԵՏՔ


 

ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դեմ է ծավալվող հանքարդյունաբերությանը, իսկ Ղարաբաղի իշխանությունները մոտ 400 լիցենզիա են տվել տարբեր գործարարների` այստեղ արդյունաբերություն զարգացնելու համար: Ի սկզբանե Արցախը եղել է գյուղատնտեսական տարածք, որում նաև գերակա է եղել պտղաբուծությունը: Շնորհիվ այս ամենի էլ` ԼՂՀ-ն մշտապես ունեցել է բնապահպանական կայունություն, այստեղ թթվածնի առատությունը մոտ է եղել համաշխարհային չափանիշներին: Բնապահպանական հրաշալի ֆոնն էլ նպաստել է երկարակեցությանը, մի շարք ծառատեսակների տարածումին: Սակայն այսօր Արցախում վտանգված են բնապահպանական խնդիրները, այստեղ ևս այսօր կանաչ տարածքները ենթարկվում են ավերման, բնական աղբյուրները վնասվում են` փոխարենը կյանքի են կոչվում նոր հանքեր, որոնք ոչ միայն բնապահպանական աղետն են դարձնում իրական, այլև նպաստում են, որպեսզի ընդերքում տեղի ունենան խոտորումներ:

Լինելով լեռնային տարածք, Արցախն, այնուամենայնիվ չի համարվել երկրաշարժաակտիվ շրջան, մինչդեռ ընդերքում տեղի ունեցող փոփոխությունները կարող են հանգեցնել սալերի խախտման, տեկտոնական ջրերի ակտիվացման: Իհարկե, այս մասին չի խոսում Արցախի հերոսը, քանի որ անհրաժեշտ են մասնագիտական եզրակացություններ և փորձաքննություններ, սակայն նրա մտահոգությունը միանգամայն հասկանալի է:

- Ես դեմ եմ Արցախի` հանքարդյունաբերական երկիր դառնալուն: Արցախի բնակիչները հայտնի էին իրենց երկարակեցությամբ և ամուր առողջությամբ: Սակայն վերջին տարիների անցուդարձը, որակյալ սննդի պակասը, առողջապահության անբավարար վիճակը բերել են կյանքի տևողության կրճատման: Այսօր այս ամենին ավելանում է նոր մարտահրավեր` բնապահպանական խնդիրները: Արցախը հնարավորինս զերծ պետք է մնա սեփական ընդերքի օգտագործումից, շեշտը պետք է դրվի գյուղատնտեսության զարգացման, էկոլոգիապես մաքուր այլ ճյուղերի զարգացման վրա: Հարկավոր է ամրագրել ԼՂՀ տնտեսության բնապահպանական ուղղվածությունը` որպես տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը` էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության և իրացման, հանգստյան գոտիների և զբոսաշրջության խրախուսման ձևով:

Վիտալի Բալասանյանի մտահոգությունները պիտի դառնան քննարկման նյութ, որովհետև իսկապես ԼՂՀ-ում շատ բան դեպի խաթարում է տանում` այսպես ավերելով կառավարության ծրագրերը: Իսկ կառավարությունը ժամանակ առաջ հայտարարում էր, որ մեծ ցանկություն ունի տարածքը զբոսաշրջային գոտի հռչակելու: Շուշին ունի հանքային ջրեր, որոնք հանքարդյունաբերության զարգացման պայմաններում կարող են ոչնչանալ, իսկ հանքային ջրերն առանձնակի հմայք են հաղորդում զբոսաշրջային ցանկացած ծրագրի: Ուրեմն, անհրաժեշտ է, որպեսզի կանխվեն բոլոր վնասակար քայլերը, և մշակվի Արցախի զարգացման նոր ծրագիր` գերակա հռչակելով նաև զբոսաշրջությունը: Իսկ զբոսաշրջային բիզնեսի համար կարելի է գումարներ հայթայթել հենց այն սփյուռքահայերի միջոցով, ովքեր Հայաստանում կայուն եկամտի աղբյուրներ են փնտրում: Կարելի է նաև ներգրավել մոսկովյան հայկական բիզնեսի ներկայացուցիչներին` ստեղծելով հարկային արտոնություններ:

Պահելու համար Աջարիան` Վրաստանի իշխանությունները Բաթումին և Քոբուլեթին հռչակեցին զբոսաշրջային ազատ գոտիներ, այստեղ թույլ տվեցին կյանքի կոչելու տարաբնույթ ծրագրեր, ձևավորեցին օրենսդրական կայուն դաշտ` հարկային բեռնաթափումներով և ազատություններով: Կարելի է իսկապես օրինակ վերցնել հարևաններից` այսպիսով նաև քաջալերելով այն հայաստանցի գործարարներին, ովքեր իրենց բիզնեսն այսօր տեղափոխում են Վրաստան: Որքան էլ դժգոհենք նրանցից, անգամ մեղադրենք ոչ հայրենասիրության մեջ, այնուհանդերձ ցանկացած գործարարի գերխնդիրը շահույթ ստանալն է: Եվ Արցախը կարող է անօրինակ լինել շահութաբերության առումով: Ավելին, հենց այսպես նաև կարելի կլինի լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ, ԼՂՀ-ն դարձնել գոնե տարածաշրջանային տնտեսական ֆորումների անցկացման վայր…

Լ.Մ.