ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


Այն, որ Հայոց պետականության տոները երկուսն են, դա բոլորովին էլ չի խանգարում` մեկտեղելու դրանց իրական խորհուրդն ու նշանակությունը: Ավելին, Մայիսի 28-ն ու Սեպտեմբերի 21-ը յուրօրինակ կերպով փոխլրացնում են միմյանց, իսկ տոնախմբություններին ուղեկցող ժողովրդական անթաքույց խանդավառությունն այս երկու տարելիցների` հասարակական գիտակցության մեջ ձգած խորն արմատների փաստն է արձանագրում: Հետևաբար, անհիմն ու անիմաստ են վերջին շրջանում առանձին քաղաքական շրջանակների կողմից «հանդիպակաց» բոլոր տարելիցները ակամայից թե միտումնավոր շփոթի վերածելու փորձերը: Նման մի քանի փորձերն արդեն լավագույնս փաստել են, որ տոների քաղաքականացումն առաջին հերթին դրանց հեղինակների համար է անհարմար վիճակ ստեղծում: Նախագահի ընտրություններում հանրության առանձին հատվածի, իսկ իրենց կարծիքով` մեծամասնության համակրանքը շահած Լ. Տեր-Պետրոսյանի թիմը մի քանի անգամ այդպես յուրովի ներկայանալով` տոնական կամ սգո տարելիցների` ակնհայտորեն, գոնե քաղաքականապես, ինքնամեկուսանում է: Ասել է թե` արդեն ավանդույթի ուժով թիմն ու համակիրների նոսրացած շարքերը հնարավորն անում են` տվալ պահին տվյալ միջոցառման մասնակիցների ապաքաղաքական զանգվածից իրենց առանձնաց վածությունն ընդգծելու համար: Միգուցե դա պատահականությունների կարելի էր վերագրել, ինչ-ինչ պայմանականություններից ելնելով` մեկնաբանել, եթե ժողովրդից առանձին, թիմով միասնական երևալու փորձերն ուղղակիորեն չհաջորդեին իրար: Ընդ որում, նման թիմային ներկայացումները քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից առաջին հերթին ձեռնտու չեն հենց իրեն` Լևոն Տեր-Պետրոսյանին: Նախ` Կոնգրեսի ստեղծման վերաբերյալ մեկ ամիս առաջ արված խոստումնալից հայտարարությունը նման միջոցառումներում դրսևորվում է ընդամենը մի քանի հարյուր մասնակիցների ներկայությամբ` լրջորեն հարցականի տակ դնելով իշխանության իրական հակակշիռ դառնալ ձգտող թիմի ներուժն ու ծանրակշիռ դերակատարությամբ կուսակցություն ստեղծելու հեռանկարները: Բացի այդ, պակաս կարևոր չէ նաև առաջին Նախագահին, այսպես կոչված, տնային կալանքի ենթարկած լինելու մասին տարածված լուրը: Արդեն ավելի քան երեք ամիս` սկսած մարտի 1-ից, Նախագահի պարտված թեկնածուն ինչ-ինչ նկատառումներով բողոքում է իր ազատության ու իրավունքների սահմանափակման «փաստից»… Բայց մյուս կողմից էլ ուզած պահին պատկառելի շքախմբով Լ. Տեր-Պետրոսյանը հայտնվում է սրտի ուզած կամ, ինչպես վերևում նշեցինք, այս կամ այն համաժողովրդական տոնակատարության իրադարձությունների կենտրոնում, շրջում ու հարցազրույցներ տալիս, ձայնակցում ավանդական դարձող կոչերին և այլն: Մի տեսակ սպասողական իրավիճակ է ստեղծվել արմատականների ճամբարում: Ակնհայտորեն սեփական գոյության մասին ժամանակ առ ժամանակ դրսևորվող հիշեցումները ավելի շատ ուղղված են ԵԽԽՎ` Հայաստանի վերաբերյալ սպասվող որոշմանը: Այն, բացասական ակորդով եզրափակվելու դեպքում, արմատականներին մեծ հաշվով ոչինչ էլ չի տալու… Չի փոխվելու ոչ ներկայում գոյություն ունեցող ավելի քան հանդարտ քաղաքական իրավիճակը, ոչ էլ ընդդիմության ընտրություններում պարտվածի կարգավիճակը: Բայց, սրանով հանդերձ, նախատեսվող հանրահավաքի արդեն ընտրված օրվա` հունիսի 20-ի հետ Լ. Տեր-Պետրոսյանի թիմն, այնուամենայնիվ, ինչ-որ հույսեր դեռ կապում է: Այլապես ԵԽԽՎ որոշումն ու երկար ընդմիջումից հետո նախատեսվող միտինգն առնվազն ժամանակային առումով այդչափ սերտորեն չէին առնչվի միմյանց: