ԽԱՌՆԱՇՓՈԹ. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ՞ ԱՐԴՅՈՔ


Խառնաշփոթ գոյականը բառի ամենալայն իմաստով այսօր լավագույնս բնորոշում է ՀՅ Դաշնակցության ներսում ստեղծված իրավիճակը: Եվ որքան էլ դաշնակցական ավանդական գաղտնապահության արդյունքում լրատվության արտահոսքը զուսպ լինի, այդուհանդերձ, խիստ ընդհանրական հայտարարություններն անգամ վկայում են, որ ինչ-որ բան այս քաղաքական ուժի ներսում, այնուամենայնիվ, կատարվում է: Ինչ խոսք, կուսակցության վերնախավը տեղի ունեցող գործընթացների հանդեպ անտարբեր չէ: Բնականաբար: Վահան Հովհաննիսյանի` «Նախարարներ չեն ծնվում, նախարարները դառնում են» մեղմիկ հիմնավորման հետ, որքան էլ դժվար լինի չհամաձայնելը, միևնույն է, ինչպես դաշնակցական նախարարների` կուսակցական բյուրոյի անդամ ընտրվելու գործընթացն էր անսպասելի, նույնքան էլ` գործադիրում զբաղեցրած պաշտոններից հրաժարականները: Վերջին հաշվով, կառավարությունը նոր-նոր է կազմավորվել, և հավերժ նախարար աշխատելու համար աշխարհ չեկած Ա. Վարդանյանին, Դ. Լոքյանին և Լ. Մկրտչյանին կարելի էր պարզապես չընդգրկել նորակազմ կառավարությունում: Այլ հարց է, եթե նախարարների պաշտոնանկութ յունն ավելի վաղ էր նախանշվել, և կուսակցական ընդհանուր ժողովն էր այս դեպքում այն հարմար միջոցը, երբ կարելի էր վաղօրոք ծրագրվածը վերջապես «կյանքի կոչել»: Չէ՞ որ կուսակցության պաշտոնական ձևակերպմամբ` իրականում ոչինչ էլ չի պատահել. մարդիկ ընտրվել են բյուրոյի անդամներ, իսկ կուսակցության խստականոն կանոնադրությունը նման դեպքերում ուրիշ համատեղումներ չի հանդուրժում: Սակայն, անկախ այս ամենից, փոփոխությունն ինքնին մի շարք անհարմարություններ է ստեղծում կոալիցիոն գործընկերների համար: Մի՞թե ՀՅԴ-ն կուսակցական ժողովի շրջանակնե րում միայն բացահայտեց, որ ի սկզբանե խնդիր էր դրվել թարմ ու գործունյա կադրերով նոր կառավարության կազմում ներկայանալ. մի՞թե պաշտոններից հեռացած նախարարների եռյակը անցնող տարիներին յուրաքանչյուրն իր տեղում այնպես և այնչափ է փայլել, որ ուղղակի սրբապղծության պես մի բան կլիներ նրանց երկու ամիս առաջ նորերով փոխարինելու մասին մտածելը: Ավելին, կատարվածն իբրև կուսակցական շարքերի աննահանջ պայման ձևակերպմամբ հրամցնելը նույնպես չի կարող տրամաբանության շրջանակներում տեղավորվել: Հեռվից անգամ պարզ է, որ ՀՅԴ վերնախավը տարիներ շարունակ ցանկացած հարցում վարվել է այնպես, ինչպես ցանկացել է: Ընդ որում, հեղափոխականները երբևէ ոչ վճռականության պակաս են ունեցել, ոչ էլ դա երբևէ թաքցրել են փորձել: Եվ այստեղ բացարձակապես նշանակություն չունի, թե խոսքը իշխանության հետ համագործակցությա՞նն է վերաբերում, թե՞ բոլոր տիպի ընտրություններից առաջ այդ նույն իշխանությանը քննադատելուն: Այս պարագայում, սակայն, եթե իշխանությանը մաս կազմելը, պատասխանատվության սեփական չափաբաժինը կրելը ՀՅԴ մարտավարության մաս է կազմում, ապա նոր կառավարության ձևավորումից, վերջինիս ծրագրերն-անելիքները լրջորեն ծանրութեթև անելուց հետո նման վերանայումներն, ինչ խոսք, նորություն է, տհաճ անակնկալ: Ուստիև, անհեթեթ է պնդումը, թե կոալիցիայի կազմում լինելը բոլորովին էլ չի ենթադրում, թե ընտրությունների կեղծված (՞) լինելու մասին ճշմարտութ յունը թաքցվելու է… Ստացվում է, որ Նախագահ դառնալու համար ձմեռային թեժ պայքարից հետո կոալիցիոն չափաբաժինը կարող է էապես փոխե՞լ այդ պայքարի սկզբունքայնությունը: Այդ դեպքում, էլ ի՞նչ իմաստ ունի ձայնակցել Լ. Տեր-Պետրոսյանին և փորփրելով ընտրությունների անցած-գնացած «բովանդակությունը»` ասել անապացուցելին: Խնդիրն առաջին հայացքից անկարևոր է թվում, սակայն միևնույն ժամանակ բացահայտում է այն սցենարը, որն ամիսներ շարունակ պահպանվել է` հարմար պահին ջրի երես դուրս բերելու նպատակով: Չէ՞ որ Վահան Հովհաննիսյանին որևէ մեկը չէր խանգարում ընտրություններից հետո Սահմանադրական դատարան դիմել և տեղում վերջնականապես փարատել իր բոլոր կասկածները: Բայց շտապելու կարիք չկար, քանի որ ՀՅԴ-ն ու իր թեկնածուն դեռ էն գլխից լավ գիտեին, որ նմանվելու են մութ սենյակում սև կատու փնտրողների: Եվ սա այն դեպքում, երբ սենյակում անգամ սպիտակ կատու հնարավոր չէր լինելու գտնել: Ճիշտ այնպես` երբ այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ, թե ինչ կատու անցավ ՀՅԴ վերնախավի և հնագույն դաշնակցականի` նախկին պատգամավոր և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանի միջև: Ավելի քան ընդհանուր «հակականոնադրական գործունեության համար» ձևակերպումը ոչինչ էլ չի քողազերծում: Ավելին, իր հերթին ևս ամբողջացնում է ներկուսակցական խառնաշփոթը: Կուսակցական սերնդափոխության մասին, իհարկե, խոսք չի կարող լինել, թեպետ այս խիստ պայմանական հիմնավորումը գուցեև առաջիկայում իր տեղը գտնի Դաշնակցության ներկայիս քարոզչական զինանոցում: Այնուամենայնիվ, կտրուկ քայլերի միջոցով համապատասխան ուղղություններով «մեսիջներ» ուղարկելու տաբերակը, եթե անգամ ներկուսակցական իրարանցման հնարավոր հիմնավորում կարող է ներկայացվել, միևնույն է, շոշափելի արդյունքի չի կարող հանգեցնել: Պատահաբար, թե հետաքրքիր զուգադիպությամբ, օրերս նաև նոր ոստիկանապետ նշանակվեց: Եվ նա, ինչպես հայտնի է, դաշնակցական չէ: Ասել է թե` հերթական անգամ հօդս է ցնդել ՀՅԴ ավանդական երազանքը… Մի խոսքով, արթնանալու ժամանակն է. ընդ որում` իրականությանն ամենայն սթափությամբ նայելու պայմանով: Այլապես, գուցեև ներկայիս խառնաշփոթը ՀՅԴ-ի համար այլևս անհաղթահարելի դառնա: