Ո՞ր եղանակին եք ծնվել


 

- Ասա, թե ե՞րբ ես ծնվել, և կասեմ, թե ի՞նչ է քեզ սպասվում կյանքում:

Հիմա գրեթե այս ինքնավստահությամբ են համակված նաև այն գիտնականները, ովքեր վերջերս հայտնաբերել են, որ ճակատագրում շատ բան պայմանավորված է ծննդյան ամսով: Դիցուք` երեխան լավատե՞ս, թե՞ հոռետես է լինելու, ի՞նչ հիվանդությունների հանդեպ է ընկալունակ լինելու, նույնիսկ` որքա՞ն երեխաներ է ունենալու: Հետազոտողները պնդում են, օրինակ, որ գարնանածիններն ամենավատառողջներն են, իսկ ամռանը ծնվածները` ամենաերջանիկները: Մի խոսքով, ասում են` ծննդյան ամսաթիվն ազդում է մարդու հետագա կյանքի, բնավորության վրա: Սաղմնային վիճակից սկսած և կյանքի առաջին ամիսներին մեզ վրա ազդում է շրջակա միջավայրը` եղանակը, սնունդը, սեզոնային վարակները…

Որքան էլ ճշմարտացի լինեն այս կերպ մտածող գիտնականները, միևնույն է, չի կարելի անտեսել ժառանգականության, միջավայրի ազդեցության գործոնները: Վերջին հաշվով` մարդկային բնույթը, առողջական վիճակը և բնավորությունների գծերն անկարելի է պարփակել 4 խմբերում` տարվա 4 եղանակներին համապատասխան: Այնուամենայնիվ, ծանոթանանք գիտնականների տեսակետներին. նրանք ընդհանրություններ գտե´լ են:

ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐ. Ձախլիկները մեծամասամբ լույս աշխարհ են գալիս ցուրտ ամիսներին: Ձմեռային երեխաները հաճախ նախահակվածություն են ունենում սիրտ-անոթային հիվանդությունների նկատմամբ: Բրիստոլի և Էդինբուրգի համալսարանների հետազոտողների տվյալներով` այլ ամիսներին ծնվածների համեմատ` նրանց շրջանում 24 %-ով բարձր է սրտին և անոթներին առնչվող խնդիրները: Դեկտեմբեր-փետրվարի ծնունդ կանանց մոտ շատ հաճախ բարձր է խոլեստերինը: Իսկ դա նշանակում է, որ այդ երեխաների մայրերը հղիության շրջանում պետք է ուշադիր լինեն իրենց սննդի հանդեպ:

Հոգեբանության տեսանկյունից` ձմեռը հաջողակների, նպատակասլաց մարդկանց, տաղանդավոր ու մեծ կամք ունեցող անհատների ծննդյան ժամանակն է: Այդպիսի մարդիկ աշխատունակ են, վստահ են իրենց գործողություններում. նրանց դժվար է շեղել ճանապարհից: Սրա հետ մեկտեղ` ինքնասեր և համառ ձմեռածին երեխաները վաղ հասակից փուչ պատճառներով մերթընդմերթ վիճում են ծնողների հետ, ունակ չեն ընդունել ու խոստովանել սեփական սխալները, հասակակիցների հետ դժվարությամբ են համակերպվում, որովհետև ձգտում են միշտ առաջինը համարվել: Պատանեկության տարիներին նրանք դժվարանում են ընկեր գտնել ու սիրել:

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐ. Նրանք խոցելի են` հակված մրսածությանը, ալերգիաների, կրկնվող հիվանդությունների: Նրանց պետք է կոփել փոքրուց և ուշադրության կենտրոնում պահել նրանց շրջապատող միջավայրը:

Հոգեբանները գտնում են, որ գարնանածիններն անվճռական են, հարմարվող, մտադրություններն արագ փոփոխող, շողոքորթություններից շլացող և հեշտորեն ստանձնում են այլոց կրկնողի դերը: Սրանով հանդերձ` նրանք վաղ հասակից հանդես են բերում ճկունություն, զգուշավորություն, կարողանում են ուշադիր լսել զրուցակցին: Որպես կանոն` գարնանը ծնվածները շատ հարցերում ճիշտ են կողմնորոշվում, բայց վճռական չեն իրենց կարծիքն արտահայտելու, մանավանդ` շրջապատում. չեն ցանկանում վիճել, խուսափում են առաջնորդ լինել:

Ծնողների խնդիրն է` մարտ-մայիս ամիսների ծնունդ իրենց զավակներին ինքնավստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ, սովորեցնել, որ կարևորեն իրենց անձը և պաշտպանվածության զգացողություն արթնացնեն:

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐ. Հունիս-օգոստոս ամիսներին լույս աշխարհ են գալիս լավատես ու բախտավոր երեխաներ. դա ապացուցել են Հերտֆորդշիրի համալսարանի գիտնականները: Նրանց շրջանում առավել շատ են ինքնագնահատողները, կյանքին ու բոլոր երևույթներին դրական վերաբերվողները, իրենք իրենց երջանիկ ու հաջողակ համարողները:

Հոգեբաններն ընդգծում են, որ ամառնածին երեխաները զգացմունքային են, տպավորվող, բարի, խուսափում են անհարկի աչքի ընկնել և առանձնանում են աշխատասիրությամբ: Նրանք ունակ են ռիսկի դիմել և խիզախ են:

Ծնողները պետք է պատրաստ լինեն, որ երեխան փորձելու է խնամել փողոցի կենդանիներին, իր հովանավորության տակ է առնելու իրենից փոքրերին ու պաշտպանելու է թույլ համադասարանցիներին:

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐ. Եթե ուզում եք, որ ձեր զավակը երկարակյաց լինի, նրա ծննդյան ամիս ընտրեք սեպտեմբեր-նոյեմբերը: Ավստրիայից մինչև Նորվեգիա` տարբեր երկրների ավելի քան 1 միլիոն մարդկանց շրջանում ուսումնասիրություններ կատարելով, գիտնականները պարզել են, որ մինչև զառամյալ տարիք ապրում են հիմնականում աշնանը ծնվածները: Դրան նպաստում է նրանց հավասարակշիռ բնավորությունը, հաշվենկատությունը և հանդարտ լավատեսությունը: Աշնանածինները ջանասեր են ուսման մեջ, հազվադեպ են ընդհարվում ընկերների ու ծնողների հետ, վաղ տարիքից սկսում են գնահատել փողը, դիվանագետ են և հնազանդ:

Եթե ծնողները ճիշտ ուղղորդեն նրանց ջանքերը, ապա այդ երեխաները հաջողակ կլինեն և մեծ տարիքում` աշխատանքում ու անձնական կյանքում: