Ադրբեջանական դիվանագիտություն


Շաբաթ օրը` հունիսի 7-ին, Ս. Պետերբուրգում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ առնչությամբ վերջերս Ալիևն ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Նրա այս հայտարարությունը, թերևս, լավատեսություն կարող է ներշնչել: Սակայն… Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հայտարարեց, թե 1994 թ. հաստատված հրադադարից հետո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել: Իրոք, մինչ այժմ հայ-ադրբեջանական բանակցություններում ձեռք բերված միակ հաջողությունը միայն հրադադարի պահպանումն է, այն էլ` Ադրբեջանի կողմից հաճախակի խախտումներով: Չնայած Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար միջազգային հանրությանը հուսադրել են, թե հակամարտության կողմերի դիրքորոշումները մոտեցել են, և խաղաղ կարգավորումը յոթ սարի հետևում չէ, բայց նրանց առաջարկություններն ամեն անգամ մերժվել են Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից: Վերջին շրջանում հաճախ է ասվել, որ Մինսկի խմբում էլ ամեն ինչ միանշանակ չէ: Այս համատեքստում, թերևս, պատահական չէր Կազիմիրովի կողմից 1994 թվականին հրադադարի մասին բիշքեքյան համաձայնագրի հիշատակումը: Բանն այն է, որ այդ հանդիպումը և դրա արդյունքում հրադադարի համաձայնագրի ստորագրումը կայացավ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այսպիսով, հիշատակելով Բիշքեկը, Կազիմիրովն, ըստ էության, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կարևորեց Ռուսաստանի դերը: Սա, թերևս, պատասխանն է միջազգային ասպարեզում վերջերս շրջանառվող այն կարծիքին, թե ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը խոչընդոտում է Ռուսաստա նը: Ինչևէ, հունիսի 7-ին կայանալիք Սարգսյան-Ալիևի հանդիպումից առարկայական արդյունքներ, թերևս, չեն ակնկալվում: Կողմերն այսօր էլ ասում են, որ այդ հանդիպումը զուտ ճանաչողական բնույթ կկրի, ինչպիսին էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարաների հանդիպումը: Որ երկու նախագահների հանդիպումը որոշիչ չի լինի, թերևս, կարելի է վստահ լինել` դատելով Էրդողանի` Նախիջևան այցի մասին լրատվությունից: Դրանում հաղորդվում էր, որ Նախիջևանում Էրդողանը Իլհամ Ալիևի հետ պետք է քննարկի Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման հարցը, և որ այդ երկաթգծի կառուցումը կտևի շուրջ 15 տարի: Հարց է առաջանում. եթե Ի. Ալիևը տրամադրված է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով և բարելավել հարաբերությունները պաշտոնական Երևանի հետ, ապա ինչո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը մտածում Հայաստանը շրջանցող երկրորդ` Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարության մասին (առաջինը Կարս-Ախալքալաք ծրագրված երկաթգիծն է): Բացի այս, հակամարտության կարգավորման դեմ խոսող ոչ պակաս կարևոր մի հանգամանք ևս կա. Ադրբեջանի իշխանություններն ու ընդդիմությունը կարծես մրցակցում են, թե իրենցից ո՞վ է հակահայկական քարոզչության առաջատարը: Ադրբեջանում ոգևորվում են Հայաստանը արևմտյան Ադրբեջան համարելով (զառանցամիտ ցինիզմի ի¯նչ դրսևորում): Անգամ Բաքվում անհրաժեշտ են համարում Հայաստանից արտաքսված, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի արտագնա կառավարության կազմավորելը: Այս ամենը, թերևս, կարելի է ադրբեջանական զառանցանքների շարքում դասել: Սակայն, միևնույն ժամանակ այդ զառանցանքները վկայում են, որ մեր արևելյան հարևանը մտադիր չէ ապրել եվրոպական քաղաքակրթության չափանիշներով և հրաժարվել պանթուրքիզմի գաղափարախոսությունից: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին Ալիևի հայտարարությունը, թերևս, միջազգային հանրությանը խաղաղասեր ներկայանալու, քսու դիմակով նրան ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ